Բազմաթիվ ֆրանսահայեր ու ֆրանսիացիներ մասնակցել են Սումգայիթի զոհերի հիշատակի միջոցառումներին
Փետրվարի վերջին Ֆրանսահայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (ՖԿՀԽ) ծրագրել և անցկացնում է միջոցառումների շարք՝ նվիրված սումգայիթյան ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակի 24-րդ տարելիցին:
Փետրվարի 26-ի առավոտյան Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված պատարագ մատուցվեց Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական առաքելական եկեղեցում: Ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչը, Ֆրանսիայում գործող հայկական միությունների ղեկավար և շարքային անդամներ, ֆրանսիական հասարակայնության, ֆրանսահայության ստվարաքանակ ներկայացուցիչներ:
Պատարագից հետո թափորը ուղևորվեց դեպի Փարիզի Երևանի պարտեզի հարևանությամբ գտնվող Կոմիտասի հուշարձան, ուր ոգեկոչման տուրք մատուցվեց զոհերի հիշատակին: Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի զոհերի հիշատակին ծաղկեպսակներ դրեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչը, ՖԿՀԽ-ն, այլ կազմակերպություններ ու միություններ:
Փետրվարի 27-ի երեկոյան Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանում ՖԿՀԽ-ն անցկացրեց Սումգայիթում և Ադրբեջանի այլ բնակավայրերում ջարդերի ենթարկված հայության հիշատակին նվիրված բազմամարդ հանրահավաք՝ ներկայությամբ ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանի:
Միջոցառմանը ելույթ ունեցան ՖԿՀԽ-ի ազգային խորհրդի նախագահ Ալեքսի Գովչյանը, ՖԿԽՀ համանախագահներ Արա Թորանյանն ու Մուրադ Փափազյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը:
Միջոցառմանը ներկա էր ավելի քան չորս հարյուր ֆրանսահայ, ֆրանսիացի հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, լրագրողներ:
Միջոցառման շրջանակներում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում՝ ՖԿՀԽ-ի ղեկավարության, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների, ԼՂՀ մշակույթի նախարարի, Ֆրանսիայում ԼՂՀ և ՀՀ դեսպանության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկման թեմաներն էին Ադրբեջանում հայկական ջարդերը և պատերազմական ընթացքը, Ղարաբաղի արդիական խնդիրները, Ֆրանսիա-ԼՂՀ միջխորհրդարանական համագործակցությունը, հայկական սփյուռքի զորակցությունը Ղարաբաղին՝ ընդդեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական քարոզչության, հակասությունը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի և ադրբեջանական պաշտոնական քարոզչության միջև: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել