Առաջարկվում է մինչև 2008թ. հունվարի 1-ը զրոյացնել հողի հարկի և գույքահարկի մասով գոյացած ապառքները
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Տավուշի մարզպետարանում խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի աշխատակազմի և տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցությանը քննարկվեցին գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների վերաբերյալ օրենսդրական փաթեթի հետ կապված հարցեր: Փոխվարչապետը մանրամասներ ներկայացրեց փաթեթի վերաբերյալ՝ անդրադառնալով հիմնական նպատակներին և պարզաբանելով, որ վարչարարական ողջ շղթայի վերլուծության հիման վրա փորձ է արվում սահմանել այնպիսի մեխանիզմներ, որոնք հետագայում թույլ չեն տա ապառքների գոյացումը:
Մասնավորապես, հաշվի առնելով հարկերի գանձման հետ կապված վաղեմության ժամկետի հանգամանքը՝ առաջարկվում է մինչև 2008թ. հունվարի 1-ը զրոյացնել հողի հարկի և գույքահարկի մասով գոյացած ապառքները: Իսկ 2008թ. հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար հարկային արտոնություններ են սահմանվում:
Հաջորդ ուղղությունները վերաբերելու են հարկային վարչարարության որոշ մեխանիզմների կատարելագործմանը և համայնքի ղեկավարի պատասխանատվության մեծացմանը, որոնց լուծում է տրվելու մեկ այլ փաթեթով:
Խորհրդակցության մասնակիցներն, ընդհանուր առմամբ դրական համարելով մոտեցումները, առաջարկություններ արեցին արտոնություններից օգտվողների շրջանակը հստակեցնելու, դրանք իրավաբանական անձանց և մինչև 2008թ. հունվարի 1-ը խոշոր ապառքներ ունեցող ֆիզիկական անձանց վրա չտարածելու վերաբերյալ:
Առաջարկ եղավ նաև հողի հարկի դեպքում ևս կիրառելի դարձնել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում ամրագրված այն մոտեցումը, ըստ որի՝ համայնքի ավագանին կարող է գույքահարկի գծով արտոնություն սահմանել՝ տվյալ տարվա համար այդ հարկատեսակի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների մինչև 10 %-ի չափով:
Փոխվարչապետը խոստացավ, որ առաջարկությունները կուսումնասիրվեն Ազգային ժողովում քննարկումների ժամանակ:
Քննարկվեցին նաև ընթացիկ խնդիրներ, մասնավորապես՝ անդրադարձ եղավ հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի իրականացման, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին:
Խորհրդակցությունից հետո փոխվարչապետը Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանի և Իջևանի քաղաքապետ Վ. Ղալումյանի հետ քննարկեց տեղական ինքնակառավարման մարմիններում ստեղծված իրավիճակը: Ավագանու անդամների մի մասը չի մասնակցում նիստերին, ինչի պատճառով քվորում չի ապահովվում, և առայժմ չի հաստատվել համայնքի բյուջեն:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ փոխվարչապետը հորդորեց քայլեր ձեռնարկել իրավիճակը կարգավորելու և բնականոն գործունեությունն ապահովելու համար: Քաղաքապետը տեղեկացրեց, որ համայնքային բոլոր հաստատությունները բնականոն գործում են, բնակչության համար խնդիրներ չեն առաջանում: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝բյուջեն կատարվում է ըստ նախորդ տարվա համամասնությունների, և հունվարի կատարողականը կազմել է 105 տոկոս:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել