HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մեծամասնական ընտրակարգ՝ «իշխանության ուսին թփթփացնելով», «համերգներով» և «փուչիկներով»

Այս պահին Ազգային ժողովում քննարկվում է ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորների ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի:

Հիմնական բանախոս, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում նշեց, որ եթե իշխանությունները ցանկանում են անցկացնել վերջին 20 տարվա ընթացքում ամենաարդար ընտրությունները, ինչպես հայտարարում են, ապա պետք է ընդունեն այս օրինագծերը: Հակառակ դեպքում, այդ հավաստիացումն ընկալվելու է որպես «գեղեցիկ խոսքերի շարան»:

Ստյոպա Սաֆարյանն էլ հայտարարեց, թե մեծամասնական ընտրակարգով ընտրություններն անցկացվում են՝ իշխանության ուսին թփթփացնելով, համերգներ կազմակերպելով, փուչիկներով: Պատգամավորը խնդրեց գործընկերոջն ավելի պարզեցնել, թե իրականում ինչ է կատարվում մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ:

Արմեն Մարտիրոսյանն էլ պատասխանեց, թե 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի դեպքում, օրինակ, մարզպետները կզբաղվեն իրենց բուն գործունեությամբ, ոչ թե ընտրություններ կազմակերպելով:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Դավիթ Հարությունյանը, մոտենալով ամբիոնին, հայտարարեց, թե իր մոտ արդեն «դեժավյու» է սկսվում: Նա ևս մեկ անգամ նշեց, որ դեմ է համամասնական ընտրակարգին ամբողջությամբ անցնելուն: Դավիթ Հարությունյանը նշեց, որ անցումը համամասնական ընտրակարգին ավելի շատ քաղաքական հարց է, քան սահմանադրական:

Վահան Հովհաննիսյանը, դիմելով Դավիթ Հարությունյանին, ասաց, թե չի կարծում, որ Հայաստանում, առանց արյուն թափելու, իշխանափոխություն լինի, և խորհուրդ տվեց «այլ օպերա չհնչեցնել ԱԺ դահլիճում»:

Մեծ դժվարությամբ ամբիոնին մոտեցավ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: «Պարոն նախարար, դժվարությամբ եք մոտենում ամբիոնին»,-կատակեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:

Հրայր Թովմասյանն «անհիմն» որակեց այն պնդումները, թե ամենաշատ ընտրակեղծիքներ լինում են մեծամասնական ընտրությունների ժամանակ: Դեմ արտահայտվելուց և ելույթն ավարտելուց հետո նախարարն անմիջապես հեռացավ ամբիոնից: «Պարոն Թովմասյան, տեսնում եմ, որ չեք ուզում հարցերին պատասխանել, բայց ստիպված եք»,- նախարարին հետ բերեց Սամվել Նիկոյանը:

Ակնհայտ երևում էր, որ Հրայր Թովմասյանը «մեծ ջանքերի» շնորհիվ է պատասխանում ընդդիմադիր պատգամավորների հարցերին: Հարցերին պատասխանելուց առաջ նախարարը նույնիսկ «հոգոցներ» էր հանում:

Նախագծի հեղինակները հիմնավորում են, որ չնայած միջազգային փորձը նախատեսում է ընտրակարգերի բազմազան մոդելներ, սակայն լավագույն փորձը հուշում է, որ ամբողջական համամասնական ընտրակարգն ավելի շատ ունի առավելություններ, քան թերություններ՝ ապահովելով մասնակցային ժողովրդավարության արդյունավետ գործադրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter