HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է մեկ համարանիշի բացակայության դեպքում կիրառել 20 հազար դրամ տուգանք և 2 բալ պակասեցնել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի օրենսդրական առաջարկը:

Պատգամավորն առաջարկում է ավտոմեքենայի մեկ պետհամարանիշի բացակայության դեպքում նոր` ավելի մեղմ կարգավորումներ:

«Գործող օրենքով երբ մեքենայի պետհամարանիշներից մեկը կամ երկուսը բացակայում են, վարորդը մեկ տարով զրկվում է մեքենա վարելու իրավունքից, նախկին կարգավորմամբ երկու հարյուր հազար դրամ էր տուգանքը: Ես առաջարկում եմ այն դեպքերում, երբ մեքենայի համարանիշերից մեկն է բացակայում, կիրառել ավելի մեղմ վարչական պատժամիջոց` 20 հազար դրամ տուգանք և երկու բալ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի մեկից գործում է բալային համակարգը, որով էլ կարգավորվում է օրինազանց վարորդների պատասխանատվության ենթարկվելը:

Նախագծի հեղինակի խոսքով` ճիշտ է, որ երկու համարանիշի բացակայության դեպքում լինի խիստ պատժամիջոց, սակայն վերջինս խոսեց այն դեպքերի մասին, երբ մեկ համարանիշի բացակայության հարցում վարորդի մեղավորությունը չկա, օրինակ՝ վատ ճանապարհի պատճառով մեքենան «փոսն ընկնի ու վրայից ընկնի համարանիշը»:

Նախագծի հարակից զեկուցող, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը կոչ արեց նախագծին կողմ քվեարկել:

Վերջինս հիշեցրեց, որ եղանակային փոփոխություններից` տեղումներից հետո ոստիկանությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ մարդիկ տեխնիկական պատճառներով կորցնում են համարանիշերը: Խաչատրյանի խոսքով` մեկ համարանիշի կորստի դեպքում դժվար է հիմնավորել՝ արդյոք կորել է այն, թե միտումնավոր է այդպես ներկայացվում, սակայն մեկ տարով վարելու իրավունքից զրկվելը շատ խիստ տույժ է:

«Եթե նույնիսկ տաս դեպքից մեկը ճիշտ եղած լինի, ավելի լավ է ինը դեպքով մեզ խաբեն, բայց մեկ դեպքով անմեղ քաղաքացին չենթարկվի խիստ պատասխանատվության: Այս նորմը բարելավում է առկա վիճակը, արդարացի ու համապատասխան է արարքի բնույթին ու վտանգավորության աստիճանին»,- ասաց Խաչատրյանը:

Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը ևս հայտնեց, որ Կառավարությունը կողմ է նախագծին: Վերջինիս խոսքով` Կառավարությունն ավելի խիստ պատժաչափ էր առաջարկում կիրառել` չորս միավոր, սակայն հանձնաժողովում քննարկումների ժամանակ երկու միավորն է ֆիքսվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter