Օքսֆամ. «Միլիարդատերերը աշխարհի բնակչության 60 տոկոսից ավելի հարուստ են»
Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի նախօրեին «Օքսֆամ» հասարակական կազմակերպությունը կոչ է արել քաղաքական գործիչներին միջոցներ ձեռնարկել աշխարհում հարստության անհավասար բաշխմանը հակազդելու համար: Այս մասին հաղորդում է «Դոյչե Վելեն»։
Համաշխարհային հարստությունը անհավասարաչափ է բաշխված: Ի վերջո, մոլորակի վրա ապրող 2153 միլիարդատերերի կարողությունը գերազանցում է աշխարհի բնակչության 60 տոկոսի համար հասանելի դրամական բոլոր միջոցները։
Այս մասին տեղեկանում ենք «Օքսֆամ» միջազգային հասարակական կազմակերպության զեկույցից, որը թողարկվել է երկուշաբթի՝ հունվարի 20-ին, Համաշխարհային տնտեսական ֆորումի հոբելյանական 50-ամյակի առթիվ, որը տեղի է ունենալու հունվարի 21-24-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում:
Ըստ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների՝ «գերհարուստների» կարողության աճը բացասական հետևանքներ է ունենում մնացած մարդկանց վրա: Այս միտումը կանխելու համար անհրաժեշտ են «քաղաքական վճռական քայլեր»։ «Օքսֆամ»-ի գնահատմամբ, եթե աշխարհի ամենահարուստ մարդիկ տասը տարվա ընթացքում վճարեն իրենց եկամտի 0.5 տոկոսի չափով լրացուցիչ հարկ, ապա հնարավոր կլինի ապահովել 117 միլիոն աշխատատեղ ծերերի խնամքի ոլորտում, ինչպես նաև՝ կրթության և առողջապահության:
Ֆինանսական անհավասարություն տղամարդկանց և կանանց միջև
«Օքսֆամ»-ի զեկույցում հատուկ ուշադրություն էր դարձվել կանանց և տղամարդկանց ֆինանսական անհավասարություններին: Օրինակ՝ Աֆրիկայում 22 ամենահարուստ տղամարդիկ ունեն այնպիսի կարողություն, որը գերազանցում է աֆրիկացի բոլոր կանանց կարողությունը միասին վերցրած։ Այս մասին հայտնում են «Օքսֆամ»-ի փորձագետները:
Ինչպես նշում են ՀԿ-ի ներկայացուցիչները՝ կանայք և աղջիկները ավելի անբարենպաստ պայմաններում են, քանի որ նրանք հաճախ ստիպված են լինում կատարել հիվանդների և տարեցների խնամքի անվճար աշխատանքներ։ «Օքսֆամ»-ի տվյալներով՝ աշխարհում կանանց 42 տոկոսը այդ պատճառով չի կարողանում մասնագիտական գործունեություն ծավալել: Համեմատության համար՝ նույն պատճառով աշխատելու հնարավորություն չունեցող տղամարդկանց թիվը ամբողջ աշխարհում 6 տոկոս է:
Պատրաստեց՝ Գայանե Հովսեփյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել