HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Ադրբեջանը շարունակում է հայատյաց քաղաքականությունը». շարունակվում է ԱԺ հատուկ նիստը` նվիրված Բաքվի ջարդերի տարելիցին

Հայաստանի խորհրդարանում շարունակվում է Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցության հատուկ նիստը` նվիրված Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին: Արցախի խորհրդարանի պատգամավոր Արզիկ Մխիթարյանն իր ելույթում զուգահեռներ իրականացրեց Հայոց ցեղասպանության և Բաքվի ջարդերի միջև` ընդգծելով, որ նույն հայատյաց քաղաքականությունն է շարունակվում:

«2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ թուրք զինվորը սպանում է հայ զինվորին ու գլխատում, սա նույն քաղաքականության ձեռագիրն է: Նրանք ապացուցում են, որ հարյուր տարի անց չեն մոռացել թուրք Թալեաթի յաթաղանը»,-ասաց պատգամավորը:

Մխիթարյանի խոսքով` աշխարհի գերտերությունները գիտակցում են, թե ինչ է կատարվում հայ ժողովրդի հետ, սակայն գերտերությունների հարաբերությունների կշիռը ոսկին ու նավթն է: Վերջինիս համոզմամբ` Արցախյան հիմնախնդիրը ևս լուծում չի ստանում քաղաքական նույն փոխհարաբերությունների հետևանքով:

«Մենք մեր ամենօրյա գործունեության մեջ պետք է գիտակցենք հետևյալը` սուգը հավերժ է, եթե չկա պայքար, այս իրողությա մեջ միակ ճանապարհը մեր պայքարն է»,-ասաց նա:

Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ խոսեց իր ընտանիքի պատմությունից:

«Տարբեր տարիներին Ադրբեջանի վարած հակահայկական քաղաքականությունն իմանալու համար ինձ հեռու գնալ պետք չէ, իմ տատը, որը արցախցի էր, որբ էր, և մեր ընտանիքում ասում էին, որ նա որբացել է 1920 թվականի Շուշիի ջարդերի արդյունքում: Նրա թոռը` մայրս ծնվել ու կյանքի առաջին տարիներն անց է կացրել Բաքվում և ճակատագրի հեգնանքով փրկվել ջարդերից»,-պատմեց նա:

Ռուբինյանի խոսքով` տատը փրկվել է հակահայկական խտրականության մեկ այլ դրսևորման շնորհիվ:

«Որովհետև նրա հայրը` պապս, որը մասնակցել  էր հայրենական պատերազմին և իր ներդրումն էր ունեցել նազիզմի հանդեպ հաղթանակի գործում, ստիպված էր եղել ընտանիքով տեղափոխվել Երևան, որովհետև Խորհրդային Ադրբեջանում խտրականության էր ենթարկվում: Իմ ընտանիքի օրինակով կարելի է տեսնել այն հակահայկական գիծը, որ Ադրբեջանի բոլոր տարածքային կազմակերպությունները իրականացրել են հայության հանդեպ, այդ քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր»,-եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter