HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՄՊՊՀ-ն կուսումնասիրի, թե որքանով է օրինական տնտեսվարողներին տրված պետական ֆինանսավորումը

Հայաստանում տարբեր ոլորտների տնտեսվարողները հաճախ են օգտվում պետական օժանդակությունից, որը կատարվում է հիմնականում ֆինանսական աջակցության կամ հարկային արտոնության տեսքով: Աշխարհի շատ երկրներում տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովներն այս դաշտում մեծ գործառույթներ են իրականացնում: Հանձնաժողովները պետք է տեղեկացված լինեն, թե ինչու է օժանդակություն տրամադրվում տվյալ տնտեսվարողին, և իրավասու են կատարել ուսումնասիրություններ՝ պարզելու այդ որոշման օրինականությունը:

Հայաստանում ևս պետությունը պարբերաբար պետբյուջեից գումարներ է հատկացնում բիզնես ծրագրերի աջակցման կամ բիզնեսի խթանման նպատակով, սակայն ՀՀ ՏՄՊՊՀ-ն այս դաշտում երբեևէ ուսումնասիրություններ չի կատարել, թեև օրենքով նրան նման լիազորություններ վերապահված են: Պետական օժանդակության ոլորտում կատարվելիք գործառույթների իրականացման հետ կապված' ՏՄՊՊՀ-ն Գերմանիայից և Լիտվայից հրավիրել է միջազգային փորձագետների՝ իրենց փորձը ՏՄՊՊՀ մասնագետներին փոխանցելու և Հայաստանում առկա վիճակը քննարկելու նպատակով:

Մրցակցային դաշտի ձևավորման տեսանկյունից պետական օժանդակության ոլորտը ևս խիստ կարևոր է, քանի որ մի տնտեսվարողի ֆինանսապես աջակցելու արդյունքում, հնարավոր է, որ անհավասար պայմաններ ստեղծվեն նույն գործունեությամբ զբաղվող այլ սուբյեկտների համար: Հանձնաժողովի դերն այս դաշտում այն է, որ բացառվեն խտրական մոտեցումներն ու անհավասար պայմանների ստեղծումը:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության եվրոպական հարցերով փոխտնօրեն Վոլֆ-Դիտեր Պլեսինգը այսօրվա քննարկման ընթացքում անդրադարձավ այս ոլորտում ՏՄՊՊՀ-ի դերին: Նա նշեց, որ ըստ ԵՄ անդամ երկրների համար գործող միասնական ընթացակարգի' ՏՄՊՊՀ-ն պետք է տեղեկացված լինի, թե երբ է պետությունը պատրաստվում օժանդակություն տրամադրել այս կամ այն տնտեսվարողին: Անհրաժեշտության դեպքում ՏՄՊՊՀ-ն կարող է վարել պաշտոնական հետաքննություն՝ պարզելու, թե որքանով է օրինական տրամադրված օժանդակությունը:

Վոլֆ-Դիտեր Պլեսինգը բերեց մի օրինակ Գերմանիայի փորձից. Արևելյան Գերմանիայում Եվրոպական հանձնաժողովի կատարած հետաքննության արդյունքում բացահայտվել էին մի շարք ապօրինություններ՝ կապված պետական օժանդակության հետ: Տնտեսվարողներին պարտադրվել է վերադարձնել ստացած գումարները: Թեև որոշումն օրինական էր, սակայն դա հետևանքով այդ ընկերություններից շատերը սնանկացան:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը ՏՄՊՊՀ-ին թույլ է տալիս գործելու այս դաշտում, բայց այս մասով օրենդրությունը դեռևս լիարժեք չէ և լրամշակման կարիք ունի: Միջազգային փորձագետների հետ քննարկվեցին նաև օրենքի փոփոխության հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter