HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ավգուստա» գործողության ձախողումը. ոստիկանները տարիներ շարունակ չեն կարողացել հայտնաբերել Մանչեսթերում մանկապղծությամբ զբաղվող ցանցը

Հունվարի 14-ին Մեծ Բրիտանիայում հրապարակվեց անկախ զեկույց, որից հետևում է, որ տարիներ շարունակ ոստիկանությունը չի հետաքննել 21-րդ դարում երկրի ամենալուրջ հանցագործություններից մեկը: 2000-ականների առաջին կեսին Մանչեսթերում մոտ հարյուր մարդ մարմնավաճառության մեջ էր ներգրավել անապահով  ընտանիքների անչափահաս աղջիկներին:

Ինչպես հաղորդում է «BBC»-ն, Մանչեսթերի ծայրամասերից և արվարձաններից առնվազն 57 դեռահասներ բռնաբարության զոհ են դարձել: Նրանց ահաբեկել և ստիպել են թմրանյութեր օգտագործել: Ոստիկանությունը տարիներ շարունակ հետաքննում էր այս գործը, միևնույն ժամանակ անտեսում էր աղջիկների և սոցիալական աշխատողների ցուցմունքները (նրանք ևս  չէին շտապում դիմել ոստիկանություն):

Ավելի քան երկու տարի տեւած անկախ հետաքննությունից հետո ոստիկանությունը պարզապես կարճել էր գործը:

Վիկտորյա

2003 թվականի հոկտեմբերին բրիտանական  ԶԼՄ-ները հայտնում էին Վիկտորյա Ագոգլիա անունով 15-ամյա աղջկա մահվան մասին (ոմանք նրան անվանում էին խորթ հոր ազգանունով՝ Վիկի Բըրն):

Աղջիկը հայր չուներ, մայրը մահացել էր, երբ նա ութ տարեկան էր: Վիկտորյան  ապրում էր մեկ խորթ հոր հետ, մեկ՝ տատիկի, տասնյակ անգամներ փախել էր տնից:  Վերջին տարին  հիմնականում անցկացրել էր հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացման կենտրոնում` երկրի հյուսիսում գտնվող Ռոչդեյլ քաղաքում` Մանչեսթերի արվարձանում: Այդտեղից էլ նա առնվազն 50 անգամ էր փախել:

Ոստիկաններն այդպես էլ չնշեցին նրա մահվան պատճառը, բայց հայտնեցին թունաբանական փորձաքննության արդյունքները, ինչից ԶԼՄ-ներն անմիջապես ենթադրեցին, որ աղջիկը մահացել է թմրամիջոցների գերդոզավորումից:

Թերթերը, սովորաբար, նման դեպքերում հրապարակում են ընտանիքի հայտարարություններ, այս դեպքում՝ նրա տատ Ջոանի պատմությունը թոռնուհու մասին: Դրանում ասվում էր, որ Վիկին տիպիկ դեռահաս էր, կյանքով լեցուն, և բոլորը, ովքեր նրան ճանաչում էին, կկարոտեն: Նա երազում էր դառնալ վարսահարդար և մոդել:

Մանկատունը համակարգող սոցիալական աշխատողը (նրա անունը չի նշվում), ասել է, որ ինքն ու գործընկերները արել են հնարավոր ամեն ինչ աղջկան վտանգներից պաշտպանելու համար: «Երբեմն նա կատարյալ պատանի էր, բայց երբեմն էր թվում, թե նրա մեջ սատանա է մտել»,-ասել է աշխատակիցը:

Մանչեսթերի ոստիկանությունն այդ ժամանակ հայտարարեց, որ ձերբակալել և հարցաքննել է 22-ամյա Մուհամմեդ Յակուբին: Ինչպես հետո պարզվել է, նա եղել է այն բնակարանի սեփականատերը, որտեղ աղջիկը հերոինի մահացու չափաբաժին է ընդունել: Նրան 3,5 տարի ժամկետով դատապարտել են թմրանյութերի ապօրինի շրջանառության համար:

Որոշ ժամանակ անց ԶԼՄ-ները մոռացել են այս պատմության մասին: 2000-ականներին դեռահասների մահը թմրանյութերի չարաշահումից արտառոց բան չէր Մեծ Բրիտանիայում:

«Ավգուստա գործողություն»

2004 թվականի սկզբին ոստիկանությունը հետաքննություն սկսեց, որը կոչվեց «Ավգուստա գործողություն»: Կասկածներ կային, որ Վիկտորյա Ագոգլիան կարող էր ներգրավված լինել մարմնավաճառության մեջ, և որ սա միակ դեպքը չէ:

Պարզվել էր, որ աղջիկն ինքնուրույն չի ընդունել հերոինը, այլ Մուհամմեդ Յակուբի տանը 50-ամյա մի տղամարդու միջոցով: Նրան կալանավորել են, հետո գրավի դիմաց ազատել, բայց տղամարդուն հետագայում բանտարկել են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով (նրա անունը մինչ օրս հայտնի չէ):

Հետագայում հետաքննության արդյունքում պարզվել է, որ Մանչեսթերի հարավում և արվարձաններում կա լավ կազմակերպված խմբավորում, որում ներառված էին հիմնականում Ասիայի և Մերձավոր Արևելքի գաղթականները: Նրանք իսկապես փնտրում էին անապահով  ընտանիքների անչափահաս աղջիկների, ներգրավում մարմնավաճառության մեջ, բռնաբարում էին, ստիպում էին թմրանյութեր օգտագործել և ճնշում էին նրանց:

“Manchester Evening News”-ը հայտնել է. «Ոստիկանությունն արագ բացահայտեց բռնություն գործադրած հարյուրավոր տղամարդկանցից կազմված ցանցը: Բայց այն պատճառով, որ հետաքննությունը դանդաղ և անարդյունավետ էր ընթանում, գրեթե ոչ ոք չձերբակալվեց: Այդ խմբավորման անդամներից առնվազն ութը կատարել են նոր հանցագործություններ՝ ներառյալ անչափահասների բռնաբարություն, իրենց անունները հայտնի դառնալուց հետո:

Այդ հարյուր հոգուց մեծ մասը շարունակում է ազատության մեջ գտնվել:

2008-ին Մանչեսթերից մի դեռահաս աղջիկ հաղորդում էր տվել ոստիկանությանը, որ բռնաբարել են իրեն: Ոստիկանությունը չի չընդունել նրա հաղորդումը, քանի որ այն ճշմարտանման չէր: 2009 թվականին Ռոչդեյլից  մեկ այլ աղջիկ դիմել է ոստիկանություն, հայտնել բռնաբարության մասին, արդյունքը նույնն էր:

Մանչեսթեր քաղաքում առողջապահական համակարգի ճգնաժամային կառավարման ազգային համակարգող Սառա Ռոուբոթեմը 2003-ից մինչև 2014 թվականները  ոստիկանությանն է հաղորդել անչափահաս աղջիկների մասնակցությամբ 180 միջադեպի մասին՝ տնից փախուստից մինչև մեծահասկաների հետ սեռական հարաբերություններ ունենալու մասին պատմություններ: Այս ամենը նույնպես մնացել է չհետաքննված:

Հանի Մոնսթր

2010-ին հետաքննությունը ղեկավարում էր Մանչեսթերի ոստիկանության սպա Մեգի Օլիվերը: Մինչ այդ ոստիկանությունը կարողացել էր կալանավորել անչափահասների նկատմամբ սեռական բռնություն գործադրած միայն ինը տղամարդու:

Օլիվերն ասել էր, որ ինը տղամարդու կալանավորումը ընդամենը կաթիլ է ծովի մեջ: Նա անձամբ խոսել էր սեռական բռնության զոհ դարձած տասնյակ անչափահասների հետ, որոնցից ոմանք հազիվ 11 տարեկան էին:

Նրա հետաքննությունը ցույց տվեց, որ զոհերին փնտրել են աղքատ թաղամասերում և անապահով ընտանիքներում, հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացման կենտրոններում:

12-13 տարեկան աղջիկները պատմում էին, որ նույնպիսի անչափահաս՝ 15-16 տարեկան աղջիկներ իրենց համոզել են մարմնավաճառությամբ զբաղվել: Նրանցից մեկի մականունը Հանի Մոնսթր էր, մյուսինը՝ Ռուբի:

Աղջիկներին խոստանում էին սնունդ, երբեմն նրանց տալիս էին որոշակի գումար կամ էժան նվերներ: Նրանք ստիպված էին լինում ալկոհոլ և թմրանյութեր օգտագործել: Նրանք հաճախորդներ փնտրում էին ծայրամասում՝ փոքր սրճարանների և խանութների հարևանությամբ, որտեղ գրեթե ամբողջ գիշեր կարելի էր գնել ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ և սնունդ:

Նրանք, ովքեր փորձել են փախչել և դիմել ոստիկանություն, ահաբեկվել են:

Առավոտյան աղջիկներին տանում էին իրենց տները կամ ժամանակավոր կացարանները: Ինչպես ավելի ուշ հաստատվելու էր, սոցիալական աշխատողները տեսել են այս ամենը, կասկածել, բայց չեն համագործակցել ոստիկանության հետ:

Չնայած այն հանգամանքին, որ տեղեկությունները գնալով շատանում էին, հետաքննությունը դանդաղ էր ընթանում: Մի քանի անգամ այն ընդհանրապես դադարեցվել էր` միջոցների անբավարարության պատճառով:

Օլիվերը մի քանի ամիս արձակուրդ էր վերցրել՝ ծանր հիվանդ հորը  խնամելու համար, և երբ վերադարձել էր, տեսել էր, որ այդ հարցով ոչ ոք չի զբաղվել: «True Crime» փոդքասթին  տված հարցազրույցում նա ասել է, որ նոր ապացույցներ էր ներկայացրել ավագ սպաներից մեկին, իսկ սպան ասել էր. «Ի՞նչ կարող էին տալ այս երեխաները հասարակությանը, նրանց պետք էր խեղդել ծնվելիս»:

Մինչև 2012 թվականը ոստիկանությունը կարողացել է  դատական գործեր հարուցել 12 մարդու դեմ, բոլորը Մեծ Բրիտանիայի և Պակիստանի քաղաքացիներ էին: Դատարանը նրանց դատապարտել է 5-19 տարի ժամկետով:

2012-ին Մեգի Օլիվերը հրաժարական տվեց` ի նշան բողոքի, որ հետաքննությունն առաջ չէր գնում: Guardian-ին տված հարցազրույցումնա ասել էր, որ դրանք իր կյանքի ամենավատ երկու տարիներն էին: Բայց Օլիվերը հենց այնպես չհեռացավ, նա որոշեց տեղեկատվություն հրապարակել գործի վերաբերյալ: Մամուլն այդ ժամանակ գրեթե չգիտեր գործի մասշտաբների մասին:

Խաբված աղջիկներ

Լրատվամիջոցներն աստիճանաբար սկսեցին մանրամասներ ստանալ Մանչեսթերում  ընթացող հետաքննության մասին:

Առաջին իսկապես ցնցող պատմությունը Վիկտորյա Ագոգլիայի օրագրի հրապարակումն էր, որը գրվել էր նրա մահվանից երկու տարի առաջ․

«Ես ընդամենը 13 տարեկան եմ, ես մի ամբողջ կյանք ունեմ իմ առջև: Ես քնել եմ ինձանից տարիքով մեծ տղամարդկանց հետ, նրանց մի մասի անունները չգիտեմ անգամ: Ես անբարոյական եմ, և այստեղ հպարտանալու բան չկա: Ես խմել եմ, ծխել եմ: Թմրադեղեր եմ ընդունել, կոկաին, հերոին օգտագործել, և այս ամենն ինչի՞ համար: Ես փորձել եմ տպավորություն թողնել տղաների վրա, բայց նրանք ինձ հետ վերաբերվում էին այնպես, ինչպես փողոցայինի: Ես ամեն ինչ կորցրեցի թմրանյութերի պատճառով․ տղաներին... ընտանիքս ... »:

Լրատվամիջոցներին օրագիրը փոխանցել էր աղջկա տատը` Ջոան Ագոգլիան: Մեգի Օլիվերը, ով զբաղվում էր գործի հետաքննությամբ, հաստատել էր, որ այն եղել է գործի նյութերում:

2017-ի մայիսին BBC-ում թողարկվեց «Երեք աղջիկ» դրաման՝ հիմնված Մանչեսթերում կատարված իրադարձությունների վրա: Մեգի Օլիվերը ֆիլմի խորհրդատուն էր:

2017-ի հուլիսին BBC-ն թողարկեց «Հավատարիմ աղջիկներ» վավերագրական ֆիլմը: Այնտեղ ևս խոսվում էր անչափահասների դեմ կատարված հանցագործությունների մասին, և թե ինչպես դրանք  չեն հետաքննվել:

2017-ի մայիսին Լեյբորիստական կուսակցության անդամ Էնդի Բերնհեմը դարձավ Մանչեսթերի քաղաքապետ: Ֆիլմի հեռարձակումից և Մեգի Օլիվերի ելույթներից հետո նա հանձնարարեց «Ավգուստա գործողության» անկախ աուդիտ անցկացնել: Այն պատրաստեցին երեխաների պաշտպանության հարցերի փորձագետ Մալկոլմ Նուսամը և Քեմբրիջի ոստիկանության նախկին դետեկտիվ Գարի Ռիդջուեյը:

Նրանց 145 էջանոց զեկույցը լույս է տեսել 2020 թվականի հունվարի 14-ին:

«Ցավոտ ընթերցանություն»

Զեկույցում ասվում է, որ հետաքննության անցկացման  տարիների ընթացքում Մանչեսթերի ոստիկանությունը հայտնաբերել է սեռական բռնության ենթարկված 57 անչափահաս զոհի եւ ադ գործունեության մեջ ներգրավված 97 չափահասի, որոնք հիմնականում ասիական ծագում ունեին:

Նրանցից շատերին նույնիսկ չէին փորձել պատասխանատվության ենթարկել, չնայած ոստիկանությունը ոչ միայն ճանաչում էր հանցագործներին, այլեւ հետեւում էր, բայց հետո այդ ամենը դադարեցվեց:

 Զեկույցի համաձայն՝ գործողությունն ավարտվել է վաղաժամ, առանց արդյունքի հասնելու: Ոստիկաններն ունեին կասկածյալների անունները, տեղեկություններ նրանց բնակության վայրի մասին, հեռախոսահամարներ, բայց այդ ամենը չեն օգտագործել:

Հունվարի 14-ի երեկոյան Մանչեսթերի ոստիկանության պետ Յան Հոփկինսը (նա ղեկավարում էր 2015-ից, իսկ համակարգում աշխատում էր 2008 թվականից), հրավիրել էր մամուլի ասուլիս և ներողություն խնդրել: Պետը խոստացել էր, որ ոստիկանությունն ամեն ինչ անելու է՝ բացահայտելու 10-15 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները:

Ոստիկանությունը հասկացրել էր, որ հետաքննությունը չի դադարել: 2019 թվականի սեպտեմբերին հարցաքննել և կալանավորել էին երկու տղամարդու, որոնք, ենթադրաբար, կապ ունեին Վիկտորյա Ագոգլիայի մահվան հետ:

Մանչեսթերի քաղաքային խորհուրդը ներողություն է խնդրել տուժածներից: Ղեկավար Ջոաննա Ռոնին ասել է, որ «Ավգուստա օպերացիայի» զեկույցը «ցավոտ ընթերցանություն» է:

«Անցյալը չի կարող փոխվել, բայց մենք դասեր ենք քաղել: Այժմ՝ 15 տարի անց, մենք ավելի շատ հնարավորություններ ունենք երեխաներին պաշտպանելու սեռական շահագործումից»,- ասել է նա:

«Այսօր ինձ համար շատ կարևոր օր է, ես միշտ իմացել եմ, որ ասել եմ ճշմարտությունը»,- ասել է Մեգի Օլիվերը “Manchester Evening News”-ին տված հարցազրույցում:

Զեկույցում ասվում է, որ ոստիկանները և սոցիալական աշխատողները գիտեին, որ այն տանը, որտեղ ապրում էր Վիկտորյա Ագոգլիան, նա ենթարկվում էր սպառնալիքների, սեռական բռնության և շահագործման: Բայց ոչինչ չէին ձեռնարկում:

«Ես ինձ շատ լավ եմ զգում: Ես ամբողջ կյանքում պայքարել եմ ճշմարտության համար և հաղթել եմ: Հենց սկզբում ես ոստիկանությանը և սոցիալական աշխատողներին ասացի, որ Վիկտորյան ասել է, թե ինչ են անում իր հետ մեծահասակ տղամարդիկ, բայց ի պատասխան այդ ամենի՝ նրանք ինձ միայն ստել են»,- զեկույցի հրապարակումից հետո ասել է աղջկա տատիկը` Ջոան Ագոգլիան:

Պատրաստեց Անյա Սարկիսովան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter