HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստին դատավորը լրագրողներին արգելեց անգամ ձայնագրություն իրականացնել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի այսօր շարունակվեց «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի» հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի վերաբերյալ կաշառքի գործով դատական նիստը:

Մինչ դատական նիստի մեկնարկը դատարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում մայրերը, որոնք կորցրել են իրենց երեխաներին ու դրանում մեղադրում են Ռազմիկ Աբրահամյանին:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կալանավորել Աբրահամյանին: Երբ Ռազմիկ Աբրահամյանը եկավ դատարան, լրագրողները փորձեցին երեխաների ապօրինի որդեգրման գործի հետ կապված հարցեր ուղղել նրան: Աբրահամյանը պնդեց այն, ինչ նախկինում ևս ասել էր. ծննդատները կապ չունեն երեխաների որդեգրման հետ: Հարցին՝ դուք հերքո՞ւմ եք, որ երեխաներին վաճառել եք, Աբրահամյանը պատասխանեց, որ իրեն ավելորդ հարցեր չտան: Դատական նիստի մեկնարկին Արսեն Դավթյանի պաշտպան Երեմ Դավթյանը խնդրեց հստակեցնել, թե արդյոք լրագրողները կարո՞ղ են տեսանկարահանում և ձայնագրություն իրականացնել:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ քննության այս փուլում, երբ դատարանում հետազոտվում են հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները, լրագրողները տեսանկարահանում և ձայնագրություն իրականացնել չեն կարող:

Լրագրողների դիտարկմանը, որ Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում կարգ, որով նրանց կարգելվի դռնբաց քննվող դատական նիստը ձայնագրել, պնդումները, որ այդ արգելքով խոչընդոտվում է լրագրողների աշխատանքն, ապարդյուն անցան:

Հիշեցնենք, որ Արսեն Դավթյանն, ըստ մեղադրանքի, հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար: Այսպես, Արսեն Դավթյանը, 2018 թվականի մայիսի 23-ից զբաղեցրել է առողջապահության փոխնախարարի պաշտոնը, մշտապես իրականացրել կազմակերպչական, տնօրինական, վարչատնտեսական գործառույթներ:

Որպես առողջապահության նախարարի տեղակալ՝ Դավթյանը լիազորված է եղել նաև իր համակարգած ոլորտի վերաբերյալ նախարարին ներկայացնել առաջարկներ: Դավթյանն առողջապահության նախարարի համապատասխան հրամանների համաձայն ի պաշտոնե համակարգել է նաև մոր և մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքներն ու առողջապահական համակարգի՝ նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները:

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հունվարից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակատվածում, «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը Դավթյանին առաջարկել է կաշառք՝ նյութական առավելություն ստանալու դիմաց, վերջինիս պաշտոնեական դիրքն օգտագործելով, ծառայության գծով իրեն ցուցաբերել հովանավորչություն և պարբերաբար նպաստել իր օգտին որոշակի գործողություն կատարելուն, այն է՝ նպաստել առողջապահության նախարարի հրամաններով իրականացվող իր ղեկավարած կազմակերպության՝ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» 2019 թվականի պետական ֆինանսավորումը 2018-ի բյուջեի համամատ հնարավորին քիչ կրճատելուն, ապա 2019 թվականի ընթացքում ֆինասնավորման չափը ավելացնելուն, գինեկոլոգիական վիրահատությունների համավճարի չափը չնվազեցնելուն, աշխատավարձային և բոնուսային վարձատրության մասնաբաժինները պետական պատվերի շրջանակներում փոփոխելուն և վերաբաշխելուն:

Ընդունելով Աբրահամյանի առաջարկը՝ Դավթյանն, ըստ մեղադրանքի, նրա օգտին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստել է նաև «Մանկաբարձական բժշկական օգնություն» ծառայությունների ծրագրի «հղիության պաթոլոգիայի» բաժնում Աբրահամյանի ղեկավարած կազմակերպության 2019 թվականի ֆինանսավորումը հնարավորինս քիչ՝ 240 մլն դրամի փոխարեն շուրջ 110 մլն դրամ կրճատելուն և միջոցներ ձեռնարկել կազմակերպության աշխատավարձային բոնուսային վարձատրության մասնաբաժինները պետական պատվերի շրջանակներում փոփոխելուն և վերաբաշխելուն: Պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի մարտի 30-ին Աբրահամյանը Դավթյանին վերջինիս աշխատասենյակում տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարը` 3000 ԱՄՆ դոլար: Այսպիսով` Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենքգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ առանձնապես խոշոր չափով կաշառք տալը: Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալը:

Լուսանկարը՝ med-practic.com-ի

Մեկնաբանություններ (1)

Yerevan2800
հենց դատավարական գործընթացների Ռազմիկ Ա-ի նկատմամբ զարգացումներ են ստանում, այդ թվում տարբեր գործերով, հանկարծ նա հիշեց որ առողջական խնդիրներ ունի, 14.01-ին դիմել է կոնկրետ բուժհաստատություն բուժվելու նպատակով, շուտով այդ մասին կասի, որպես մեղմացուցիչ հանգամանք, սպասեք կիմանաք,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter