HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Սննդի օբյեկտներն ավելի բարձր են տուգանվում, քան մյուսները. ինչու է կառավարությունը մերժում տուգանքները նվազեցնելու առաջարկը

Հայաստանում հսկիչ-դրամարկղային մեքենա (ՀԴՄ) չունենալու կամ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար գործող տուգանքներն, ըստ ոլորտների, անհամաչափ են։ Մասնավորապես, հանրային սննդի կազմակերպման ոլորտում տուգանքներն էականորեն ավելի բարձր են, քան մյուս ոլորտներում։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանը, Արտակ Մանուկյանն ու Բաբկեն Թունյանն ավելի վաղ նախագիծ էին ներկայացրել՝ առաջարկելով հանրային սննդի ոլորտում տուգանքները հավասարեցնել մյուս ոլորտներին։ Կառավարությունը, սակայն, բացասական եզրակացություն է տվել նախագծին. համարում են, որ տուգանքների նվազեցումը ռիսկային է ու կարող է հարկատուների վարքագծի վրա բացասաբար ազդել։ Մինչդեռ, ոլորտի փորձագետների մի մասը համոզված է, որ տուգանքների անհամարժեքությունն այս պահին արդարացված չէ։

«Ներկայացրել էինք Հայաստանի հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Սննդի օբյեկտների նկատմամբ տուգանքների չափն այսօր մի քանի անգամ ավելի բարձր է, քան մնացած տնտեսավորղ սուբյեկտների նկատմամբ։ Օրինակ՝ եթե ՀԴՄ-ն գրանցված չէ, կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, նոտարները տուգանվում են 300 հազար դրամի չափով, իսկ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները տուգանվում են 1 մլն դրամի չափով։ Կամ ՀԴՄ-ների կիրառության կանոնների խախտման համար մնացած բոլորը տուգանվում են 150 հազար դրամի չափով, մինչդեռ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները տուգանվում են 600 հազար դրամի չափով։ Մենք առաջարկում էինք, որ հավասար պայմաններ սահմանվեն։ Այսինքն՝ բոլորի համար տուգանքի չափը նույնը լիներ, և հանրային սննդի օբյեկտներին ավելի շատ չտուգանեն, քան մյուսներին։ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին»,- Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Ըստ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի, ով ներկայացնում է Կառավարության տեսակետը, վիճելի չէ, որ այսօր տուգանքների հավասար չափեր է պետք սահմանել բոլոր ոլորտների համար։ Սակայն, Կառավարությունը հակված է ոչ թե հանրային սննդի ոլորտի տուգանքները նվազեցնել և հավասարեցնել մյուս ոլորտներին, այլ հակառակը՝ մյուս ոլորտների տուգանքները բարձրացնել ու հավասարեցնել հանրային սննդին։ «Արդար նպատակադրում է՝ անկախ գործունեության տեսակից սահմանել նույն տուգանքի չափերը։ Այս մասով ներկայացվող առաջարկության տրամաբանությունը Կառավարության համար ընդունելի է, այսինքն՝ չունենալ տարբերակված տուգանքի չափեր»,- ասում է նա։

Փոխնախարարը բացատրում է, որ հանրային սննդի կազմակերպման ոլորտն ավելի մեծ չափով տուգանելն ի սկզբանե այլ տրամաբանություն է ունեցել. «Ժամանակին այդ տարբերակված դրույքաչափերն ունեցել են որոշակի տրամաբանություն և նախապատմություն։ Հանրային սննդի կազմակերպման գործունեությունն ավանդաբար եղել է հարկման այլընտրանքային համակարգերում։ Մասնավորապես, վերջերս այն եղել է արտոնագրային հարկի համակարգում, որտեղ վճարվող հարկերն ուղիղ կախված չեն եղել իրացման շրջանառության հետ, քանի որ հարկերը հաշվարկվում էին այլ չափանիշների հիման վրա։ Հանրային սննդի գործունեության պարագայում որպես չափորոշիչ է եղել հանրային սննդի սպասարկման մակերեսը։ Այս պարագայում, բնականաբար, տնտեսվարող սուբյեկտներն ավելի քիչ են մոտիվացված շրջանառությունը թաքցնելու, որովհետև դրանից իրենց հարկը չի պակասում, նրանք ֆիքսված չափով են հարկ վճարում։ Բայց երբ Հարկային օրենսգրքի ընդունված փոփոխություններ սահմանվեցին, և սկզբում սահմանվեց, որ սպասարկման սրահի 600 քմ և ավելի մեծ մակերես ունեցող հարկային սննդի օբյեկտները պետք է տեղափոխվեն հարկման ընդհանուր համակարգ, այստեղ արդեն այս գործունեության տեսակով զբաղվող տնտեսվարող օբյեկտների շարժառիթները՝ թաքցնել իրացման շրջանառության ծավալները, էականորեն ավելացան։ Դրանով և վարչարարական առանձնահատկություններով պայմանավորված՝ առաջարկվեցին տուգանքների ավելի բարձր չափեր, և հիմա էլ այդ իրավիճակն ունենք։ Հանրային սննդի գործունեությունը հնարավորություն ունի աշխատել իրացման շրջանառության  անսահմանափակ մեծությամբ, բայց՝ լինելով շրջանառության հարկի համակարգում։ Այսինքն՝ այսօր էլ շարունակում է վճարվող հարկի մեծությունը ուղիղ կախվածության մեջ լինել իրացման շրջանառությունից։ Հետևաբար, նրանք թաքցնելու շարժառիթներ, այդուհանդերձ, ունեն»,- նշեց Արման Պողոսյանը։

Նա համաձայն է, որ տարբերակված տուգանքներ սահմանելը հանգեցնում է որոշակի բարդությունների։ «Օրինակ՝ պատկերացրեք կա հյուրանոց, որի ներսում կա բար, սրճարան կամ ռեստորան, և որևէ դեպքով խախտվել են ՀԴՄ կտրոն տրամադրելու կանոնները։ Եթե սրան գումարենք այն, որ օրենքի տրամաբանությամբ պետք է աճողական հաշվառում վարվի, այստեղ օբյեկտիվ դժվարություններ են առաջանում և՛ հարկ վճարողների, և՛ հարկային մարմինների համար։ Ծագում են մեթոդաբանական հարցեր։ Հետևաբար, միասնականացումը ճիշտ է։ Բայց խնդիրը հետևյալն է՝ մյուս գործունեության տեսակների տուգանքները մեծացնել ու հավասարեցնել սննդի օբյեկտների տուգանքներին, թե՞ հակառակը՝ սննդի օբյեկտների տուգանքները նվազեցնել»։

Ֆինանսների փոխնախարարը նկատում է, որ հարկային վերջին փոփոխություններով մի կողմից տնտեսվարողների համար ավելի դյուրին պայմաններ են սահմանվել հարկային դաշտում, մյուս կողմից՝ մեծացել է տնտեսվարողների կողմից իրացման իրական շրջանառությունը թաքցնելու հավանականությունը։ Մասնավորապես՝ բարձրացվել ու վերականգնվել է շրջանառության հարկի շեմը՝ տարեկան 115 մլն դրամը և ներդրվել է միկրոձեռնարկատիրության համակարգը (տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառությամբ), որոնք ենթադրում են հարկային ավելի բարենպաստ պայմաններ տնտեսվարողների համար, քան ավելացված արժեքի հարկի դաշտում գործող տնտեսվարողների համար է։ Այստեղ ռիսկն այն է, որ սա կարող է շարժառիթ լինել տնտեսվարողների համար թերհայտարարագրել իրական շրջանառությունը և փորձել մնալ կա՛մ միկրոձեռնարկատիրության, կա՛մ շրջանառության հարկի դաշտում։

Ըստ Արման Պողոսյանի՝ հարկային կարգապահության պետք է հասնել՝ սահմանելով այնպիսի տուգանքներ, որը տնտեսապես ձեռնտու չլինի տնտեսվարողին, և վերջինս ձգտի ցույց տալ իր իրական շրջանառությունը։ Պետք է տուգանքի չափն այնպիսին լինի, որ կանխարգելի խախտումներ թույլ տալու վարքագիծը։ «Իհարկե, սրանով չի սահմանափակվում հարկային կարգապահության հասնելու մեր ձգտումը։ Խնդիրը ոչ այնքան տուգանքի չափերն են, որքան պետության վերաբերմունքը ՀԴՄ-ների կանոնները գիտակցաբար խախտողների նկատմամբ։ Սրանով, ըստ էության, տնտեսվարող սուբյեկտներն ազնիվ չեն պետության նկատմամբ։ Եվ այս առումով մենք կարծում ենք, որ ՀԴՄ կանոնների խախտումների համար տուգանքների չափի ցանկացած իջեցում ճիշտ հաղորդագրություն չէ և՛ տնտեսվարող սուբյեկտների, և՛ քաղաքացիների նկատմամբ»,- նշում է ֆինանսների փոխնախարարը։

Նա առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ այս նախագծի ընդունումից. «Եթե որևէ միջամտություն, այնուամենայնիվ, պետք է, մնանք այն տրամաբանության մեջ, որ ՀԴՄ կիրառության կանոնների խախտման տուգանքները լինեն միասնական, բայց ոչ թե միասնական ցածր, այլ՝ միասնական բարձր»։

Նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանը նկատում է, որ թեև Կառավարության դիրքորոշումը հասկանալի է, սակայն խնդիրներ կան, որ պետք է հաշվի առնել. «Պետք է նաև ուղերձ լինի, որ հավասարությունից բացի, պետությունը վստահում է տնտեսվարողներին։ Շատ դեպքեր կան, երբ խախտումները լինում են պատահական, և տուգանքները համարժեք չեն։ Երկրորդ՝ մենք այսօր դեռևս որոշակի արատավոր երևույթներ ունենք ՊԵԿ համակարգում՝ առանձին տեսուչների գործունեության վերաբերյալ բողոքներ դեռ ստանում ենք։ Բացի դրանից, ունենք նաև ՀԴՄ մեքենաների խնդիր։ Կան մարդիկ, որոնք դեռ մինչև հիմա չեն կարողանում ձեռք բերել ՀԴՄ ապարատներ։ ՊԵԿ-ը նշել է, որ առաջիկայում համապատասխան նախաձեռնությամբ հանդես կգա։ Մեր նախնական քննարկման ընթացքում մենք որոշել ենք նախագիծը շրջանառությունից հանել, և եթե առաջիկայում Կառավարությունն ինքը ներկայացնի օրենքի տուգանքները հավասարեցնելու հետ կապված, մնացած հարցերը այդ ժամանակ կքննարկենք»։

«Քաղաքացի-հարկատու-բիզնես» իրավապաշտպան ՀԿ փորձագետ Էդուարդ Բադալյանը կարծում է, որ այս պահին ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքերով հանրային սննդի ոլորտի և մյուս ոլորտների տուգանքների մեծ տարբերությունը հիմնավորված չէ։ «Ներկա պահին այդ տարբերությունը հիմնավորված չէ։ Դա հիմնավորված էր այն ժամանակ, երբ հանրային սննդի ոլորտը գործում էր արտոնագրային հարկի դաշտում։ Եվ տրամաբանությունն այն էր, որ եթե նրանք վճարում են ֆիքսված արտոնագրային վճար, ուրեմն պետք է առնվազն բարի լինեն և տրամադրեն բոլոր ՀԴՄ կտրոնները։ Իսկ այս պահին այդ տարբերությունը ակնհայտ հիմնավորված չէ. տնտեսվարողը տնտեսավարող է»,- նշում է Էդուարդ Բադալյանը։

Ըստ նրա, այսօր գործում է տուգանքի պարզունակ սխեմա, որը հավասարապես տարածվում է բոլորի վրա. «Նույն չափով տուգանվում են, անկախ այն բանից՝ ՀԴՄ կտրոն չի տրամադրվել 100 դրամանոց ապրանքի համար, թե 100 հազար դրամանոց ապրանքի, կապ չունի՝ մշտապե՞ս չի տրամադրում ՀԴՄ կտրոն, թե ընդամենը մեկն է վրիպել։ Դա ես համարում եմ ոչ խելացի համակարգ»։ Փորձագետը կարծում է՝ պետք է այդ համակարգն ավելի խելացի դարձնել և չափորոշիչներ սահմանել տուգանքների համար. «Կարծում եմ` ճիշտ չէ տուգանքներն ուղղակի բարձրացնելը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter