
Սասուն Միքայելյան. «Ես վիրավոր հիվանդանոցում էի, մի կնոջ էին բերել Մարաղայից, նրան կապել էին մեքենայից, քարշ տվել մարմինը»
Հայաստանի խորհրդարանում շարունակվում է Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցության հատուկ նիստը` նվիրված Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին: Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Սասուն Միքայլեյանն իր ելույթում ասաց` չխոսել չէր կարող, քանի որ քննարկվող հարցին ականատես է եղել նաև ինքը` Արցախյան ազատամարտի տարիներին:
«1990 թվականի հունվարի 13-ից 19-ը Ադրբեջանի իշխանության իմացությամբ իրականացված հայկական ջարդը դարասկզբի Օսմանյան կայսրության իրականացված ցեղասպանության շարունակությունն էր, նույն ձեռագիրն էր: Ես տեսել եմ Մարտակերտի նահանջ, Մարաղայի կոտորածից մազապուրծ եղածներին, մի խոսքով շատ դաժանություններ, որոնք ուղղակի անհնար է մոռանալ: Ես՝ վիրավոր, հիվանդանոցում էի, մի կնոջ էին բերել Մարաղայից, նրան կապել էին մեքենայից, քարշ տվել մարմինը, մնացել էր ոսկորները: Ի շնորհիվ բժիշկների անձնուրաց ջանքերի` այդ կինը ողջ մնաց»,-պատմեց Միքայելյանը:
Միքայելյանի խոսքով` նման կտտանքների են ենթարկվել ոչ միայն կենդանի անձինք, այլ նույնիսկ մահացածները:
«Եղել են դեպքեր, երբ գերիների փոխանակություն էինք կազմակերպում մեր զոհերի դիակների հետ, դիակներն այն աստիճան հոշոտված էին լինում, որ անհնար էր լինում տարբերակել, այդ դաժանությունները մենք չենք կարող մոռանալ, և պետք է սրա մասին միջազգային բոլոր ատյանները իմանան, ու քաղաքակիրթ մարդկությունն իր գնահատականը տա»,-ասաց նա:
Սասուն Միքայելյանը հիշեցրեց նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում խաղաղ բնակչության ադրբեջանցիների կողմից իրականացրած վայրաթյունները:
«Խոնարհվելով զոհերի հիաշատակի առջև եկենք պարտավորվենք, որ մեր միասնականությամբ թույլ չենք տալու, որ մեր նկատմամբ ցեղասպանության որևէ փորձ ձեռնարկվի»,-եզրափակեց Սասուն Միքայելյանը:
Մեկնաբանել