HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ 41 մեծամասնական պատգամավորի մանդատ արդեն իշխանության գրպանում է

100 տոկոսանոց ընտրակարգին անցնելու հարցն այսօր ժողովրդի համար ամենահրատապ հարցը չէ, սակայն իշխանություններից ավելի շատ ոչ ոք մտահոգված չէ, որ ընտրություններն անցկացվեն արդար և ժողովրդավարական չափանիշներով: Այս մասին այսօր՝ խորհրդարանական ընդդիմության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, արտահերթ ելույթով ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ մյուս փոխնախագահ Սամվել Բալասանյանը ևս արտահերթ ելույթ ունեցավ և նշեց, որ պետք չէ քննադատել մեծամասնական պատգամավորներին, քանի որ ինքը, լինելով մեծամասնականով ընտրված պատգամավոր, «17 հատ» օրենքի նախագծի հեղինակ ու համահեղինակ է: Բացի դրանից՝ մեծամասնական պատգամավորները ներկայացնում են մարզերի խնդիրները:

Սամվել Բալասանյանը նշեց, որ ԲՀԿ խմբակցությունը վաղվա քվեարկությունից առաջ նիստ կհրավիրի և իր քվեարկությամբ դիրքորոշում կհայտնի:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ «քաղաքական մոտիվացիայով» խորհրդարան ունենալու համար պետք է աստիճանական անցում կատարվի համամասնական ընտրակարգին, և դա ամրագրված է նաև ԲՀԿ-ի 2007թ. նախընտրական ծրագրում:

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ գլոբալ առումով կողմ լինելով համամասնական ընտրակարգին՝ խմբակցությունում պատգամավորները առանձնացել են երկու մասի, և կան պատգամավորներ, որոնք ընտրություններից 60 օր առաջ չեն ցանկանում խաղի կանոնները փոխել:

Ըստ պատգամավորի՝ ԲՀԿ-ն որոշել է վաղը՝ քվեարկության ժամանակ, պատգամավորներին տալ ազատություն, և թող յուրաքանչյուրը քվեարկի իր համոզմունքների համաձայն:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե իշխանությունը համառորեն վերջ չի տալիս այս խնդրի լուծմանը: «Եթե այլ երկրների փորձը շատ եք սիրում մեջբերել, բերեք մի երկրի օրինակ, որտեղ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը խափանել է երկրի ժողովրդավարությունը: Չկա այդպիսի երկիր»,- հայտարարեց պատգամավորը:

Ըստ Վ.Հովհաննիսյանի՝ իշխանությունն ամբողջ ռեսուրսները դրել է «իր տակը» և ասում է, որ հզոր է: Բացի դրանից՝ Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ արդեն իշխանության գրպանում է 41 մեծամասնական մանդատը:

ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը նշեց, թե կան կուսակցություններ, որոնք մեծամասնություն երբեք չեն դառնա, նույնիսկ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի դեպքում:

Հակոբ Հակոբյանի ելույթն էլ բուռն ծիծաղի առիթ տվեց ԱԺ նախագահին ու փոխնախագահներին: Հասկանալի էր, որ Հ. Հակոբյանի խոսքն ուղղված էր «Ժառանգությանը», քանի որ նշեց, թե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն գաղափարական կուսակցություններ են:

Ստյոպա Սաֆարյանն էլ, դիմելով համամասնական ընտրակարգին դեմ արտահայտվող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ասաց, թե արդեն 2 օր է, ԱԺ-ում քննարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, և քանի՞ անգամ է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների շուրթերից լսել, ասենք, Գեղարքունիքի մարզի ընտրողների կարծիքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter