HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վերջին երեք տարում 39 մարդ է մահացել աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հետևանքով

2017-2019 թվականներին աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հետևանքով 39 մարդ է մահացել Հայաստանում։ Նույն ժամանակահատվածում աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու 124 դեպք է գրանցվել։ Այս տվյալները «Հետք»-ին փոխանցել է ոստիկանությունը։

Ոստիկանության հաղորդմամբ՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հետևանքով 2019 թվականին 14 մարդ է մահացել, իսկ աշխատանքի պաշտպանության կանոնների խախտման 33 դեպք է գրանցվել։

2017 թվականի համեմատ նվազել են աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու դեպքերը, սակայն աշխատակիցների մահվան դեպքերը չեն կրճատվել։

Մենք ոստիկանությունից խնդրել էինք նաև առանձնացված վիճակագրություն՝ մասնագիտական հիվանդության, աշխատանքային խեղում ստանալու վերաբերյալ և այն կազմակերպությունների անվանումները, որոնց աշխատակիցները խեղում են ստացել՝ աշխատանքային ժամին կամ աշխատանքային ոչ պատշաճ պայմանների հետևանքով։ Սակայն ոստիկանությունից հայտնել են, որ մասնագիտական հիվանդություն և աշխատանքային խեղում ստանալու հանգամանքով ոստիկանություն դիմած անձանց, ինչպես նաև խեղում կամ հիվանդություն ստանալիս նրանց աշխատած կազմակերպությունների վերաբերյալ տվյալներ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում չեն հաշվառվում։

Չի բացառվում, որ աշխատակիցները վնասվածքներ են ստացել աշխատավայրում՝ աշխատանքային կանոնները խախտելու հետևանքով, սակայն չեն դիմել ոստիկանություն կամ բուժկենտրոնում թաքցրել են դեպքի իրական պատճառները։ Հետեւաբար, դեպքը չի հաշվառվել պետական որևէ հաստատությունում։

Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի ծախսերը փոխհատուցվում են։ Դրանք տրվում են տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն ունեցող անձանց։ Օրինակ՝ 2018 թվականին այդ ծախսերը կազմել են 135 մլն դրամ։

Դառնալ անգործունակ և չստանալ վնասի փոխհատուցում

Հաճախ մասնագիտական հիվանդություն կամ խեղում ստացած աշխատակիցները պարտադրված են լինում իրենց առողջությանը պատճառված վնասը ստանալ դատական կարգով։ Օրինակ՝ զոդող Իշխան Աբրահամյանը։

Նա արդեն երկու տարի պայքարում է «Արամ-Շին 2007» ընկերության անփութության հետևանքով առողջությանը պատճառված վնասի փոխհատուցումը ստանալու համար։ Աբրահամյանը մարմնական վնասվածքներ է ստացել 2017թ. մայիսի 10-ին՝ Բյուրեղավան քաղաքի ճենապակու գործարանի տարածքում աշխատելիս։

Այդ օրը Իշխան Աբրահամյանը, փայտե աստիճանի վրա կանգած, 6 մ բարձրությամբ կիսաքանդ շինության տանիքի ծածկի սալը կտրելիս է եղել, երբ վերևից քարն ընկել է աստիճանի վրա: Աստիճանը կոտրվել է, եւ Աբրահամյանը վայր է ընկել, մարմնական վասվածքներ ստացել։

«Ես իրավունք չունեի փայտից աստիճանի վրա բարձրանալ այդքան բարձր՝ համարյա 6 մետր, բացի այդ՝ վերևում պետք է պահող լիներ։ Իսկ ես գործը մենակ էի անում»,-«Հետքին» պատմեց Իշխան Աբրահամյանը։

Աշխատավայրից Աբրահամյանին տեղափոխել են Բյուրեղավանի հիվանդանոց, ապա՝ Երևան։ Նա վերակենդանացման բաժանմունքում օրեր շարունակ բժիշկների հսկողության տակ է եղել, մոտ 20 օր հիվանդանոցում ստացիոնար բուժում ստացել։ Իշխան Աբրահամյանի մոտ ախտորոշվել է գանգուղեղային պոլիտրավմա, ձախ ոտքի և ձեռքի կոտրվածք։

Ըստ հանրապետության տարածքում գործող հանրապետական և միջպետական շինարարական նորմերի (ՍՆԻՊ III-4-80)՝ շինարարական հրապարակում գտնվող բոլոր անձինք պարտավոր են կրել պաշտպանիչ սաղավարտներ։ Իսկ հենովի սանդուղքի վրա 1.3 մետր ու ավել բարձրության վրա գտնվելիս աշխատակիցը պետք է աշխատի միայն անվտանգության ապահովիչ գոտիով ամրակապված վիճակում:

Այնինչ Իշխան Աբրահամյանը չի ունեցել պաշտպանիչ միջոցներ, աշխատելիս չի ամրակապվել անվտանգության ապահովիչ գոտիով։ Ասում է՝ գործատուն իրեն այդ միջոցները չի հատկացրել։

Իշխան Աբրահամյանը «Արամ-Շին 2007» ընկերությունում աշխատել է մեկուկես ամիս։ Այդ ընկերություն ժամանակավոր է տեղափոխվել՝ լրացուցիչ եկամուտ ստանալու համար և գրանցված աշխատող չի եղել։

Անգամ աշխատած մեկուկես ամսվա գումարը չի վճարվել, թեև աշխղեկը խոստացել է օրական 15 000 դրամ վարձատրել։ Աշխատավարձի վարձատրությունը ձգձգել է՝ պատճառաբանությամբ, որ միանգամից կվճարի։ Իշխան Աբրահամյանը չի մտահոգվել։

Աբրահամյանն, ընդհանուր առմամբ, միայն ՀԴՄ կտրոններով 1 մլն 800 հազար դրամի բուժման ծախս է կատարել: Սակայն ընկերությունը փոխհատուցել է 800 հազար դրամ։

«Մինչ 2018 թվականի մայիս, ստիպողաբար 10-20 հազար դրամով գումար էր տալիս։ Երբ քննիչը կանչում էր նրանցից մեկնումեկին նեղում էր, բերում էին մի քիչ գումար էին տալիս։ Ասում էին՝ ծախսերը դու արա, մենք կտանք։ Արեցի, արեցի, վերջում լրիվ հրաժարվեցին»,- պատմեց Իշխան Աբրահամյանը։

Չկարողանալով համաձայնության գալ և ստանալ ծախսերի փոխհատուցումը՝ Իշխան Աբրահամյանը դիմել է դատարան։ Նա ընկերության աշխղեկ Արտակ Գալստյանից պահանջել է 750 հազար դրամ բուժման համար կատարված փաստացի ծախսերի փոխհատուցում և 5.160.000 դրամ` որպես չստացված աշխատավարձի գումար։

Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանն Արտակ Գալստյանին մեղավոր էր ճանաչել աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու համար, որի հետևանքով անձի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս։

Նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 300.000 դրամի չափով, բացի այդ՝ որոշվել էր նրանից հօգուտ Իշխան Աբրահամյանի բռնագանձել 250 հազար դրամ՝ որպես պատճառված վնասի փոխհատուցում:

Սակայն, Աբրահամյանը վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարան, քանի որ իր պահանջները մասնակի են բավարարվել: Վերաքննիչ դատարանը որոշել է գործը նորից ուղարկել քննության առաջին ատյանի դատարան, քանի որ գործի քննության ընթացքում դատարանը խախտումներ է թույլ տվել։

Արտակ Գալստյանն էլ իր հերթին բողոքարկել է վերաքննիչ դատարանի վճիռը։ Վճռաբեկ դատարանն օրեր առաջ արդարացրել է Արտակ Գալստյանին, իսկ Իշխան Աբրահամյանի առողջությանը պատճառված վնասի հարցը պետք է լուծվի քաղաքացիաիրավական հարթությունում։

Իշխան Աբրահամյանը մինչ օրս շարունակում է բուժումը և ստացած վնասվածքների պատճառով չի կարողանում աշխատել. վնասված ոտքը չի կարողանում ծալել, քանի որ կոնքից մինչև ծունկ երկաթ է դրված։ 

Որ ոլորտներում է ամենից շատ մահ գրանցվում

Առավել մանրամասն վիճակագրություն արտադրություններում դժբախտ պատահարների վերաբերյալ վարում է Ազգային վիճակագրական կոմիտեն։ Կոմիտեն այս ոլորտի վերաբերյալ ամփոփ վիճակագրություն հրապարակում է տարեկան մեկ անգամ, այդ պատճառով 2019 թվականի դժբախտ պատահաների վերաբերյալ տեղեկատվություն դեռևս հրապարակված չէ։ Սակայն, ոստիկանության և կոմիտեի՝ արտադրություններում դժբախտ պատահարների տվյալները տարբերվում են։ Ինչպես Ազգային վիճակագրական կոմիտեից պարզաբանեցին, պատահարների տվյալներն իրենց փոխանցում են կազմակերպությունները։

Ոստիկանությունում տվյալները հավաքագրվում են այն պարագայում, երբ դեպքի վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Համեմատելով ԱՎԿ-ի 2017-2018 թվականների արտադրական դժբախտ պատահարների մարզային տվյալները՝ պետք է նշենք, որ առավել շատ դեպքեր գրանցվել են Սյունիքի մարզում՝ հանքագործական արդյունաբերության, բացահանքերի շահագործման ոլորտում։ Նշենք, որ ամենամեծ թվով մետաղական հանքերը գործում են Սյունիքում։

Վիճակագրական կոմիտեի 2018 թվականի հրապարակումից պարզ է դառնում, որ հանրապետությունում գործող կազմակերպություններում արձանագրվել է 42 արտադրական դժբախտ պատահար, որոնց հետևանքով մահացել է 9 աշխատակից։ Այդ տարի ամենաշատ արտադրական պատահարները գրանցվել են Սյունիքում՝ 17 դեպք, նույնքան տուժած և 3 զոհ։

Քիչ չեն պատահարները նաև մշակող արդյունաբերության ոլորտում։ 2018-ին 6 աշխատակից մահացել է մշակող արդյունաբերությունում աշխատելիս։ Թեև զոհերի թվով առանձնացել է այս ոլորտը, բայց ամենաշատ արտադրական պատահարները գրանցվել են հանքագործական արդյունաբերության և բացհանքերի շահագործման ոլորտում․ 20 դեպք, որոնց հետևանքով մահացել է 3 աշխատակից։

2017 թվականին ևս այս ոլորտներում դժբախտ պատահարները գերակշռել են։ 

Էդուարդ Փահլևանյան. «Փոքր հանքերում աշխատանքային անվտանգ պայմաններ չկան»

«Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության» նախագահ Էդուարդ Փահլևանյանի դիտարկմամբ՝ աշխատակիցների աշխատանքային անվտանգությունը պետք է ապահովվի ոչ միայն օրենքների և գործատուների պարտադրմամբ, այլև աշխատակիցները պետք է իրենց անվտանգության կանոնները իմանան և գործարկեն։

Էդուարդ Փահլևանյանի գնահատմամբ՝ հանքարդյունաբերության ոլորտը դժբախտ պատահարների գրանցման առումով ռիսկային է, քանի որ աշխատողները գործ են ունենում ծանր մետաղների, քիմիական նյութերի և փոշու հետ․ «Հանքարդյունաբերության ոլորտն արդեն իսկ ռիսկային է։ Դրանից ելնելով՝ ասել, որ 100 տոկոսանոց բոլորն էլ ապահովված են վթարային դեպքերից, չի կարելի, հատկապես, երբ կան փակ հանքեր։ Փոքր հանքերում, որտեղ 20, 30, 50 աշախատող կա, շատ դժվար է աշխատանքային անվտանգության կանոններն ապահովել և ստուգել, առողջությանը պատճառված վնասի փոխհատուցումներ չկան, աշխատանքային անվտանգ պայմաններ չկան»,- ասում է Էդուարդ Փահլևանյանը։

Հաշվի առնելով իր աշխատանքային այցերը՝ նա ընդգծում է, որ հանքարդյունաբերության ոլորտում աշխատողներն ապահովված են անվտանգության միջոցներով։ «Միանշանակ չենք կարող ասել, որ գործատուն է մեղավոր, որ մահացության դեպքեր են լինում։ Մեղավորություն կա, բայց չեն կարող նրանք ամեն վայրկյան ստուգել, դեպքերը լինում են նաև մարդկային գործոնի հետևանքով»,- ասում է Էդուարդ Փահլևանյանը: 

Մասնագետն աշխատանքային պայմանների ապահովման, աշխատակիցների անվտանգ միջավայրի երաշխավորման համար կարևորում է Աշխատանքի պետական տեսչության գործունեության վերականգնումը։ Ասում է՝ այդ պարագայում տեսուչը կարող էր ցանկացած ժամանակ մուտք գործել աշխատավայր և ստուգումներ իրականացնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter