HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չինաստանն արգելել է պլաստիկ տոպրակների և մեկանգամյա պլաստիկ իրերի օգտագործումը

Չինաստանի իշխանությունները փուլային սահմանափակմամբ արգելք են դրել մեկանգամյա օգտագործման պլաստմասսե արտադրանքների վրա, առաջին սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն 2020-ի վերջին: Այս մասին հայտում է «Դոյչե Վելլեն»։

Չինաստանի իշխանությունները նախաձեռնել են մի շարք ոլորտներում մեկանգամյա օգտագործման պլաստիկի օգտագործումը դադարեցնելու ծրագիր: Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը և զարգացման և բարեփոխումների Ազգային հանձնաժողովը կիրակի՝ հունվարի 19-ին հայտնել է, որ մինչև 2020-ի ավարտը երկրի բոլոր խոշոր քաղաքներում արգելվելու է չքայքայվող պլաստիկ տոպրակների օգտագործումը: Արգելքի՝ ուժի մեջ մտնելուց հետո Չինաստանի խանութներում պլաստիկ տոպրակներ չեն տրվի։

2022 թվականից արգելքն ուժի մեջ կլինի Չինաստանի բոլոր քաղաքներում և բնակավայրերում: Մինչև 2025 թվականը նոր սահմանված կարգը չի տարածվի թարմ ապրանքներ վաճառող շուկաների վրա:

Արգելք պլաստիկ խողովակների և սեղանի սպասքի վրա

Բացի այդ, մինչև այս տարվա վերջ Չինաստանի սննդի ոլորտում արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկ խողովակներ օգտագործումը:

Մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքը մեծ քաղաքներում արգելվելու է սննդի արդյունաբերության մեջ՝ սկսած 2020-ի վերջից, մյուս բնակավայրերում՝ 2022 թվականից:

Առաջիկա տարիներին արգելքը կտարածվի նաև այլ պլաստիկ իրերի օգտագործման, մասնավորապես՝ սննդի վաճառքի և առաքումների ոլորտի վրա: Հյուրանոցներին արգելվելու է մեկանգամյա օգտագործման ատամի խոզանակներ և սանրեր առաջարկել հյուրերին: Մինչև 2025 թվականը երկրի բոլոր քաղաքներն ու բնակավայրերը ստիպված կլինեն կրճատել մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի օգտագործումը 30 տոկոսով:

ԵՄ-ում մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելքը ուժի մեջ կմտնի 2021 թվականից

Ավելի ու ավելի շատ երկրներ են արգելքներ և սահմանափակումներ ընդունում մեկանգամյա պլաստիկ արտադրանքի օգտագործման վրա: Մասնավորապես, 2019-ի սկզբին ԵՄ-ն հավանություն տվեց մեկանգամյա օգտագործման արտադրանքների արգելքին, որոնք կարող են պատրաստվել այլ նյութերից։ Մասնավորապես, խոսքը պլաստիկ սպասքի, բամբակյա կոսմետիկ ձողիկների, խմելու ձողիկների մասին է: Արգելքը կգործի 2021 թվականից: 

Բացի այդ՝ մեկանգամյա օգտագործման մի շարք ապրանքներ, որոնք պարունակում են որոշակի քանակությամբ պլաստիկ, մասնավորապես՝ թաց անձեռոցիկները, փաթեթավորման վրա պարտադիր պետք է ունենան նշում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության մասին:

Պատրաստեց Գայանե Հովսեփյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter