HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քաղաքացին չորս տարի է` չի կարողանում բնակվել աճուրդով ձեռք բերած իր տանը

Սյուզաննա Խալաթյանն արդեն չորս տարի պայքարում է Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային աճուրդով գնած բնակելի տուն, հողամաս մուտք գործելու և բնակվելու համար։

Բնակելի տունն ու հողամասը գտնվում են Դավթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր 11 հասցեում։ 113 քմ տան և 118 քմ մակերեսով հողամասի համար Սյուզաննան վճարել է 2 միլիոն 180 հազար դրամ։

Տարածքի նախկին սեփականատեր Մհեր Մարգարյանը Սյուզաննա Խալաթյանին թույլ չի տալիս բնակություն հաստատել տան երկրորդ հարկում, իսկ իրավապահ մարմինները Սյուզաննայի պնդմամբ՝ քայլեր չեն ձեռնարկում տարածքն ազատելու համար։

Թեև 2015 թվականի նոյեմբերին տան նախկին սեփականատեր Մհեր Մարգարյանը դիմել է Վարչական դատարան՝ գույքի առքուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով, սակայն այն մերժվել է։

2017 թվականին էլ Սյուզաննա Խալաթյանը դիմել է ԴԱՀԿ ծառայություն՝ պահանջելով իրեն պատկանող տարածքից վտարել Մհեր Մարգարյանին և նրա ընտանիքին, որպեսզի կարողանա մուտք գործել տարածք։ Մհեր Մարգարյանն այս վարչական ակտը բողոքարկել է դատարանում։

Խալաթյանը տունը գնելիս նաև աճուրդով հարակից հողամասի մի հատվածն է ձեռք բերել, որի մի մասի վրա այս պահին շինարարություն է կատարվում, և եռահարկ շինություն է կառուցվում։ Սյուզաննան ասում է՝ չի կարողանում հասկանալ առանց իր գրավոր համաձայնության և թույլտվության իր հողամասից որքան մակերես է օգտագործվում և դրանում շինություն կառուցվում։ Շինարարության մասին Սյուզաննան պատահական է իմացել, երբ անցնելիս է եղել տարածքով։ Տարածք ոստիկանություն է հրավիրել, սակայն մինչ նրանց տեղ հասնելը, տարածքից շինտեխնիկան հեռացվել է։

«Ես իմ գնած տունը երբևէ չեմ տեսել այս չորս տարիների ընթացքում։ Ոչ մեկն ինձ թույլ չի տվել մուտք գործել։ Պատճառաբանում են, որ տարածքի առաջին հարկի սեփականատերը թույլ է տվել ամբողջ տան նախկին սեփականատեր Մհեր Մարգարյանին բնակվել այդ տանը և նա իրավապահ մարմիններին Վճռաբեկ դատարանի որոշումից հետո բացատրություն է տվել, որ դատական գործընթաց է գնում և դեմ է, որ ես մուտք գործեմ տարածք»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց Սյուզաննա Խալաթյանը։

Ինչից սկսվեց պատմությունը

Սյուզաննա Խալաթյանը 2015 թվականի հոկտեմբերի 10-ին Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային աճուրդով գնել է Դավթաշեն, Սասնա Ծռեր 11 հասցեում տեղակայված երկհարկանի առանձնատան 2-րդ հարկը և դրա դիմացի 120 քմ մակերեսով հողամասը, որն ապահովում է դեպի տուն մուտքը: Գույքը գնելիս նրան տեղեկացրել են, որ տարածքը բնակեցված չէ։

Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վկայականը ստանալու հաջորդ օրը Սյուզաննա Խալաթյանը գնացել է տարածք և պարզել, որ դրա առաջին հարկում բնակվում են տան արդեն նախկին սեփականատերերը և դեպի երկրորդ հարկ նրանք ունեն անարգել մուտք։ Նրան չի հաջողվել բանակցել բնակիչների հետ, որ ազատեն իր գնած երկրորդ հարկը։ Բնակիչներին տարածքից վտարելու պահանջով նույն օրը Խալաթյանը դիմել է ոստիկանություն, որտեղից եկել է պատասխան, որ դա քաղաքացիաիրավական խնդիր է, և նա պետք է դիմի դատարան:

Սյուզաննա Խալաթյանը դիմել է ԴԱՀԿ ծառայություն՝ Մարգարյաններին վտարելու պահանջով։ ԴԱՀԿԾ-ն վտարման օր էր նշանակել, սակայն Մհեր Մարգարյանի փաստաբանը բողոքարկել է ԴԱՀԿԾ-ի կազմած վարչական ակտը։ Դրանից հետո կասեցվել է Մարգարյանների վտարման գործընթացը, և Մհեր Մարգարյանը մեկ այլ դատական հայց է ներկայացրել՝ գույքի առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչելու պահանջով։

«Սա մշտական սցենարն է բոլոր աճուրդից գնող և գույքը կորցրած մարդկանց համար»,- ասում է Սյուզաննան։

2016 թվականի հոկտեմբերին վարչական դատարանը վճռել է ամբողջությամբ մերժել Մհեր Մարգարյանի հայցը։

Դատարանի՝ գույքի առքուվաճառքի հայցի մերժումից հետո Սյուզաննա Խալաթյանը ճարտարապետի հետ գնացել է տարածք, որպեսզի չափագրումներ կատարի և իր համար առանձին աստիճաններ կառուցի մուտք գործելու համար, սակայն դարպասը փակ է եղել, ինչն էլ արձանագրվել է ոստիկանության կողմից։

2017 թվականի նոյեմբերին Սյուզաննան կրկին դիմել է ԴԱՀԿ՝ աճուրդից գնած տարածքից նախկին սեփականատերերին վտարելու պահանջով։ Մհեր Մարգարյանը դիմել է դատարան՝ բնակարանից հարկադիր վտարելու որոշումը անվավեր ճանաչելու պահանջով։ Մինչ օրս Վարչական դատարանը քննում է այս դատական պահանջը։ «Դատարանում քննելու բան չկա, որովհետև նույն դատարանը, արդեն իսկ քննել է այս գործը ամբողջությամբ՝ օրինական ճանաչելով իմ գնումը և նրանց հայցը չի բավարարել։ Այսինքն դրանից ավելի ի՞նչ պետք է քննվի, որպեսզի գույքը օտարվի և ես այն օգտագործեմ»,- ասում է Սյուզաննան։

Սյուզաննա Խալաթյանի քույրը օրեր առաջ անցել է այդ տարածքով և նկատել, որ Սյուզաննային պատկանող տարածքում լույս է վառվում․ «Այդ մարդիկ անարգել օգտվում են իմ տնից։ Բայց ես արդեն չորս տարի է՝ դատարանով, իրավապահ մարմիններով չեմ կարողանում իմ տարածքն ազատել և տեղափոխվել այնտեղ բնակվելու»,- ասում է Խալաթյանը։

Մենք կապ հաստատեցին Մհեր Մարգարյանի փաստաբան Գեղամ Մարգարյանի հետ։ Վերջինս ասաց, որ քննվող գործը դեռևս լուծում չի ստացել, չկա եզրափակիչ ակտ, հետևաբար օբյեկտիվ կլինի սպասել դատարանի վճռին։

«Մհեր Մարգարյանը քանի դեռ վեճ ունի, ինքը չգիտի ինչ վարքագիծ դրսևորի։ Նա չգիտի Հարկադիր կատարողի որոշումը կամ գործողությունները իրավաչափ են, թե ոչ։ Դրանց գնահատականը մինչ դատարանը համապատասխան դատական ակտով չտա, բնականաբար Մհեր Մարգարյանը չի կարող, ենթադրելով, որ դա օրինական է կամ ոչ օրինական, իր հետագա գործողությունները պլանավորի»,- ասաց փաստաբանը։

Գեղամ Մարգարյանի կարծիքով՝ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Մհեր Մարգարյանի գույքի առքուվաճառքի գործընթացում խախտումներ է թույլ տվել։ Սակայն չմանրամասնեց, թե ինչ խախտումների մասին է խոսքը։ Ասաց՝ ով մեզ դիմել է, հայցադիմումի օրինակ կարող է փոխանցել և իր դիրքորոշումներին կարող ենք ծանոթանալ այնտեղ։

Մեկնաբանություններ (2)

Yerevan2800
Առաջին դեպքը չէ, օրենքի ու դատարանների պատճառով մարդիկ թե նյութական թե բարոյական վնաս են կրում, իմ ծանոթներից էլ է հանդիպել նման դեպքի, չորս տարի տևեց դատական գործընթացը մինչև որ հին տանտերը համաձայնվեց փոխհատուցել՝ որից հետո գնացին այլ բնակարան ձեռք բերեցին, եթե հին տանտերերը որ այդքան վճարունակ են թող իրենց գույքը գրավի առարկա չմտածված կերպով չդարձնեն, որ այսպիսի պատմություններ չլինեն, իսկ դատական գործընթացները ժամանակ ձգելու լավ հնարավորություն են,
Սյուզանն Խալաթյան
Շնորհակալ եմ Դիանա ջան, ձեր աշխատանքի համար, և հույս ունեմ ու անելու եմ ամեն ինչ, որ թե Դավթաշենի ոստիկանության տեսուչներից մինչև ոստիկանապետեր, թե քաղաքապետարանի համապտասխան շին. թույլտվություն տրամադրած պաշտոնյաները, թե ԴԱՀԿ-ում այս անձանց համար տանիք ապահովող պաշտոնյաները կրեն համապատասխան պատասխանատվությունը, երբ էլ որ դա լինի, մինչև վերջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter