HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բաժանարար փողոցը»` ռուս-թուրքական մերձեցման գրավական

Ռուս-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը կարելի է բնութագրել որպես փողոցի տարբեր կողմերում գտնվող ամբիցիոզ հարևանների բարեկամություն, ովքեր մեծ հաճույքով իրենց կրկին կնվիրեին միմյանց պատմական ընթացքին խոչընդոտ դառնալու գործին, սակայն որոնց շահերը դա թույլ չեն տալիս:

Ինչպես իննսուն տարի առաջ, Ռուսաստանի և Թուրքիայի մերօրյա ընդհանրական շահերը բախվում են Արևմուտքի հանդիպակաց շահերին: Սակայն, ի տարբերություն անցյալի, այսօր ԱՄՆ-ի և եվրոպական տերությունների քաղաքականության կիզակետում գտնվում է Ռուսաստանը Թուրքիայից բաժանող այն «փողոցը», որի երկու կողմում հայտնվել են երբևէ ընդհանուր սահման ունեցած այս հարևանները:

Փողոցի սկզբնամասում «ապրող» արևմտյան տերություններն ունեն փողոցն ըստ սեփական ծրագրերի գործարկելու ցանկություն, որը ներկայում այնպիսի սպառնալիք է դիտվում դարավոր թշնամություն ունեցող երկու հարևանների համար, որ ստիպում է ժամանակավորապես մոռացության մատնել նախկին վեճերն ու տրվել բարեկամության գործին:

Պայմանականորեն «փողոց» անվանված տարածքն իրականում այնքան էլ վերացարկված բնորոշում չէ: Սև ծովից դեպի Կասպից ծով ձգվող տվյալ կապուղին իսկապես կոմունիկացիոն դեր է խաղում եվրասիական ողջ տարածաշրջանում: Վերջին երկու տասնամյակում նրա այդ դերն այնքան է մեծացել տերությունների փոխհարաբերություններում, որ ստիպում է Ռուսաստանին ու Թուրքիային մի կողմ թողնել դարավոր մրցակցության ռազմաքաղաքական դիտանկյունը և ուշադրությունն ուղղել հենց նույն «փողոցում» տնտեսական ու հաղորդակցական երկուստեք ծրագրերի կենսակոչմանը:

Երկու տերության միջև հարյուրամյակների ընթացքում մեկ տասնյակից ավելի պատերազմների փաստը, ինչպես նաև բալկանյան, սևծովյան ու կովկասյան տարածաշրջաններում մշտական մրցակցությունը, իհարկե, թողնում են իրենց ազդեցությունը, սակայն շահերն առավել կարևոր են մշտական թշնամիներին չտեսնելու համար:

Ուստի, երկուստեք շփման հիմնական գոտում' Սև ծովի ավազանում, վարվում է տնտեսական ծրագրերի մերձեցման մրցակցային քաղաքականություն, որում արևմտյան հաղորդակցական այլընտրանքային յուրաքանչյուր նախագիծ ծառայեցվում է որպես դիմացինին վախեցնելու ու դրա միջոցով նոր շահաբաժիններ ձեռք բերելու միջոց:

Մոսկվայի և Անկարայի համար ներկա փուլում առավել կարևորն «Ակկույու» ատոմակայանի, «Սամսուն-Ջեյհան» նավթամուղի և «Հարավային հոսք» գազամուղի կառուցման նախագծեր են: Առաջին երկուսը երկարատև համագործակցության համատեղ նախագծեր են, իսկ վերջինը դեպի Եվրոպա գազի արտահանման ռուսական այլընտրանքային հերթական այն խոշոր նախագծերից է, որին խանդով է վերաբերվում Թուրքիան: Այն պետք է անցնի Սև ծովի հատակով' կապելով Նովոռոսիյսկը բուլղարական Վառնային, ապա ճյուղավորվելով' հասնի մինչև Իտալիա և Ավստրիա:

Տնտեսականից զատ ձեռք բերելով աշխարհաքաղաքական մեծ նշանակություն' «Հարավային հոսքը» մրցակցության մեջ է հայտնվել «Սամսուն-Ջեյհան» նախագծի հետ: Կողմերից յուրաքանչյուրը հայտնվել է մյուսի կայացնելիք որոշումներից կախման մեջ, քանի որ «Հարավային հոսքի» ճանապարհը նախագծված է անցկացել Սև ծովի թուրքական հատվածով, իսկ «Սամսուն-Ջեյհան» նավթամուղն էլ, առանց ռուսական նավթի, չի կարող չնչին իսկ արդյունավետություն ապահովել: Ուստի, կողմերն այս նախագծերի առաջմղման ու միմյանց դրական որոշումները ստանալու համար դիմում են ամենատարբեր միջոցների:

Կարևոր գործիքներից մեկը, որը վերը նշված երկու նախագծերն առաջ մղելու համար կիրառում են կողմերը, Արևմուտքի էներգետիկ ախորժակը բավարարելու այլընտրանքային կամ արևմտյան նախագծերին հավանություն տալու քաղաքականությունն է, որը պարբերաբար վկայակոչում են Անկարան ու Մոսկվան: Թուրքիայի համար դա Nabucco խողովակաշարն է, որի գործարկման նպատակը մերձավորարևելյան գազը Եվրոպա փոխադրելն է' շրջանցելով Ռուսաստանը:

Իսկ Ռուսաստանի' Թուրքիային շանտաժի ենթարկելու գործիք է արդեն իսկ ծառայում «Բալթյան խողովակաշարային համակարգ-2»-ը, որը նախատեսվում է գործարկել մյուս տարի: Մոսկվայի ուղղակի կամ անուղղակի վկայություններով' դեպի Եվրոպա նավթի արտահանման համար այս խողովակաշարը դիտարկվում է որպես սևծովյան նավթային ուղուն բավականին հարմար այլընտրանք:

Այս ամենով հանդերձ, սակայն, Ռուսաստանի և Թուրքիայի գլխավոր աշխարհատնտեսական խնդիրը Արևմուտքի համար առաջին անհրաժեշտություն հանդիսացող էներգակիրների նոր ուղիներն իրենց տարածքով անցկացնելն ու գլխավոր հաղորդակցական պատուհան մնալն (դառնալն) է:

Ու հիմա, երբ առավել ակնառու է «բաժանարար փողոցի» վրա խաղադրույք կատարելու Արևմուտքի հակվածությունը, որը մտնում է հաղորդակցական ուղիները դիվերսիֆիկացնելու նրա ընդհանուր ռազմավարության տրամաբանության մեջ, երկու տարածաշրջանային տերությունների' Ռուսաստանի և Թուրքիայի համար առավել շահավետ են դառնում միմյանց ծրագրերին չխանգարելու քաղաքականությունը և քաղաքական ու տնտեսական մեծ նշանակություն ունեցող էներգետիկ ծրագրերը փոխհատուցմամբ ու համատեղ լուծելու հրամայականը:

Հենց այս տրամաբանության համատեքստում պետք է տեղավորել վերջին օրերին լրահոսում տեղ գտած երկու փաստ: Նախ' այն, որ ՌԴ նախագահ Մեդվեդևը մայիսի 3-ին ստորագրեց 2009թ. օգոստոս ամսին Անկարայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, որով էլ կանաչ լույս վառեց «Ակկույու» ատոմակայանի կառուցման համար: Ապա նաև այն, որ պաշտոնական Մոսկվայի տվյալ քայլից օրեր անց հայտնի դարձավ, որ Nabucco գազամուղի շինարարության աշխատանքները հետաձգվում են երկու տարով:

Նշված փաստերը վկայում են, որ վերջին տարիների ռուս-թուրքական մերձեցումը, չնայած առանձին խանդոտ դրսևորումներին, կարողանում է փոխադարձության սկզբունքով համատեղ ծրագրեր իրականացնել: Համագործակցության երկարաժամկետության և հատկապես արդյունավետության հարցերը, սակայն, կասկածների տեղիք են տալիս, քանզի կողմերի ցանկությունները բախվում են Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերին:

Արևմտյան տերությունների համար առավել հուսալի են դառնում «բաժանարար փողոցն» օգտագործելու հնարավորությունները, ինչի արդյունքում ԱՄՆ-ի և եվրոպական տերությունների վստահելի գործընկերներ Ռումինիայի, Բուլղարիայի և Վրաստանի ռազմաքաղաքական նշանակությունն ապագայում կարող է վերափոխվել նաև ռազմատնտեսական համագործակցության:

Ուստի, Բոսֆոր և Դարդանել նեղուցներին տիրելու (պահելու) համար պայքարած Ռուսաստանին և Թուրքիային այժմ միավորում է որպես հաղորդակցական միջանցք հանդես եկող եվրասիական նոր «նեղուցի»' Սև ծովի պահպանման համար պայքարը: Երկու տարածաշրջանային տերությունների բազում ներքաղաքական ու արտաքին քաղաքական խնդիրները մեծ կասկածներ են առաջացնում տվյալ պայքարի արդյունավետության հարցում:

Առավել հավանական է թվում թուրքական դիվանագիտության համար սովորական «ռեվերանսայնության» կրկնությունը, որի արդյունքում որոշ ժամանակ հետո կրկին առաջին պլան կարող են դուրս գալ Արևմուտքի նախագծած, «Հարավային գազային միջանցք» անվանումով խողովակաշարերի գործարկման ծրագրերը, այդ թվում նաև Nabucco-ն:

Սարո Սարոյան
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni in Amsterdam
Isk CHINASTANY?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter