HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանի ելույթը` միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում

Այսօր՝ հունվարի 18-ին, Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ  տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստը: Ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Այն ամբողջությամբ ներկայանցնում ենք ստորև․

«Հարգարժան պարոն Ղուլյան,

Հարգելի գործընկերներ, հարգելի հյուրեր.

Ուղիղ երեսուն տարի առաջ այս օրերին, Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում,  իշխանությունների ակնհայտ թողտվությամբ եւ աջակցությամբ տեղի ունեցան պատմությունից մեզ ցավալիորեն շատ ծանոթ իրադարձություններ՝ հայերի ջարդեր: Արկադի Ավանեսով, Սերգեյ Հարությունյան, Արուսյակ Մարկոսյան, Պետրոս Հարությունով, Սաթենիկ Սարկիսյան, Աննա Սարկիսովա, Մկրտիչ Պետրոսյան եւ տասնյակ ուրիշներ, ում սպանեցին, հարյուրավոր այլ մարդիկ, ովքեր անմարդկային խոշտանգումների ենթարկվեցին, հազարավորները ստիպված եղան լքել իրենց տները եւ կյանքը շարունակել փախստականի կարգավիճակում: Այս մարդիկ սպանվեցին, կտտանքների ու հալածանքների ենթարկվեցին միայն այն պատճառով, որ հայ էին: Նրանց միակ «մեղավորությունը» հայկական ազգային պատկանելիություն ունենալն էր:

Օրեր անց ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդն արդարացիորեն արձանագրեց, որ Բաքվի դեպքերը Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող շովինիստական քաղաքականության ակնհայտ դրսեւորում են:

Ճակատագրի հեգնանքով այս ջարդերը մուլտիկուլտուրալիզմի կենտրոն հռչակված Բաքվում արդեն երրորդն էին միայն 20-րդ դարի ընթացքում: Նույն իրադարձությունները, նույն ձեռագրով, նույն քաղաքում եղել էին նաեւ 1905-ին եւ 1918-ին: 1990-ի այս ջարդերից  շատ, չափազանց կարճ ժամանակ առաջ հայերի ջարդեր էին տեղի ունեցել նաեւ Սումգայիթում եւ Կիրովաբադ-Գանձակում: Բաքվի ջարդերից շատ կարճ ժամանակ անց հայերի ջարդեր սկսվեցին Մարաղայում եւ այլուր:

Հայատյացության այս քաղաքականությունն  իր դրսեւորումներն ունեցավ նաեւ 21-րդ դարում: Ադրբեջանական իշխանությունների կողմից հերոս հռչակվեց Ռամիլ Սաֆարով անունով մի անձ, ով կացնահարել էր քնած հայ զինվորին, 2016 թվականի ապրիլին Թալիշում դաժանաբար սպանվեցին քաղաքացիական անձինք: Նույն քաղաքականության վկայությունները կարող ենք գտնել Ադրբեջանում ամենուր՝ դպրոցական դասագրքերից մինչեւ այդ երկրի նախագահի հայտարարություններ, որոնցում ողջ հայ ազգը հայտարարվում է Ադրբեջանի ժողովրդի ոչնչացման ենթակա թշնամի:

Բաքվի ջարդերը ադրբեջանական իշխանությունների կողմից վարած երկարատեւ հակահայ քաղաքականության մի մասն էին միայն, սառցաբեկորի առավել տեսանելի մասը: Դրանց նախորդել էին դեռեւս 80-ական թվականներից սկսած հստակ կազմակերպված քայլերը՝ առավելապես սոցիալական, մշակութային, կրթական, որոնք ստիպում էին հայերին լքել իրենց տները եւ հեռանալ Բաքվից, ինչի արդյունքում արդեն իսկ, էականորեն, նվազել էր Բաքվի հայ բնակչության թիվը:

Հատկանշական է նաեւ, որ այսօր արդեն ադրբեջանական իշխանությունները միեւնույն ձեռագիրն են որդեգրել Ադրբեջանի տարածքում բնակվող այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ: Ուզում եմ զգուշացնել միջազգային հանրությանը, որ Ադրբեջանում բնակվող տեղաբնիկ ժողովուրդներն այսօր կանգնած են գրեթե միեւնույն վտանգի առջեւ, ինչ հայերը նախորդ դարի վերջին: Ադրբեջանի իշխանությունների նմանօրինակ վարքագիծը եւ մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխելու համար ես կարեւորում եմ միջազգային հանրության եւ գործընկեր խորհրդարանների կողմից տեղի ունեցած հանցագործություններին ճիշտ գնահատակալ տալը:

Հիշեցնեմ, որ  հայերի նկատմամբ իրականացված ջարդերը եւ բռնությունները դատապարտվել են Եվրոպական խորհրդարանի կողմից՝ երեք անգամ:

1990թ. հունվարի 18-ի բանաձեւում Եվրոպական խորհրդարանը քննադատում է Բաքվում շարունակվող հայկական ջարդերը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ բռնությունները, Հայաստանի շրջափակումը: Բանաձեւում, մասնավորապես, նշվում է, որ Բաքվում վերսկսվել են ադրբեջանցիների կողմից հակահայկական գործողությունները, իրականացվել են բազմաթիվ հանցագործություններ: Բանաձեւում նաեւ դատապարտվում են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքից դուրս գտնվող հայկական գյուղերի, մասնավորապես, Շահումյանի եւ Գետաշենի շրջանների վրա հարձակումները: 1990թ. հունվարի 18-ի բանաձեւում նաեւ հղում է կատարվում 1988թ. հուլիսի 7-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված «Խորհրդային Հայաստանի վերաբերյալ» բանաձեւին, որտեղ դատապարտվում էին Սումգայիթում հայերի դեմ իրականացված ջարդերը եւ Բաքվում հայերի դեմ բռնությունները: Սումգայիթի եւ Բաքվի հայերի ջարդերին անդրադարձող մեկ այլ կարեւոր բանաձեւ Եվրոպական խորհրդարանն ընդունեց 1991թ. մարտի 14-ին:  «Հայաստանի շրջափակման եւ այնտեղ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի» վերաբերյալ բանաձեւում նշվում է, որ 300 հազար հայեր, որոնք փախել են Ադրբեջանից (Բաքվի եւ Սումգայիթի ջարդերը (massacres)), անհապաղ օգնության կարիք ունենե:

Հարգելի գործընկերներ,

Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի այսօրվա նիստում մենք կլսենք երկու հայկական պետությունների խորհրդարանականների, մարդու իրավունքների պաշտպանների եւ այդ մեծ ողբերգությունը վերապրածների ելույթները: Ուզում եմ նշել, որ չնայած ադրբեջանական իշխանությունների այդ օրերի վարած քաղաքականությանը Բաքվում գտնվեցին ադրբեջանցիներ, ովքեր օգնեցին հայերին խուսափելու մահից: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս անհատներին եւ կոչ անել, որպեսզի իրենք նույնպես բարձրաձայնեն ադրբեջանական իշխանությունների կողմից իրակացրած ջարդերի մասին իրենց հուշերը, ջարդեն հայատյացության պատը՝ կանխելու համար նմանօրինակ դեպքերի կրկնությունը, ինչով կկարողանան նաեւ ապահովել իրենց իսկ կյանքի անվտանգությունը: 
  
Եվ վերջում, որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, եւս մեկ անգամ ուզում եմ արձանագրել եւ վերահաստատել՝ ողջ վերը հիշատակածս, Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, այդ ջարդերի պարբերական բնույթը, կրկնությունը մեկ դարի ընթացքում մի քանի անգամ, դրանց նախորդած եւ հաջորդած հակահայ քաղաքականության մյուս դրսեւորումները անհնար են դարձնում Արցախի հայության ֆիզիկական անվտանգ գոյությունն Ադրբեջանի սուվերենության ներքո:

Ըստ այդմ՝ Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, եւ Հայաստանի Հանրապետությունը արցախցիների այդ իրավունքի իրացման երաշխավորն է»:   
  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter