HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Հասնում ենք անդառնալիության կետին 

Նիկոլ Փաշինյանի՝ որպես երկրի վարչապետի գործողությունները ծանրակշռության, լրջության դեֆիցիտ ունեն: Իրավիճակը չպատկերացնելու նրա համառությունը հասարակության հիասթափությունը, անբարեհաճությունը՝ գործող իշխանության հանդեպ, մոտեցրել է անդառնալիության կետին: Պահպանել հեղինակությունը՝ հնարամտորեն կիրառելով նախկինների վերադարձի թեման, այլևս համոզիչ չէ: Մտահոգ քաղաքացիների քննադատությունը կամ զարմանքը վերագրվում է նախկինների հետ համագործակցությանը, նախանձին կամ չարակամությանը:

Հասարակությունը գրեթե ամենօրյա ռեժիմով էմոցիոնալ շոկի մեջ է: Հայտնվել ենք այն ծնողի վիճակում, որը երեխայի հետ օրը ցերեկով այգում զբոսնելիս հանդիպում է այնպիսի տեսարանների, որից ինքն է սկսում ամաչել:

Հասարակությանը խնայելու իմաստնություն և սոցցանցում պակաս ակտիվ լինելու համեստություն վարչապետը կարծես չունի: Բոլոր ոլորտների վիճակագրությունը ներկայացնելը, ընդ որում, բացառապես փայլուն ցուցանիշներով, չունի ակնկալվող ազդեցությունը: Եթե չասենք՝ հակառակը:

Հաջորդ լուրջ բացթողումը անձնական տարածքի հանրայնացումն է ու բոլորին պարտադրելը՝ գտնվել այնտեղ կյանքի բոլոր իրավիճակներում: Սա չափազանց նյարդայնացնող է և ուղղակիորեն անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա: Կա էլեմենտար ճշմարտություն՝ անձնական տարածքն անձնակա՛ն տարածք է, և քաղաքացիները պատրաստ չեն գրեթե ամենօրյա ռեժիմով վիրտուալ հայտնվել այնտեղ:

Սեփական օրակարգ պարտադրելը հիշեցնում է Սվիֆթի «Տակառի հեքիաթը», երբ անարժեք օրակարգը՝ որպես դատարկ տակառ, նետվում է օվկիանոս՝ շեղելու կետի ուշադրությունը լողացող նավից: Բայց սա մաշող միջոց է. հասարակության ուշադրությունը շեղվում է բնականոն օրակարգից՝ մարդիկ պերմանենտ էմոցիոնալ, նյարդային այնպիսի վիճակում են, որը սկսում է խանգարել արդյունավետ աշխատանքին, ապատիկ վիճակ է ստեղծում:

Հաջորդը՝ Փաշինյանն ուղղակի օժտված է իրենցից ոչինչ չներկայացնող կամ մերժված գործիչներին՝ իր իսկ վարկանիշի հաշվին, քաղաքական կշիռ պարգևել, ինչպես եղավ Ռոբերտ Քոչարյանի, Արթուր Վանեցյանի դեպքում: Նկատեցի՞ք, որ Սերժ Սարգսյանին շախմատիստների միջավայրում տեսնելն արդեն նախկին էմոցիոնալ դիմադրությունը չի առաջացնում:

Ժամանակին, երբ ԱԱԾ ղեկավար նշանակվեց Արթուր Վանեցյանը, ոստիկանապետ՝ Վալերիյ Օսիպյանը, հասարակությունը շատ բացասական արձագանքեց: Բայց երկուսն էլ՝ ի հեճուկս ՀՀ հպարտ քաղաքացիների, նշանակվեցին պաշտոնների: Այսօր արդեն Արթուր Վանեցյանը պետականամետ գործչի համբավ է վայելում, գնահատական է տալիս Փաշինյանի վարքագծին, և, պատկերացրեք, նրա խոսքն ավելի սոլիդ է ընկալվում, քան այն արձագանքը, որը հնչում է Հայաստանի թիվ մեկ առանձնատնից:

Ռոբերտ Քոչարյանն էլ դարձել է այն առանցքը, որի կալանավորման ինֆորմացիոն առիթի շուրջ համախմբվում են նախկինները:

Անուղղակիորեն քաղաքական ծանրություն է ստանում նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Իրավիճակն այնպիսին է, որ ընտրությունների ժամանակ կամ դրանից էլ առաջ, դիցուք, ռուսաստանյան օլիգարխների հայտնվելը ներկայանալի դեմքերի միջոցով պակաս դիմադրության կհանդիպի:

Իր անձի մասին ունենալ ուռճացված պատկերացում. սա ևս Նիկոլ Փաշինյանի մեծ բացթողումներից մեկն է: Կառավարության նիստերին նրա երկարաշունչ մենախոսությունը փողոցում թքելու կամ ծխախոտի մնացորդը նետելու, ոսկեզօծ աթոռների ու անմաքուր զուգարանակոնքերի թեմայով, նման է մանկապարտեզի երեխաներին բացատրելու՝ ինչն է լավ և ինչը՝ վատ: Վատ տոն է այդքան մարդու աշխատանքից կտրելն ու ստիպել, որ աչքերը անհարմարությունից խոնարհած՝ լսեն նման բովանդակությամբ ելույթներ. «ՊԵԿ նախագահի հետ մի գաղափար եմ քննարկել…, որ հնարավոր լինի ՀԴՄ կտրոն չթողարկող քաղաքացիներին տեսագրության հիման վրա հարկային մարմինն իրականացնի վարչական վարույթ։ Ես կարծում եմ՝ սա ճիշտ գաղափար է, պետք է գնանք այս ճանապարհով, որովհետև խոսքը ազգային հարստության մասին է»,- Կառավարության նիստին ոգևորվում է Փաշինյանը: ՊԵԿ-ից, Արդարադատության նախարարից հնչող նրբանկատ հիմնավորումները, թե դա այնքան էլ աշխատող գաղափար չէ, որը պարզ լեզվով նշանակում է՝ «Ներեցեք, բայց սա բացարձակ անհեթեթ հրահանգ է», վարչապետը պատրաստ չէ լսել: «Կներեք, իզուր եք պատմում այդ ամեն ինչը, ձեր աշխատանքային խնդիրն է, պետք է լուծել, գնացեք լուծեք։ Իմ դրած խնդիրն այն է, որ չպետք է ՀԴՄ կտրոն չտրամադրող որևէ մեկը մնա անպատիժ»:

Ողջամիտ առարկություններին Փաշինյանի արձագանքի տոնն ասում է. «Եթե այդքան խելոք եք, դուք անեիք հեղափոխությունը»:

Ինչ վերաբերում է նրա քաղաքական թիմին, որի «սերուցքը» ԱԺ-ում է, ապա օրենսդիր այս կառույցը ի վիճակի չէ վերահսկել կամ սաստել Փաշինյանին, քանի որ ԱԺ-ում հայտնվելու համար պարտական է բացառապես նրան: Որևէ անհարմար հարց, որ ամեն օր հնչեցնում են քաղաքացիները իրենց տներում, ԱԺ-ում ոչ ոք չի տալիս: Բոլորն «անվերապահ աջակցում են» վարչապետին: Այս ԱԺ-ն շարունակում է մնալ որպես «Նիկոլի թիմ», որի անդամները բարձր աշխատավարձն ու պարգևավճարները համարում են վաստակած աշխատանքի պտուղներ:

Պետք է շտապ վերընթերցել Սվիֆթ. համոզված ես, թե հսկա ես, ու մեկ էլ հանկարծ պարզվում է՝ լիլիպուտ ես:

Մեկնաբանություններ (3)

Լիլիթ Ավագյան
Հարգելի Սամվել Հովասափյան, շնորհակալություն Ձեր արձագանքի և տեղին դիտողության համար: Անպայման հաշվի կառնեմ և կփորձեմ հայարեն համարժեքները կիրառել:
Իգոր
Հետաքրքիր ու ճիշտ վերլուծություն է: Ինչ վերաբերվում է օտար տերմիններին՝ հիմա դրանց պակասը չունենք, ամենուր լսում ու կարդում ենք, երևի նման կերպ փորձում են ընդգծել նյութի, ասելիքի կարևորությունը, ցույց տալ, որ ժամանակակից են ու գրագետ, մեծ հաշվով դա կոնկրետ իմ համար երկրորդական է, քանի որ առաջնային եմ համարում բովանդակությունը, այլ ոչ թե ձևը...
Սամվել Հովասափյան
Ուշագրավ և տեղին քննադատություն է, սակայն հետևյալ օտար բառերը խանգարում են ընթերցողին։ դեֆիցիտ, էմոցիոնալ շոկի, էլեմենտար, պերմանենտ էմոցիոնալ,, սոլիդ, ինֆորմացիոն․․․ Ուղղակի անհասկանալի է, թե ինչո՞ւ Հայաստանի լրագրողների մոտ միտում կա, անպայման օտար բառեր գործածել, թե՞ դա անխնամ և անփույթ վերաբերմունքի արդյունք է, հայոց լեզվի նկատմամբ․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter