HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Փոխնախարար Ժաննա Անդրեասյան. «Հաճախ մարդիկ ուզում են ընդգրկվել նպաստի համակարգում հարակից արտոնություններից օգտվելու համար»

«Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ նպաստների համակարգը փորձել է լուծել բոլոր այն մյուս համակարգերի խնդիրները, որոնք առկա են եղել։ Նպաստի բազային չափը 18,000 դրամ է, միջին նպաստինը՝ 30-35 հազ․ դրամ, և չեմ կարծում, որ այս գումարի միջոցով որևէ ընտանիք կարող է հաղթահարել աղքատությունը։ Սա ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ մենք ունենք ընտանիքներ, որոնք տարիներ շարունակ մնում են նպաստի համակարգում։ Այդ ընթացքում նրանց կենսամակարդակում որևէ էական փոփոխություն չի լինում, միևնույն ժամանակ պետությունը շարունակում է ամեն տարի այս նպատակի համար հատկացնել ահռելի միջոցներ»,- այս մասին աղքատության հաղթահարման Կառավարության նոր համակարգի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Փոխնախարարը գնահատման նոր մոտեցման մասին խոսելիս նշեց, որ ներկայիս ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգը գործում է անապահովության գնահատման մի եղանակի վրա, որը մեծ մասամբ փորձագիտական գնահատականների վրա հիմնված մոտեցում է։ Ըստ համակարգի առաջարկվող փոփոխությունների՝ մի քանի գործոններով չափվելու է անձի եկամուտը, հաշվի են առնվելու 2 հիմնական գործոն՝ զբաղվածության ներուժը, այսինքն՝ ինչպիսին է ընտանիքի ներսում աշխատելու ռեսուրսը, քանի հոգի են ընտանիքի կազմում աշխատունակ տարիքի։ Աշխատունակ տարիք առաջարկվում է սահմանել 22-63 տարեկանը՝ չընդգրկելով 18-22 տարեկաններին, քանի որ ուսման շրջան է, և այս տարիքը չի դիտարկվում որպես աշխատունակ։

«Ինչքան ավելի մեծ է զբաղվածության ներուժը, այնքան ավելի փոքր է հավանականությունը ֆինանսական աջակցության»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։

Հիմնական ուղերձն այն է, որ եթե մարդիկ ունեն աշխատելու ռեսուրս ընտանիքում, ապա պետական աջակցությունը պետք է լինի ոչ թե գումարային, այլ՝ օրինակ, մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված։

Երկրորդ գործոնը ժողովրդագրական ներուժն է, այսինքն՝ դիտարկում են ընտանիքում երեխաների թիվը, ինչքան ավելի շատ է երեխաների թիվը, այնքան մեծանում է ֆինանսական աջակցության չափը։

«Որպես նվազագույն երաշխավորված եկամտի հիմք վերցրել ենք Առողջապահության նախարարության կողմից սահմանված զամբյուղը (ցույց է տալիս այն սպառումը, որը պետք է ունենա յուրաքանչյուր քաղաքացի), որը 60,000 դրամից (ընտանիքի ամեն մի անդամին բաժին ընկնող սպառողական զամբյուղ) մի փոքր ավել է»,- հայտնեց փոխնախարարը։

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հերիքնազ Տիգրանյանի խոսքով նոր ձևավորված իշխանություններից մարդիկ ակնկալում էին, որ իրենք միանգամից պիտի զգային իրենց կյանքի որակի փոփոխություն։ Ըստ նրա՝ պետք է կարևորել Հայաստանում դուալ կրթության զարգացման համակարգը, որն ամենակարևոր գործիքներից մեկն է։ Պետք է խրախուսել գործատուին, որ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող երիտասարդին ցանկություն ունենան վերցնել աշխատանքի։

«Մեր ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել ենք, որ մարդկանց աշխատելու ցանկությունն այնքան էլ մեծ չէ, նրանք հաճախ ակնկալում են մեկանգամյա ֆինանսական աջակցություն։ Պետք է չվնասել ընտանիքներին մեկանգամյա ֆինանսական աջակցություն տրամադրելով և կախվածություն առաջացնելով»,- ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։

«Վորլդ Վիժն Հայաստան»-ի տնօրեն Ժիրայր Էդիլյանը նշեց, որ հաճախ, երբ խոսում են աղքատության հաղթահարման մասին, շեշտադրումը լինում է ընտանիքին արժեք ստեղծող գույքի փոխանցման վրա․ «Կազմակերպության փորձն ապացուցեց, որ միայն այդ շեշտադրմամբ մենք չենք կարող ունենալ արդյունավետ աշխատանք ընտանիքի հետ, այլ պետք է նաև ընտանիքում տանել այլ տիպի աշխատանքներ, որոնք կօգնեն ընտանիքին եղած եկամուտի վերաբախշման կարողությունները զարգացնել»։

Ժաննա Անդրեասյանն ասաց, որ աղքատությունը բազմաչափ է։ Մարդիկ, որոնք ունեն նպաստի իրավունք, ունեն նաև հարակից արտոնություններ այլ ոլորտներում։ Նպաստառուն նաև օգտվում է առողջապահության, կրթության համակարգերում արտոնություններից, կոմունալ վճարների սուբսիդավորումից։ «Հաճախ մարդիկ ուզում են ընդգրկվել նպաստի համակարգում ոչ նրա համար, որ ունեն այդ 18,000 դրամի կարիքը, այլ հարակից արտոնություններից օգտվելու համար»,- ասաց փոխնախարարը: Նրա խոսքով՝ նոր համակարգով պատրաստվում են կոտրել այդ շղթան։ «Եթե մարդն ունի ֆինանսական աջակցության կարիք, ապա մեր առաջարկվող մոտեցմամբ պետք է չափենք և ըստ ամեն ընտանիքի կարիքի՝ տանք ֆինանսական աջակցությունը, եթե առողջապահական ծառայության կարիք ունի, պետք է հասկանանք խնդիրը և տանք առանձին առողջապահական ծառայությունների արտոնություններ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter