
Պետական մրցանակները կհանձնի վարչապետը. խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական մրցանակների մասին» օրենքում Կառավարության ներկայացրած նախագծով փոփոխություններ կատարելու առաջարկը: Ըստ այս փոփոխությունների` առաջարկվում է, որ պետական մրցանակները հանձնի վարչապետը կամ վարչապետի հանձնարարությամբ Կառավարության մեկ այլ անդամ: Հիշեցնենք, որ գործող օրենքով նման լիազորությամբ օժտված է նախագահը:
Մինչ քվեարկությունը, վարման կարգով խոսեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` ասելով, որ պետական մրցանակների ամբողջ հայեցակարգը վերանայման խնդիր ունի, մրցանակները տվող հանձնաժողովները վերանայման կարիք ունեն:
«Մեզ համար կարևոր չէ` ով կհանձնի մրցանակը նախագահը, թե վարչապետը, կարևոր է, որ սկզբունքային հայեցակարգ լինի»,- ասաց նա` հավելելով, որ ձեռնպահ են քվեարկելու նախագծին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն ասաց, որ այս պահին դեմ են քվեարկելու, իսկ մինչ երկրորդ ընթերցում առաջարկներով հանդես կգան:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 83 կողմ, 19 դեմ 19 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Նախագծում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները հանձնելու ժամկետները սահմանում է Կառավարությունը:
Մահացած դափնեկրի կրծքանշանը և վկայագիրը հանձնվում են նրա ընտանիքին, իսկ դրամական պարգևը փոխանցվում է նրա ժառանգներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մեկնաբանել