
Պատգամավորն առաջարկում է մարել աղբահանության բոլոր վճարները և նոր կատարել սեփականության իրավունքի փոխանցում
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն առաջարկում է փոփոխություններ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում: Առաջարկվում է, որ ֆիզիկական անձինք մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար տվյալ գույքի մասով աղբահանության վճարի պարտավորություններն ամբողջությամբ պետք է կատարեն մինչև օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը (բացառությամբ, երբ օտարումը կատարվում է հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից):
Տեղեկացնենք, որ գործող իրավակարգավորմամբ՝ անշարժ գույքի առուվաճառք իրականացնելիս վաճառողը պարտավոր չէ կատարել աղբահանության վճարի գծով իր պարտավորությունները, քանի որ առկա չէ որևէ նման օրենսդրական պահանջ, որն այդպիսի պարտավորություն կսահմանի: Նախագծի հեղինակի ներկայացմամբ՝ գործող իրավակարգավորումներով առկա է նախադեպ, երբ վաճառքից առաջ պահանջվում է որոշակի պարտավորությունների կատարում, մասնավորապես «Գույքահարկի մասին» օրենքն այդպիսի պարտադրանք տալիս է տրանսպորտային միջոցների համար, որոնց վաճառքից առաջ վաճառողը պարտավոր է կատարել գույքահարկի գծով իր բոլոր հարկային պարտավորությունները:
Ըստ պատգամավորի՝ իրավիճակի չկարգավորվածությունը հաճախ գնորդների համար խնդիրներ է առաջացնում, քանի որ երբեմն որոշ վաճառողներ մոլորության մեջ են գցում գնորդին, և գնորդները հաճախ անգամ ուշադրություն չեն դարձնում նոտարական գրասենյակներում նոտարի զգուշացմանը՝ կապված աղբահանության վճարների և այլ պարտավորությունների մասով կատարմանը:
«Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ՏԻՄ-երին նկատելիորեն բարելավել սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը՝ չծախսելով լրացուցիչ վարչական ռեսուրսներ։ Անշարժ գույքի օտարման դեպքում կբացառվեն բոլոր այն իրավիճակները, որոնք այժմ առկա են գործնականում, մասնավորապես, երբ գնորդը միայն գործարքից հետո է տեղեկանում իրեն փոխանցված՝ նախորդ սեփականատիրոջ կողմից չվճարված աղբահանության վճարի պարտավորությունների մասին, ինչը երբեմն հանգեցնում է միջանձնային հարաբերությունների լարման եւ դատական կարգով վիճարկման»,-ասված է նախագծում:
Լուսանկարը՝ Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել