HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ռոսավիացիան» իր փոխադրողին թույլատրել է շաբաթական 7 անգամ Ղրիմից Երեւան թռչել, հայկական կողմը փաստաթղթերը դեռ չի ստացել

Օրեր առաջ ռուսական մամուլում լուր տարածվեց այն մասին, որ Ռուսաստանի «Իկար» ավիաընկերությունը (ներկայանում է «Pegas Fly» ապրանքանիշով) չվերթներ է իրականացնելու Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլի ու Երեւանի միջեւ: Հաշվի առնելով Ղրիմի՝ որպես ռուսական տարածք միջազգայնորեն ճանաչված չլինելու հանգամանքը՝ այս լուրը բավականին հետաքրքիր էր: Ընդ որում՝ առաջին անգամ չէ, որ խոսակցություն է բացվում Հայաստանից դեպի Ղրիմ ուղիղ չվերթների մասին:

Հիշեցնենք, որ 2014-ի մարտին Ղրիմը հանրաքվեով միացավ Ռուսաստանին, ինչը, սակայն, Ուկրաինայի եւ միջազգային հանրության կողմից համարվեց ռուսական անեքսիա: Նույն տարվա սեպտեմբերին խոսք բացվեց Սիմֆերոպոլ-Երեւան-Սիմֆերոպոլ չվերթների մասին: Այդ մասին պաշտոնապես հայտնել էր Ղրիմի տրանսպորտի նախարարը: Ուկրաինայի կազմից դուրս գալուց հետո Ղրիմից դեպի Հայաստան եւ Թուրքիա ուղիղ չվերթները պիտի լինեին առաջին միջազգային թռիչքները Սիմֆերոպոլի օդանավակայանի համար: Երեւանն ու Սիմֆերոպոլն իրար պիտի կապեր չեչենական «Գրոզնիա Ավիան», սակայն ուղիղ չվերթներ այդպես էլ չկայացան: «Հետքի» աղբյուրն այն ժամանակ հայտնել էր, որ ուղիղ չվերթների մասին լուրից հետո ամրիկյան կողմը սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ, ինչից հետո էլ Երեւանի ու Ղրիմի միջեւ թռիչքները փոփոխության ենթարկվեցին: «Գրոզնիա Ավիան» փոխեց երթուղին. ավիաընկերությունը 2014-ի նոյեմբերից մեկնարկեց Երեւան-Անապա-Սիմֆերոպոլ չվերթը: Քանի որ թռիչքի Անապա-Սիմֆերոպոլ հատվածը Ռուսաստանի տիրույթում էր, Հայաստանի հանդեպ որեւէ դժգոհություն չէր կարող լինել: Բայց արժե նշել, որ «Ռոսավիացիան» չեչենական ընկերությանը դեռ 2014-ի ամռանը թույլատրել էր իրականացնել Սիմֆերոպոլ-Երեւան-Սիմֆերոպոլ ուղիղ չվերթներ, ավելին՝ ընկերության կայքում տոմսեր էին առաջարկվում ոչ թե Երեւան-Անապա, այլ հենց Երեւան-Սիմֆերոպոլ ուղղության համար:     

Միջազգային թռիչքների համար փակ է ոչ միայն Սիմֆերոպոլի օդանավակայանը, որը 2014-ի մարտից ընդունում է բացառապես ներռուսաստանյան չվերթներ, այլեւ փակ է համարվում Ղրիմի օդային տարածքը, որը, սակայն, ռուսական կողմն անտեսում է: 2014-ից մինչ օրս Ուկրաինան հսկայական տուգանքներ է հաշվարկել ռուսական օպերատորների նկատմամբ, որոնք, ըստ ուկրաինական կողմի, ապօրինաբար ավիափոխադրումներ են իրականացնում դեպի Ղրիմ: Եթե Ռուսաստանն իրեն կարող է թույլ տալ անտեսել Ուկրաինայի եւ միջազգային հանրության պահանջները, ուշադրություն չդարձնել ICAO-ի եւ Եվրակոնտրոլի պահանջներին, ապա նույն բանը հասկանալի պատճառներով չի կարող անել մեր երկիրը:

Նկատենք, որ ինչպես 2014-ին, այս անգամ էլ «Ռոսավիացիան» իր փոխադրողին թույլատրել է (ավիացիոն բառապաշարում՝ նշանակել է) ուղիղ չվերթներ իրականացնել Սիմֆերոպոլի ու Երեւանի միջեւ: Այսպես՝ 2019 թ. դեկտեմբերի 16-ին «Ռոսավիացիայի» ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Սուխանովը բավարարել է «Իկար» ավիաընկեության հայտը եւ թույլատրել վերջինիս շաբաթական 7 անգամ հաճախականությամբ իրականացնել Սիմֆերոպոլ-Երեւան-Սիմֆերոպոլ ուղիղ չվերթներ: Սրանից բացի՝ «Իկարը» ստացել է նաեւ Ստավրոպոլ-Երեւան-Ստավրոպոլ եւ Ուֆա-Երեւան-Ուֆա կանոնավոր թռիչքների թույլտվություն (երկուսի դեպքում էլ՝ շաբաթական 2 անգամ):  

Ինչպես ասում են, այժմ գնդակը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի դաշտում է: Այդուհանդերձ, ՔԱԿ-ի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ստեփան Փայասլյանը «Հետքին» հայտնել է, որ մինչ օրս հայկական կողմը չի ստացել «Իկարի» հայտը եւ դրան կից՝ «Ռոսավիացիայի» կողմից արված նշանակումները նոր չվերթների համար: Մեր հարցին, թե արդյոք փաստաթղթերը ստանալու դեպքում ՔԱԿ-ն իրավունք կտա ռուսական օպերատորին ուղիղ թռիչքներ իրականացնել Երեւանից Ղրիմ, Փայասլյանը կոնկրետ պատասխան չտվեց՝ նշելով, որ հայտը կքննարկեն ստանալուց հետո:

Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, առողջավայրերի եւ սպորտի հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Չեռնյակն ասել է, որ չվերթները մեկնարկելու են մարտից: Նշենք, որ մարտի վերջին բացվում է ամառային աերոնավիգացիոն սեզոնը, որը շարունակվում է մինչեւ հոկտեմբերի վերջ:  

Այդուհանդերձ, հաշվի առնելով 2014-ի փորձը, կարելի է ասել, որ հայկական կողմը կխուսափի միջազգային սկանդալում հայտնվելուց, եւ «Իկարը» ստիպված կլինի Երեւանից իր ուղեւորներին տեղափոխել նախ Ռուսաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում գտնվող որեւէ կետ, օրինակ՝ Սոչի, այնուհետ՝ Սիմֆերոպոլ, այսինքն՝ այնպես, ինչպես Անապայի միջոցով անում էր «Գրոզնի Ավիան»:      

1993-ին հիմնադրված «Իկար» ավիաընկերությունը, որն իբրեւ հաբ օգտագործում է Ժուկովսկու եւ Խաբարովսկի օդանավակայանները, ներկայում դեպի Երեւան չվերթներ է իրականացնում Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Սոչիից, Նիժնի Նովգորոդից, Սամարայից, Վորոնեժից, Միներալնիե Վոդիից:      

Լուսանկարը՝ Աննա Զվերեւայի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter