HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձունցի Եզեկի` Վրաստանից գնած սեղանը Բագրատաշենում մաքսազերծելուց հետո գրեթե կրկնակի արժեցավ

Օձուն գյուղի բնակիչ Եզեկ  Աղվանյանը դեկտեմբերի 28-ին Բագրատաշենի անցակետում 5 ժամ՝ 14:00-ից  մինչև 19:00-ի սահմանները,  մաքսային տեսուչների կողմից «պատանդ է պահվել»՝ Վրաստանի  Մառնեուլ վարչական կենտրոնի կահույքի մի  խանութից  իր ընտանիքի օգտագործման համար գնած նիկելապատ, երեսամասը ապակյա սեղանի  մաքսատուրքի և հարկերի վճարների պատճառով:

Եզեկը  իր ընտանիքի համար էժան սեղան գնելու համար է գնացել Վրաստան: Նա  սեղանը ներմուծելու ԵՏՀ-ի N107 որոշումով թույլատրված  500 եվրոյին համարժեք  գումարը չի գերազանցել, սակայն  թույլատրելի 25 կգ քաշը գերազանցել է 14 կգ-ով:

Անցակետում  սեղանի  նկատմամբ  մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույքաչափ է կիրառվել  ոչ թե սեղանի կշիռը գերազանցող  14 կգ-ի նկատմամբ, այլ սեղանի ամբողջ՝ 39 կգ քաշի նկատմամբ: (Անցակետում մեզ բացատրեցին, թե սեղանը անբաժանելի է, այդ պատճառով իրավունք չունեն քաշը մասնատել)։ Այդ դեպքում Եզեկը զրկվել է անցակետով մինչև  25 կգ ապրանք ներմուծելու իրավունքից:

Սեղանի 39 կգ մաքուր  քաշի նկատմամբ կիրառված  61 750 դրամ միասնական դրույքաչափից  անցակետում գանձել են 8 տոկոս՝ 4940 դրամ մաքսատուրք,  0,05  տոկոս բնապահպանական հարկ՝ 1041 դրամ,  իսկ հարկման հիմք հանդիսացող մեկ այլ՝  67 731 դրամից  սահմանվել է 20 տոկոս՝ 13 հազար 546 դրամ ավելացված արժեքի հարկ: Մաքսազերծման հետ կապված բոլոր վճարումները միասին կազմել է 31 հազար դրամ։ 2000 դրամ էլ ճանապարհածախսն է եղել։ Այդպիսով, սեղանը Եզեկի վրա արժեցել է 90 հազար դրամի չափ։

Մառնեուլի խանութում սեղանի արժեքը 57 հազար դրամին համարժեք լարի է եղել, սակայն վրացի  վաճառողը  նախատոնական զեղչ է արել, և սեղանը հայ գնորդին վաճառել է 52 հազար դրամին համարժեք  311,64  լարիով:

Ե.Աղվանյանը խանութից  վերցրել է սեղանի  արժեքի  կտրոնը, 15 հազար դրամ էլ գրպանում պահել է անցակետում մաքսատուրք և հարկ վճարելու համար: Մաքսային տեսուչն  անցակետում  նրան բացատրել է, որ ներմուծվող  իր սեղանը Հայաստանում թանկ արժե,  այդ  պատճառով  մաքսատուրք  և հարկ է վճարելու Հայաստանում վաճառվող սեղանի 100 հազար դրամին համապատասխան:

Մաքսային տեսուչը կշռել է սեղանը, կազմել է արձանագրություն և հայտարարագիր կազմելու համար Ե. Աղվանյանին ուղարկել է մաքսատան տարածքից դուրս գտնվող «Ալյանս կոնսալտինգ» ՍՊԸ: Վերջինիս բրոքերը հայտարարագրի վրա մի քանի թվային փաստեր գրանցելու համար Աղվանյանից  գանձել է 5 հազար դրամ  միջնորդավճար:

«Մենք  Եզեկ Աղվանյանի հայտարարագիրը կազմել ենք մաքսային տեսուչի կազմած արձանագրության հիման վրա և պատասխանատվություն չենք կրում սահմանված  մաքսատուրքերի և հարկերի  կիրառած դրույքաչափերի համար»,- բացատրեց ընկերության տնօրեն Արամ Գիգոյանը:

Անցակետում մաքսավորները  Ե. Աղվանյանից պահանջել են վճարել 25 հազար դրամ մաքսատուրք և հարկերը: Եզեկը բացատրել է, որ ձեռքին այդքան գումար չունի, նա  հայտարարագիրը գրելուց առաջ մաքսավորներին խնդրել է  թույլ տալ սեղանը  հետ վերադարձնել Մառնեուլի կահույքի խանութ: Անցակետում թույլ չեն տվել.  «Ինձ գերի  վերցրին: Այնպիսի տպավորություն ստացա, որ մաքսատանը հենց ինձ նման մարդու էին սպասում: Չտվեցին փաստաթղթերս, ասացին՝ոչ պետք է ապրանքը հետ վերադարձնես, ոչ էլ առանց մաքսատուրք և հարկ  վճարելու անցնես սահմանը: Ես 5 ժամ մնացել եմ Բագրատաշենի անցակետում»,-պատմեց զրուցակիցս:

Երջանիկ պատահականությամբ նա անցակետում Վրաստանից  եկող համագյուղացու է տեսել, ում աջակցությամբ կարողացել վճարել սեղանի մաքսային տուրքն ու հարկերը և հեռացել անցակետից։

«Ես չէի հասկանում՝ իրականությունն ուրի՞շ է, թե՞ մաքսավորներն են չարաշահումներ անում: Բայց, եթե անգամ 52 հազար դրամով գնած սեղանի համար ես պարտավոր էի վճարել 30 հազար դրամ մաքսատուրք, հարկ և վճար, այնուամենայնիվ ես չեմ հասկանում, թե  իմ երկրի մաքսավորներն ինչու ինձ արգելեցին սեղանը հետ վերադարձնել Մառնեուլի կահույքի խանութ և 5 ժամ պահեցին մաքսատանը»,-ասում է  Ե. Աղվանյանը:   

«Ալյանս  Կոնսալտինգ»  ՍՊԸ տնօրեն Արամ Գիգոյանը Բագրատաշենում մեզ բացատրեց, որ  Ե.Աղվանյանի ներկայացված  վրացերեն կտրոնով հնարավոր չէր որոշել սեղանի մաքսատուրքը, քանի որ ֆիզիկական անձն ապրանքի արժեքով  հարկվելու համար պետք է մաքսատուն ներկայացներ  հաշիվ -ապրանքագիր, որը, Արամ Գիգոյանի խոսքով, անհնարին է ներկայացնել: Բնապահպանական հարկի մասին  օրենքով սեղանը  շրջակա միջավայրին վնաս չպատճառող  ապրանք է: Արամ Գիգոյանին խնդրեցինք բացատրել, թե ինչ հիմքով է սեղանի քաշի նկատմամբ բնապահպանական 0,05 տոկոս հարկ դրվել:  

«Դա ԵԱՏՄ-ի ծրագիրն է նախատեսում: Մաքսային արժեքները դրված են այնպես, որ ներքին արտադրողին չվնասեն»,- բացատրեց  տնօրենը:  

Եզեկ Աղվանյանի պատմությունից հետո որոշեցինք զրուցել նաև այլ մարդկանց հետ։ Մասնավորապես, առևտրականների, որոնք առավել հաճախ են առնչվում մաքսակետի աշխատանքին։

Բագրատաշենցի Սաթիկ Յանիկյանը միայն տարվա  նոյեմբեր, դեկտեմբեր  ամիսներին է առևտրով  զբաղվում: Նրա  ընտանիքը 7 անձից է բաղկացած, որից 3-ը անչափահաս թոռներն են:

Սաթիկ Յանիկյանը պատմեց, որ անցակետի  հերթափոխի պետ Կարեն Աբգարյանը հրաժարվում  է հետ վերադարձնել իր սայլակը։ «Հիմա անցակետում ով ինչ է տանում, ինչ է կատարում, դա ընդհանրապես ինձ հետաքրքիր չէ: Ես իրենց հարց չեմ տալիս, թե այս կամ այն մարդը ինչու է մեծ քանակության ապրանք տանում և  ֆիտո կամ ռաստամոշկա չի անում: Այդպիսի դեպքեր մաքսատանը շատ է լինում, բայց ես այդ մասին չեմ բարձրաձայնում: Ինձ հետաքրքրում է իմ ընտանիքի ապրելակերպը և իմ սայլակը»,- ասում է Սաթիկ Յանիկյանը:

Առևտրական Կարինե Աբրահամյանն էլ պատմում է, որ Բագրատաշենի մաքսատան առևտրականների աչքից  չի վրիպում, որ շատերը, նախկին սովորույթի համաձայն, իրենց մեքենայով 10 անգամ մտնում են Բագրատաշենի անցակետ,  առանց  ֆիտոսանիտարական  ստուգման Վրաստանից 150-200 կգ ապրանք են բերում  և ճանապարհի եզրին ժամերով կանգնած առևտրականների կողքին էժան գնով վաճառում:

Մաքսատան  հերթափոխի ղեկավարներ Կարեն Աբգարյանն ու Դավիթ Մեջլումյանը  նրանց չեն նկատում, իսկ հաշմանդամ առևտրականներից սայլակները խլում և նրանց զրկում են թույլատրելի  սահմաններում մանդարին տեղափոխելու իրավունքից:

«Ես այդ Դավիթ Մեջլումյանի հետ մեկ սումկա  մանդարինի համար ձեռնամարտի եմ  բռնվել և ծեծվել: Մեզ հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ  է՝ ինչ է կատարվում Բագրատաշենի անցակետում»,- ասում է Կարինե Աբրահամյանը։

Մաքսատան պաշտոնյաներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, դժգոհեց, թե Բագրատաշենում որակյալ  դեղձ է աճում, բայց  բագրատաշենցիները  դեղձն էլ են Վրաստանից  բերում:

Բագրատաշենի վարչական  ղեկավար Սարգիս Անտոնյանը «Հետք»-ին պարզաբանեց, որ դեռ խորհրդային տարիներից  բագրատաշենցիները սահմանային առևտրի մեջ են  եղել հարևան վրացիների հետ: Այդ առևտուրն աշխուժացել է հատկապես 1993- 2006թթ. հայ -վրացական  սահմանի «Սադախլոյի» շուկայում։

«Այդ ժամանակ Բագրատաշենի բնակչության մոտ 80 տոկոսը առևտրով էր ապրում»,-հիշում է Ս. Անտոնյանը:

Վերջինս բացատրեց, որ  անցակետում առևտրականները չեն տեղեկացվում մաքսային օրենքներին, այդ պատճառով բախումներ են առաջանում մաքսավորների և առևտրականների միջև:

Վերադառնալով Վրաստանից  դեղձ ներմուծելուն՝ Ս. Անտոնյանը հայտնեց, որ Բագրատաշենը  600 հա վարելահող և նոր հիմնված 240 հա այգիներ ունի, սակայն ոռոգման ջուր չունի:

«Ոռոգման ջուր ունենալու դեպքում գյուղացիները ոչ միայն Վրաստանից դեղձ չեն ներմուծի, այլ իրենց  արտադրած դեղձով ու մյուս մրգերով կմրցակցեն վրացի առևտրականների հետ»,- ասաց  Ս. Անտոնյանը:

Բագրատաշենի անցակետում  անձնական օգտագործման ապրանքներ ներմուծող  քաղաքացիների իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացնող որևէ ցուցանակ չկա:

Վարորդ Արմեն Ղարիբյանն ասաց, որ ինքն է ուղևորներին տեղեկացնում ներմուծվող ապրանքի թույլատրելի 25 կգ քաշի մասին: «Անցակետում կարգ ու կանոնն  իսպառ բացակայում է»,-դժգոհեց Արմենը:

Առևտրական  Հերմինե Ստեփանյանն էլ նշեց, որ Վրաստանի մաքսատան մուտքի մոտ ցուցատախտակի  վրա  վրացերեն, հայերեն,  անգլերեն լեզուներով գրված է, թե որքան ապրանք է թույլատրվում  տեղափոխել հարևան երկիր:

«Այնպիսի տպավորություն ունեմ, որ հայ առևտրականների մաքսային  օրենքներից անտեղյակությունը շատ ձեռք է տալիս Բագրատաշենի մաքսատան  անձնակազմին»,- ասաց Հերմինեն:

Մեկնաբանություններ (2)

Գարիկ
http://jurist.am/am/customs/
Gugen
թուհ ձեզ մարդ ասողին, թուհ ձեզ հայ ասողին, աշխարհում ըսենց զզվելի էլ տեղ կա՞

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter