
Վիճաբանություն, քաշքշուկ ու ԱԺ նիստերի դահլիճից հեռացում` քրեական ենթամշակույթի նախագծի քննարկմանը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու Կառավարության առաջարկը, որով ամրագրվում է քրեական ենթամշակույթի դեմ պայքարը: Նախագիծը, սակայն, վիճաբանության առիթ դարձավ խորհրդարանում:
Պատճառը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթն էր: Պատգամավորը քննադատեց նախագիծը` ընդգծելով, որ այն ոչ թե հանցավորության դեմ պայքար է, այլ` «անորոշ երևույթների».
«Պարոն նախարար, էդ ինչ է նշանակում գողական աշխարհ, ով կարա դրա սահմանն ընդգծի, բայց լավ եք անում, որ պայքարում եք հանցավորության դեմ, մի հուշում կամ խորհուրդ ասեմ` գողական բառի հետ էլի 3 տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի դրա դեմ պայքարեք»,- ասաց նա` դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում հույս հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից ներողություն կխնդրեն իրենց գործընկերոջ պահվածքի համար, ինչից հետո քաղաքական մեծամասնության անդամները սկսեցին ծափահարել:
«ԱԺ նախագահին կոչ եմ անում, որպեսզի անպայման արձագանքի այս անթույլատրելի պահվածքին»,- ասաց Բաբաջանյանը, ինչից հետո տեղից սկսեցին խոսել ԲՀԿ խմբակցության պատգամավորներ:
«Լռեք, երբ ես խոսում եմ… վախվորած ոստիկանությունով մենք չենք կարող պայքարել քրեական աշխարհի և հանցավորության դեմ, մենք նախ պիտի կարողանանք վերազինել իրավապահ համակարգին, որպեսզի կարողանանք արմատախիլ անել այսպիսի կեցվածքն ու անպատասխանատու դիրքորոշումը»,- ասաց նա:
Բաբաջանյանի ելույթից հետո սկսվեց քաշքշուկ պատգամավորների միջև. ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանն ու Արթուր Դալլաքյանը մոտեցել էին Արման Բաբաջանյանին և վերջինիս ելույթի հետ կապված արձագանքներ էին հնչեցնում, կոչ էին անում, որ նա իր չափը ճանաչի:
Որքան էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ էր անում պատգամավորներին զբաղեցնել տեղերը, սակայն այդ կոչը մնաց անարձագանք, պատգամավորի ելույթն ընդհատվեց, գրեթե բոլոր պատգամավորները այս ու այն կողմ էին գնում` փորձելով վիճաբանությունը հարթել:
«Պատգամավորները չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար, ով էս նորմերը չի գիտակցում թող հրաժարվի պատգամավորական մանդատից ու գնա հայաթում, բիսետկում լռվի»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Ամբիոնի մոտ գտնվող պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը շարունակեց իր ելույթը, դահլիճում մի քանի րոպե լռություն էր, ապա նորից սկսվեց վիճաբանություն:
«Պարոն Պետրոսյան, ռազբոռկա՞ եք ուզում անեք»,- հարցրեց Միրզոյանը` դիմելով Գևորգ Պետրոսյանին:
«Ստե՞ղ»,- տեղից արձագանքեց Գևորգ Պետրոսյանը:
«Հա, ստեղ, չէ՞ ուրեմն նստեք տեղներդ, մի գնացեք նախորդ ելույթ ունեցողի մոտ»,- ասաց Միրզոյանը:
Վիճաբանությունը նորից սկսվեց. իմքայլականները փորձում էին հանդարտեցնել ԲՀԿ-ականներին, որոնք մոտենում էին Արման Բաբաջանյանին: ԲՀԿ-ականները դուրս եկան դահլիճից: Ապա ԱԺ նախագահը պատժամիջոցներ կիրառեց որոշ պատգամավորների նկատմամբ:
«ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` հետևյալ պատգամավորների նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական միջոցները` Ջանիբեկ Հայրապետյանը, Արայիկ Աղաբաբյանը, Արթուր Դալլաքյանը և Գևորգ Պետրոսյանը հեռացվում են մինչև այսօրվա ավարտ կայանալիք նիստերից` այդ ընթացքում զրկվելով նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից: Կարգադրիչներին խնդրում եմ ապահովել սրա կատարումը»,- ասաց Միրզոյանը:
Տեղեկացնենք, որ սա 7-րդ գումարման խորհրդարանում առաջին դեպքն է, երբ ԱԺ նախագահը կարգապահական պատասխանատվության է ենթարկում որևէ պատգամավորի: Նախորդ նստաշրջանում նա զգուշացրել էր Գևորգ Պետրոսյանին, որ կարող է վերջինիս զրկել ելույթ ունենալու իրավունքից, սակայն չէր կիրառել այդ դրույթը:
Մեկնաբանել