HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել արժեթղթերի շուկայի հարկային փոփոխությունների օրինագծին

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Բաբկեն Թունյանի և Վարազդատ Կարապետյանի օրինագծին, որի նպատակը կապիտալի շուկայի զարգացումն է։ Խոսքը վերաբերում է մասնավոր ընկերությունների կողմից թողարկված պարտատոմսերի, բաժնետոմսերի և միջնորդական ծառայությունների հարկման մեխանիզմներին։

Ըստ այդ օրինագծի՝ նախատեսվում է արժեթղթերի հայաստանյան շուկայում ներդրումային ծառայություններն ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ), բորսայում ցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժիններն ազատել եկամտահարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից, բորսայում ցուցակված պարտատոմսերի տոկոսավճարներն ազատել եկամտահարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից, պետական դրամային պարտատոմսերից ստացվող եկամուտներն ազատել ոչ ռեզիդենտի շահութահարկից, ինչպես նաև՝ ընկերությունների կողմից եվրապարտատոմսերի թողարկման դեպքում որպես պարտադիր պայման կիրառվող փոխառությունների գծով վճարումներն ազատել ոչ ռեզիդենտի շահութահարկից։

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել այս նախագիծը՝ չնայած, որ Կառավարությունը տվել էր բացասական եզրակացություն։ «Նախագծի գաղափարը ձևավորվել է ֆինանսական շուկայի խաղացողների հետ հանդիպումների արդյունքում։ Հարկային օրենսգրքի փոփոխություններով մենք փորձում ենք ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել ներդրումային միջավայրի զարգացման համար։ Փորձ է կատարվել արժեթղթերի և ընդհանրապես կապիտալի երկրորդային շուկան որոշակիորեն աշխուժացնել»,- քննարկման ժամանակ նշեց օրինագծի համեմահեղինակ Արտակ Մանուկյանը։

Նախագծի մյուս համահեղինակ, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ միջնորդական ծառայություններին ԱԱՀ-ից ազատելու հարցում խնդիր է առաջացել Եվրամիության դիրեկտիվների հետ կապված, որը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տալիս՝ արդյոք պե՞տք էր ազատել միջնորդական ծառայությունները ԱԱՀ-ից, թե՞ ոչ։ «Մենք հանձնաժողովի անունից պաշտոնապես դիմել ենք Եվրամիությանը։ Ստացել ենք պատասխան, որտեղ նշվում է, որ դա, ըստ էության, տվյալ երկրի որոշելիքն է։ Այսինքն՝ այստեղ կանոնների որևէ խախտում չկա»,- նշեց պատգամավորը։

Ըստ նրա՝ միջնորդական ծառայություններ մատուցողների համար խնդիրն ավելի շատ ոչ թե ԱԱՀ-ի չափն է՝ 20 %-ը, որքան այն ամբողջ «գլխացավանքը», որն առաջանում է այդ հարկի առկայության պարագայում։ «Այսինքն՝ եթե որևէ պոտենցիալ ներդրող ցանկանում է հայկական արժեթղթերի մեջ ներդրումներ անել և դիմում է որևէ միջնորդական ծառայության, այդ հարկի առկայությունը նրան ստիպում է որոշակի ծախսեր կատարել, և հաճախ այդ ծախսերը մի քանի անգամ գերազանցում է բուն հարկի գումարը։ Այդ կարծիքը մենք լսել ենք ոչ միայն շուկայի խաղացողներից, այլև՝ հենց ֆինանսական ոլորտը կարգավորող մարմինների ներկայացուցիչներից»,- նշեց Բաբկեն Թունյանը։

Ըստ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի՝ նախագծի որոշ կետեր առաջիկայում կարող են խմբագրվել։

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի Ազգային ժողովում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter