HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Օսկանյանը հրաժարվել է «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից

2008 թվականի ապրիլին, երբ հեռանում էի Հայաստանի արտգործնախարարի պաշտոնից, հստակ գիտեի անելիքներս: Որոշել էի կյանքի կոչել այն գաղափարներն ու ծրագրերը, որոնց մասին մտածում էի նախարար եղած ժամանակ, բայց որոնցով չէի կարող զբաղվել ի պաշտոնե: Իսկ գաղափարներս շատ պարզ էին՝ երկրում բարեփոխումներ իրականացնել, աշխատելով տարբեր կազմակերպությունների ու կառույցների հետ և ամրապնդել քաղաքացիական հասարակությունը:

Հենց այս տրամադրվածությամբ ես հիմնեցի «Սիվիլիթաս» հիմնադրամը, որի բոլոր ջանքերն ուղղված են եղել երկրում փոփոխություններ բերելուն: Նոր գաղափարներով, հուսառատ ու բանիմաց երիտասարդների թիմով ու մի շարք անհատների և կազմակերպությունների աջակցությամբ «Սիվիլիթասը» Հայաստանի հասարակական կյանքին բերեց նոր շունչ, նոր ակնկալիքներ և նոր մշակույթ՝ հանրային քննարկումների կազմակերպման, գյուղական զարգացման ծրագրերի, հետազոտական աշխատանքների և լրատվության ոլորտներում:

Այս ամենը մենք աննպատակ չենք արել: Ես համոզված եմ, որ «Սիվիլիթասի» նման կառույցները պատասխանատու են քաղաքացիական հասարակության պահանջներին արձագանքելու և նույնիսկ նրան ուղղորդելու համար, որպեսզի հասարակությունը լուրջ մասնակցություն ունենա երկրի զարգացման գործում: Պետք չէ ակնկալել, որ որևէ կառավարություն հոժարակամ կարձագանքի հասարակության պահանջներին: Քաղաքացիական հասարակությունն է, որ իշխանություններին պետք է ստիպի արձագանքել ժողովրդի կարիքներին և լինել հաշվետու:

Ես նաև կարծում եմ, որ յուրաքանչյուր առանձին անհատ նույնպես պատասխանատվություն պետք է ունենա երկրի զարգացման գործում: Լատիներեն «civilitas» բառը հենց դա էլ նշանակում է՝ քաղաքացու պատասխանատվությունը հասարակության առջև: Այս ամիս ես որոշեցի քաղաքացիական պատասխանատվության հարթությունից քայլ կատարել քաղաքական պատասխանատվության հարթություն:

Այդ իսկ նպատակով ես հրաժարական եմ տվել «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդից: Հայաստանի օրենսդրությամբ նման դեպքում հրաժարականը պարտադիր չէ: Սակայն ես որոշեցի դա անել, որպեսզի իմ քաղաքական ներգրավվածությամբ չկաշկանդեմ հիմնադրամի գործունեությունը:

Իմ քայլը պայմանավորված է նույն մոտեցմամբ, որ միշտ ունեցել եմ թե որպես կառավարության անդամ, թե երբ հեռանում էի կառավարությունից: Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվության սեփական բաժինն ունի բոլորիս երազած երկիրը կառուցելու գործում: Զարգացած որևէ ժողովրդավարական պետության մեջ դա բավարար պատճառ է քաղաքականություն մտնելու համար, և ժամանակն է, որ Հայաստանում ևս չխուսափենք նման ընկալումներից:

Վարդան Օսկանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter