
Մեկնարկել են 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի աշխատանքները
Մեկնարկել են 7-րդ գումարման խորհրդարանի 4-րդ նստաշրջանի աշխատանքները: Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի` նստաշրջանի մեկնարկը տրվում է ՀՀ օրհներգի հնչյունների ներքո: Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրեց քառօրյայի օրակարգը, ապա օրակարգ չընդգրկված նախագծերը:
Նման նախագծերից է ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հեղինակած ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Էնֆիաջյանն առաջարկում էր ԱԺ փոխնախագահներին ևս լսումներ իրականացնելու լիազորություն տալ: Գործող օրենքով լսումներ կարող են հրավիրել ԱԺ նախագահը, մշտական հանձնաժողովները, խմբակցությունները: Էնֆիաջյանն առաջարկում է նաև օրենքով ամրագրել, որ խմբակցությունը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել երկու լսում:
Նախագծի հեղինակ Վահե Էնֆիաջյանն առաջարկեց նախագծին դրական եզրակացություն տալ: Նախագծի հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկեց դեմ քվարկել նախագիծն օրակարգ ներառելու առաջարկին, քանի որ ԱԺ խոսնակն ինքնուրույն չունի լիազորություններ:
«Ստացվում է իրավիճակ, երբ ԱԺ նախագահի տեղակալն ինչ-որ առումով ավելի շատ լիազորություններ է ունենում, քան նախագահը: Ես համաձայն եմ, որ հնարավոր է ընդլայնել լսումներ իրականացնելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը, օրինակ` ԱԺ խորհուրդ կամ պատգամավորների ինչ-որ հատված, դա տրամաբանական է, բայց անկեղծ լինենք, կա 15 սուբյեկտ, որոնք կարող են հրավիրել լսումներ, բայց նախորդ ամբողջ տարվա ընթացքում 9 լսում ենք ունեցել»,- ասաց Վարդանյանը:
Նախագիծը մերժվեց ընդգրկվել օրակարգ` 39 կողմ, 79 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Մեկնաբանել