HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է Արցախում կայանալիք համապետական ընտրությունների վերաբերյալ ժամանակացույցը

2020 թվականի հունվարի 21-ին անցկացվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը` հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում է Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի  2-րդ մասի 7-րդ կետը և Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 2020 թվականի հունվարի 20-ի հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների օրվա մասին, նիստում քննարկվել և հաստատվել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, որն ընդգրկում է տվյալներ 2020 թվականի հունվարի 1-ին գործողության մեջ դրված Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքից բխող` ընտրությունների օր նշանակելուց մինչև դրա արդյունքների ամփոփումն իրականացվելիք թվով 84 հիմնական գործողությունների կատարման (միջոցառումների անցկացման) ժամկետների ու դրանց կատարման պատասխանատուների մասին:

Համաձայն ժամանակացույցի` վերոհիշյալ ընտրական գործողությունների մեկնարկը տրվում է 2020 թվականի հունվարի 21-ին. ընտրական շտաբերի կազմավորում, դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրում:

Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը Կենտրոնական  ընտրական  հանձնաժողով  ներկայացնելու  ժամկետ է սահմանվել փետրվարի 5-ից մինչև փետրվարի 15-ի ժամը 18.00-ն, իսկ գրանցումը կկատարվի փետրվարի 15-ից մինչև փետրվարի 25-ի ժամը 18.00-ն: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է փետրվարի 26-ից մինչև մարտի 29-ի ժամը 24.00-ն:

Որպես նորույթ, թեկնածուների անունների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հերթականությունը քվեաթերթիկում որոշելու և նշելու համար վիճակահանություն կանցկացվի  փետրվարի 25-ին` Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

Ընտրական տեղամասերը կկազմավորվեն մինչև 15.02.2020թ.:

Ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները կամփոփվեն, կարձանագրվեն և պաշտոնապես կհրապարակվեն մինչև ապրիլի 1-ի ժամը 20:00-ն, իսկ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կընդունվի ապրիլի 7-ին:

Միջոցառումների ժամանակացույցը և դրանից բխող համապատասխան այլ իրավական ակտերն ու փաստաթղթերը կտրամադրվեն շահագրգիռ գերատեսչություններին ու պատասխանատու կատարողներին, դրանք կհանրայնացվեն:

Ժամանակացույցին և մարտի 31-ի համապետական ընտրությունների ողջ ընթացքին վերաբերվող բոլոր հիմնական նորություններին, փաստաթղթերին հնարավոր կլինի ծանոթանալ սույն  կայքում:

Նիստի վերջում հանձնարարականներ են տրվել հանձնաժողովականներին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի պատասխանատու աշխատողներին, տարածքային ընտրական հանձնաժողովներին` Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում սույն թվականի փետրվար ամսում ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացներ անցկացնելու և համապետական ընտրությունների հետ կապված հիմնական միջոցառումների ժամանակացույցով նախատեսված բոլոր միջոցառումները սահմանված ժամկետներում և պատշաճ մակարդակով  իրականացնելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter