
Կառավարությունն ուզում է ուժային կառույցներին զրկել գաղտնալսման հնարավորությունից
Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած նախագիծը: Այս փոփոխություններով առաջարկվում է ոստիկանությանը տալ ինքնուրույն գործառույթ` գաղտնալսելու հեռախոսային խոսակցությունները: Նախագծի համահեղինակ Արմեն Խաչատրյանի խոսքով` Քրեական օրենսգրքի շուրջ 80 տոկոսը կազմող հանցագործությունների բացահայտման նպատակով ոստիկանությանը վերապահված է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու իրավունք, որոնց օպերատիվությունից կախված է հանցագործության բացահայտման հնարավորությունը:
«Ոստիկանությունն այդ միջոցառումներն իրականացնելու համար դիմում է ԱԱԾ-ին, վերջինս ապահովում է կապուղիներ և համապատասխան տեխնիկական միջոցներ: Առաջարկվում է, որ ոստիկանությունը սեփական կապուղիներով ու տեխնիկական միջոցներով իրականացնի գաղտնալսում»,- ասաց Խաչատրյանը:
Ինչպես առաջին ընթերցման ժամանակ, այնպես էլ հիմա Կառավարությունը դեմ է նախագծին: Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի խոսքով` Կառավարությունը դեմ է ներկա փուլում հատվածական կարգավորումներին:
«Այսօր Կառավարության օրակարգում քննարկման առարկա է դարձել նոր առաջարկ. առաջարկվում է առանձին կազմակերպությանը վերապահել գաղտնալսումների կազմակերպման ընթացքը և ստեղծել հաշվետվողականության և վերահսկման մեխանիզմներ: Այսինքն՝ գաղտնալսման կազմակերպման հնարավորություն ունենան անմիջականորեն ոչ թե ուժային մարմինները, այլ առանձին կազմակերպություն, որի անկախությունը երաշխավորված կլինի և որը կունենա հաշվետվողականության և վերահսկման մեխանիզմներ»,- ասաց փոխնախարարը` կոչ անելով դեմ քվեարկել նախագծին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել