
Պատգամավորներն առաջարկում են քաղաքացիների` օրենսդիր աշխատանքի համար ավելի մեղմ կարգավորումներ
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանի և Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը: Պատգամավորներն առաջարկում են ավելի մեղմ կարգավորում այն դրույթում, որը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին մասնակցել օրենսդիր աշխատանքին: Հիմնական զեկուցող Համազասպ Դանիելյանը հիշեցրեց, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով նախատեսվել է, որ քաղաքացիները ևս կարող են օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ:
«Առնվազն 50 հազար ընտրական իրավունք ունեցող քաղաքացի կարող է ԱԺ օրակարգ բերել որևէ նախաձեռնություն: Ապա «Հանրաքվեի մասին» օրենքով մանրամասները ներկայացվեցին, սակայն անցած տարիների ընթացքում չի հաջողվել նման նախաձեռնություն բերել ԱԺ օրակարգ տարբեր պատճառներով: Այս նախաձեռնությունն այդ պատճառների մի մասին համալիր լուծում տալն է»,- ասաց Դանիելյանը:
Պատգամավորի խոսքով` առաջարկվում է նախաձեռնող խմբի անդամների կրճատման դրույթ, նախաձեռնության գրանցման հետ կապված ԿԸՀ վարչարարության տևողությունը երկարացնող դրույթ և ստորագրությունների հավաքագրման համար նախատեսված օրերի քանակի ավելացում:
Նախագծի հարակից զեկուցող Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանն առաջարկեց կողմ քվեարկել նախագծին` ասելով, որ այն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Հիշեցնենք, որ գործող օրենքով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվող նախաձեռնող խմբի անդամների նվազագույն քանակը 50-ն է: Սահմանադրությունը նման դրույթ նախատեսում է ընտրական իրավունք ունեցող Հայաստանի 50 հազար քաղաքացու ստորագրության առկայության դեպքում:
Մեկնաբանել