HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անդրադարձել է սոցիալական ապահովության նոր համակարգի ներդրմանը

Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, Կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով պայմանավորված: Օրենքով՝ սահմանվել է, որ թաղման նպաստ է վճարվում նաև հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` 3 ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը անձի մահանալու դեպքում: Սահմանվել է նաև, որ ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանքը կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից 6 ամիս հետո ներկայացվելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է գրավոր դիմելու օրվանից: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել վերանայել կառավարության համապատասխան որոշումը և փոփոխել նոր իրավակարգավորումներին առնչվող դրույթները: Որոշմամբ լուծում է տրվել նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների: Մասնավորապես` հստակեցվել է, որ hաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստն ստանալու իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում հաշմանդամության նպաստի վճարումը վերականգնվում և նպաստը վճարվում է մյուս ծնողին, եթե այդ ծնողն իր գրավոր դիմումը և մահացած ծնողի մահվան վկայականը ներկայացրել է տարածքային բաժին: Հստակեցվել է նաև, որ նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու համար անձը կարող է ներկայացնել նաև նպաստառուի մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը` վավերացված ապոստիլով:

Անդրադառնալով սոցիալական աջակցության ծրագրերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անցկացվել է խորհրդակցություն սոցիալական ապահովության նոր համակարգի ներդրման վերաբերյալ: «Սոցիալական աջակցության գործող համակարգը մարդկանց, այսպես ասած, տնտեսական ակտիվության չի խրախուսում, չի դրդում: Երեկ մենք քննարկում ունեցանք և կարող ենք արձանագրել, որ առնվազն նախնական մակարդակով կոնկրետացրել ենք մեր հայեցակարգային պատկերացումները, թե ինչ պետք է անենք»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ դեռ պետք է շարունակվեն համակարգի վերջնական ձևավորման շուրջ աշխատանքները, որին, բացի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, պետք է ներգրավվեն այլ գերատեսչություններ նույնպես:

«Մենք արձանագրեցինք, որ սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան Հայաստանի Հանրապետությունում այն մարդիկ, ովքեր աշխատունակ չեն: Այսինքն՝ իրենք ունեն սահմանափակումներ, օբյեկտիվորեն այդ մարդիկ իրենք իրենց կարիքները չեն կարող հոգալ: Իսկ աշխատունակ մարդկանց մենք պետք է կարողանանք քաջալերել և համակարգային պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել, քան թե ավելի շատ շահագրգռված լինեն չաշխատել»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ սա է հայեցակարգային մոտեցումը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առաջարկվող համակարգը նախնական է, որը դեռ պետք է քննարկվի: «Առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան այն ընտանիքները, որտեղ երեխաներ կան, և առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան ընտանիքների կրթական կարիքները: Այսինքն՝ միշտ չէ, որ մենք պետք է ուղղակի մարդկանց ասենք՝ ամսական ձեզ այսքան վճար ենք վճարում, այլ շատ դեպքերում պետք է ճշգրտենք, թե այդ ընտանիքի զարգացման համար ինչ է անհրաժեշտ, որ հոգանք, աջակցենք նրանց, որպեսզի երեխաները կամ հենց թեկուզ մեծահասակները ստանան կրթություն, ստանան հմտություններ՝ մասնագիտական և այդպես շարունակ: Քանի որ դա շատ կարևոր թեմա է, և մինչև հիմա, իհարկե, զուտ աշխատանքային մակարդակում են եղել քննարկումները, կարծում եմ՝ աշխատանքին զուգընթաց մենք պետք է նաև որոշակի հանրային քննարկումներ սկսենք այս ուղղությամբ: Դա պետք է արվի, որպեսզի հանրությունը մեզ հետ զուգընթաց քայլի, որովհետև շատ դեպքերում, երբ մենք աշխատանքային մակարդակում քննարկում ենք և վերջնական ինչ-որ տարբերակ ենք մատուցում, քանի որ մտքի աշխատանքի այդ ողջ ճանապարհը զուգահեռ չի երևացել, ընկալումը միշտ չէ, որ բավարար արագությամբ է գալիս: Այնպես որ, պետք է նաև այս խնդրի մասին մտածել»,-ասել է կառավարության ղեկավարը:

Կդյուրացվի տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը

Գործադիրը հավանություն է տվել 2013 թ. հունիսի 27-ին ընդունված ««Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրն վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Պայմանագրի հիմքում ընկած են մարդու իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքները, որոնց նպատակն է ապահովել կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության այլ դժվարություններ ունեցող անձանց համար ստեղծագործությունների հասանելի ձևաչափով օրինակների մատչելիությունը: Փաստաթղթով սահմանվում են մի շարք սահմանափակումներ և բացառություններ, որոնք հնարավորություն են տալիս վերարտադրել, տարածել և մատչելի դարձնել հեղինակային իրավունքով պահպանվող ստեղծագործություններն այն ձևաչափով, որով նման խնդիրներ ունեցող անձանց համար դրանք հասանելի կլինեն: Պայմանագրում հստակ սահմանվում է, թե ովքեր են շահառուները, և ինչպիսի ստեղծագործությունների վրա են տարածվում սահմանված դրույթները: Սահմանվում են նաև այն լիազոր մարմինները, որոնք ծառայություններ են մատուցում շահառուներին: Պայմանագրով նախատեսվում է հիմնադրել «տեղեկատվության հասանելիության կենտրոն», որը հնարավորություն կընձեռի փոխանակելու համապատասխան տեղեկատվություն հեշտացնելու լիազոր մարմինների նույնականացումը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդգծել է պայմանագրին միանալու կարևորությունը և նշել, որ այն ևս մեկ շատ կարևոր քայլ է կառավարության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, նրանց ներգրավվածությունը սոցիալական և մշակութային կյանքին ապահովելու ուղղությամբ: Ըստ նախարարի՝ աշխարհում տեսողական խնդիր ունի ավելի քան 285 մլն մարդ, Հայաստանում նրանց թիվը 16 հազար է:

Արտոնություն է տրամադրվել ձիթապտղի վերամշակմամբ և արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Գործադիրը փոփոխություն է կատարել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում «Նիկոլա ինթերնեյշնլ Արմենիա» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու թույլտվության վերաբերյալ որոշման մեջ: 2002 թվականից գործող ընկերությունն առաջին փուլով ներմուծել է հումք` ձիթապտղի վերամշակման և արտադրության համար, որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 1.7 մլրդ դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 1.6 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ: Ընկերության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 15 նոր աշխատատեղ և իրականացվել 25 մլն դրամի կապիտալ ներդրում: Ընկերությունը գործունեություն է ծավալում Կոտայքի մարզում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter