HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարևորագույն որոշումներ կայացնողները մարդիկ են, հետևաբար՝ սխալական

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

«Errare humanum est»` մարդուն բնորոշ է սխալվելը` այս լատինական ասացվածքը հաճախ հիշում են մարդկային կյանքեր արժեցած դատական սխալների հետ կապված, սակայն մարդկային սխալները ամենուր են` առողջապահության, բնապահպանության, ֆինանսների և բոլոր այլ ոլորտներում: Այս հարցը քննարկելիս, բացի բուն սխալներից, հարկավոր է հաշվի առնել նաև փոքր, թե մեծ ղեկավարների կողմից կոռուպցիոն բնույթի ռիսկերը: Եվ այսպես, ինչպե՞ս խուսափել սխալներից և ինչպե՞ս իրական կյանքում հաղթահարել կոռուպցիան կամ դրանք հասցնել նվազագույնի:

Առհասարակ, յուրաքանչյուր քիչ, թե շատ խոշոր հիմնարկների ղեկավարման համար նշանակվում կամ ընտրվում է մեկը` պետ, տնօրեն, նախագահ և այլն: Այսինքն` ինչպես տարաբնույթ հաստատությունների, այդպես էլ պետության ղեկավարումը մեծամասամբ կախված է լինում այս կամ այն անհատից: Արդյո՞ք կարող է անհատը իր որոշումներում լինել օբյեկտիվ, անաչառ, կարո՞ղ է որոշումներ կայացնել՝ զերծ մնալով էմոցիաներից, սուբյեկտիվ մոտեցումներից: Չէ՞ որ այդ որոշումները հաճախ ճակատագրական են ինչպես առանձին մարդկանց, այդպես էլ պետության, հասարակության համար: Երկրի նախագահը, վարչապետը, թագավորը կամ թագուհին, կայսրը կարող են լինել լավ կամ վատ անձնավորություններ, կամ ըստ իրավիճակի` կախված իրենց մանկական այս կամ այն բարդույթներից, նյարդահոգեբանական, էմոցիոնալ, գենետիկ առանձնահատկություններից և այլն, կայացնել այս կամ այն որոշումը:

Ինչպե՞ս է մարդ կայացնում այս կամ այն որոշումը, ինչպե՞ս է գնահատում այդ որոշման ճիշտ կամ սխալ լինելը, որոշման հավանական հետևանքները: Պատասխանը մեկն է` ունեցած ինֆորմացիայի հիման վրա: Այո՛, անհատի և հասարակության կենսափորձը ոչ այլ ինչ է, քան անցյալի և ներկայի մասին ինֆորմացիան: Հենց այս ինֆորմացիայի ճիշտ վերլուծությունից է կախված մոտ կամ հեռու ապագայի վերաբերյալ կայացվող որոշումների ճիշտ կամ սխալ լինելը: Ամփոփ` չսխալվելու կամ սխալը նվազագույնի հասցնելու համար հարկավոր է ունենալ ճշգրիտ ինֆորմացիա և այն օբյեկտիվ վերլուծության ենթարկել: Կարո՞ղ է այս պրոցեսը կատարել մարդկային ուղեղը, որը ողջ կյանքի ընթացքում գտնվում է տարաբնույթ ազդեցությունների տակ, այդ թվում՝ սեփական մանկական հիշողությունների, էմոցիաների, հաճախ նաև բարդույթների ճնշման տակ: Որքան էլ մարդու ինտելեկտը բարձր մակարդակի վրա գտնվի, մարդ արարածը չի կարող զերծ մնալ էմոցիաներից, որոնք որպես կանոն լիարժեք չեն կառավարվում: Բացի այս, մարդկային ուղեղն ունակ չէ պահպանել և վելուծության ենթարկել ահռելի մեծ քանակությամբ ինֆորմացիա, որոնք ուղղակի կամ աննուղակի վերաբերում են բարդագույն հարցերի լուծմանը: Նաև այս պատճառով քաղաքակրթությունը անխուսափելիորեն պետք է ստեղծեր համակարգիչներ և ծրագրավորումը: Արհեստական բանականության ստեղծումը և զարգացումը նույնպես անխուսափելի են, ինչպես մարդու, քաղաքակրթության էվոլյուցիան:

Տեսե՛ք` շախմատի համակարգչային ծրագրի հետ գրեթե հավասար ամբողջ մոլորակում ընդամենը 1-2 մարդ է կարողանում խաղալ: Բարդագույն պրոցեսների ղեկավարումը կապված արբանյակների, տիեզերանավերի, ատոմակայանների և այլ նման օբյեկտների հետ արվում է էլեկտրոնային` համակարգչային ծրարգրերի միջոցով և մարդկային գործոնը հասցված է նվազագույնի: Հիմա եկեք պատկերացնենք, որ դպրոցներում, բուհերում, առողջապահության, բնապահպանության, արդարադատության և այլ նախարարություններում, տարաբնույթ գերատեսչություններում այս կամ այն հարցերի լուծման համար անհրաժեշտ համապատասխան ինֆորմացիան վերլուծվի և գնահատվի համակարգչային ծրագրերի կողմից, այլ ոչ թե այս կամ այն քաղաքական կուսակցության անդամ հանդիսացող, քաղաքական այս կամ այն հայացքներ ունեցող, մանկական բարդույթներով այսպես, թե այնպես տառապող, սեռականան, ընտանեկան ինչ-որ խնդիրներ, կողմորոշումներ ունեցող մարդկանց կողմից, ովքեր նաև կարող են գումար վաստակելու համար ներգրավվել այս կամ այն կոռուպցիոն սխեմաների մեջ:

Ավելի ըմբռնելի լինելու համար բերեմ օրինակ` նախկինում դպրոցական, բուհական քննությունները հանձնում էին որպես կանոն բանավոր, բացի լեզվի և մաթեմատիկայի քննություններից: Հետագայում գրեթե բոլոր քննությունները դարձան գրավոր, առաջ եկան թեստերը՝ նաև էլեկտրոնային տարբերակներով: Ինչու՞ գնացինք այս ուղղությամբ: Շատ պարզ պատճառով` քննություն ընդունողը կարող է օբյեկտիվ չլինել իր գնահատականի մեջ, կարող է նաև կաշառված լինել, ինչպես նաև հանձնաժողովները: Հետո սկսեցին քննասենյակներում տեսախցիկներ տեղադրվել: Այսինքն` ամեն բան արվում է որպեսզի ճշմարտությունը, արդարությունը շրջանցելու փորձերը կանխվեն և ի հայտ բերվեն աշակերտի, աբիտուրիենտի իրական գիտելիքները: Այսինքն` երբ առկա է մարդկային գործոնը, թե՛ քննություն հանձնողի, թե՛ քննություն ընդունողի կողմից, այն կարող է փորձել շահադիտական նպատակներով խեղաթյուրել իրականությունը: Համակարգչային ծրագիրը, արհեստական բանականությունը այդպես չի վարվի:

Այլ օրինակ` վերջերս մեծ աղմուկ հանեց դեռահաս աղջիկներին նոր վակցինացիայի ենթարկել-չենթարկելու հարցը: Իսկ ավելի լավ չէր լինի այս կամ այն մասնագետի, կամ ոչ մասնագետի կարծիքների փոխարեն` պատրաստվեր համակարգչային ծրագիր, որտեղ այս հարցի վերաբերյալ ողջ գիտական, սոցիալական, տնտեսական նշանակություն ունեցող ճշգրիտ ինֆորմացիան անալիզի կենթարկվեր և կտրվեր հավանական ռիսկերի մասին օբյեկտիվ եզրակացություն:

Ձեզանից ոմանք հիմա կարող են մտավախություն ունենալ, որ, ինչպես ֆանտաստիկ ֆիլմերում, մի օր ռոբոտները կիշխեն մարդկանց: Ես անձամբ այսպես եմ կարծում` ինչպես մարդ արարածը չի կարող իշխել Աստծուն, այդպես էլ մեր կողմից ստեղծվող արհեստական բանականությամբ օժտված էակները չեն կարող իշխել մարդկությանը, բայց նրանք կօգնեն մեզ ունենալ ավելի արդար հասարակություն, որտեղ կարիք չի լինի «Ալֆա արուներ» ընտրելու, հետո զղջալու սխալ ընտրության համար և այսպես շարունակ խաբված մնալով` ծառայել մի խումբ «ընտրյալների»…

Օրինակ`գայլերի ոհմակը միշտ ունենում է առաջնորդ` «գերագույն գայլ» և ոհմակի բոլոր գայլերը պետք է ենթարկվեն նրան: Հիշու՞մ եք «Մաուգլի» մուլտֆիլմում, երբ այդ առաջնորդը թուլանում է և այլևս չի կարողանում որս անել, ջունգլիների արքա համարվող վագրին քծնող չաղկալը, իրար խառնված, ասում է. «Промахнулся, промахнулся. Стае нужен новый вожак»:

Այլ օրինակ՝ գորիլաներն ապրում են համախմբված ընտանիքներով, ինչպես մեկ ամբողջ օրգանիզմ և նրանց  «հասարակությունում» անպայաման «ընտրում են» մեկ արու գորիլայի, որը դառնում է նրանց հասարակության առաջնորդը` գլխավոր արու գորիլան: Նրան գիտնականներն անվանում են «Ալֆա արու», այսինքն`Առաջին արու: Իրականում նա ինքն իրեն է ընտրում` հաստատելով, որ ինքը ֆիզիկապես ամենաուժեղն է: Ալֆա արուն ունենում է բացառիկ իրավունքներ` նրան պարտավոր են լսել բոլոր գորիլաները, իսկ չենթարկվողները պատժվում են:

Իսկ պինգվինները մինչև կյանքի վերջ հավատարիմ զույգեր են մնում և միևնույն ժամանակ ապրում են հազարավոր ընտանիքներով կողք կողքի` օգնելով մեկը մյուսին, և այս «հասարակությունը» չունի ղեկավարներ, չի անցկացնում «ընտրություններ»: Հետաքրքիր են նաև արագիլները` նրանք էլ են հավատարիմ զույգերով ապրում մինչև կյանքի վերջ, ընտանիքները մեկը մյուսից ինչ-որ տարածության վրա բուն են հյուսում` օջախ ստեղծում  ու ամենևին էլ կարիք չունեն, որ իրենց «հասարակության»  գլխին Ալֆա արու կարգեն, որպես ղեկավար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter