HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Դավոսի ֆորումին ավելի քան 100 միլիարդատեր կմասնակցի

Հունվարի 21-24-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում տեղի կունենա Համաշխարհային տնտեսական ֆորումը, որն առավել հայտնի է Դավոսի ֆորում անվամբ։ Հայաստանից ֆորումին մասնակցում է նախագահ Արմեն Սարգսյանը։ Դեռևս 2019 թվականի նոյեմբերի 29-ին նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և նախագահ Կլաուս Շվաբը նամակ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և հրավիրել Դավոսի 50-րդ ամենամյա հանդիպմանը։ 2019 թվականի հոկտեմբերի 7-ին Ժնևում Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը Կլաուս Շվաբն ասել էր, որ հետաքրքրված են ապագայի, գլոբալ աշխարհի զարգացման վերաբերյալ նախագահ Արմեն Սարգսյանի տեսլականով և ուրախ կլինեն Դավոսի ֆորումի շրջանակում լսել նրա տեսակետները նոր քվանտային տեխնոլոգիաների, քվանտային համակարգերի, քվանտային քաղաքականության և ժամանակակից աշխարհի զարգացման ուղղությունների ու միտումների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը 2000-2013 թվականներին եղել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահը։

Դավոսի ֆորումին սպասված միլիարդատերերի թվով Ռուսաստանը զբաղեցնում է 3-րդ տեղը՝ զիջելով միայն ԱՄՆ-ին և Հնդկաստանին: Այս մասին հայտնում է «Rbc.ru»-ն։

Հյուրերի ընդհանուր ունեցվածքը գնահատվում է մոտավորապես 500 մլրդ դոլար։ Միլիարդատերերից 33-ն ԱՄՆ-ից է, 19-ը՝ Հնդկաստանից, 7-ը՝ Ռուսաստանից, այդ թվում՝ գործարարներ Օլեգ Դերիպասկան և Վիկտոր Վեկսելբերգը (որոնց կարողությունը «Forbes»-ը գնահատում է համապատասխանաբար 3,6 մլրդ և 11,5 մլրդ դոլար):

«USM Holdings»-ի հիմնադիր Ալիշեր Ուսմանովը «Rbc.ru» գործակալությանը հայտնել է, որ Համաշխարհային տնտեսական ֆորումն աշխարհում միակ վայրն է, որտեղ կարելի է հանդիպել պետությունների ղեկավարների և համաշխարհային բիզնեսի ներկայացուցիչների հետ։

«Սա գաղափարների և հնարավորությունների յուրօրինակ խառնուրդ է»,- ասել է նա:

Այս տարվա մանիֆեստը նվիրված է շահառու կապիտալիզմի գաղափարին (stakeholder capitalism), այն անդրադառնում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են` արդար հարկումը, զրոյական հանդուրժողականության քաղաքականությունը:

Համաժողովի ծրագրում անդրադարձ կա պետությունների և բիզնեսի համագործակցությանը բնապահպանության, տնտեսագիտության, հասարակական հարցերի, արդյունաբերության, տեխնոլոգիաների և աշխարհաքաղաքականության ոլորտներում:

Բացի բիզնեսի ներկայացուցիչներից՝ ֆորումին ներկա կլինեն 3 հազար պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ 117 երկրներից, այդ թվում՝ 53 պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Մասնավորապես՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Լուսանկարը՝ Ռոյթերսի (Arnd Wiegmann / Reuters)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter