HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գազի թանկացման «արմատները». անորոշությունն ու մտահոգությունները

«Գազպրոմ Արմենիան» դեռևս հայտ չի ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին գազի գնի վերանայման՝ բարձրացման վերաբերյալ։ Ինչպես «Հետք»-ին տեղեկացրին հանձնաժողովից, այս մասին որևէ պաշտոնական տեղեկություն չկա։ Հետևաբար, դեռևս հաստատված չէ, որ գազի գինը բարձրանալու է։ Սակայն, Հայաստանում արդեն բուռն քննարկվում է գազի գնի թանկացումը և բնակչության շրջանում արդեն իսկ տեղեկություններ են տարածվել, որ թանկացման որոշումը կայացվել է։ Իհարկե այն, որ «Գազպրոմ Արմենիան» դեռևս գազի թանկացման հայտ չի ներկայացրել, դեռևս չի նշանակում, որ առաջիկայում բացառվում է թանկացումը։ Այս պահին միայն փաստենք, որ թանկացման մասին որոշում դեռևս չկա։ Սակայն, ստեղծված աղմուկը հիմքեր ունի։

Գազի թանկացման «արմատները»

Գազի թեման մեր բնակչությանը հուզող կարևոր թեմաներից մեկն է, քանի որ այն ուղիղ կապ ունի մեր կենսակերպի, եկամուտների ու ծախսերի հետ։ Եվ ցանկացած թանկացում բացասաբար է ազդում կյանքի որակի վրա։

Գազի թանկացման թեման ու մտահոգություններն, իրականում, նոր չեն։ Դեռևս 2018 թվականի վերջերին հաստատվեցին տեղեկությունները, որ Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը 2019 թվականի հունվարից թանկանալու է 15 դոլարով՝ 1000 խմ մետրի դիմաց 150 դոլարից հասնելով 165 դոլարի։

Այդ ժամանակ, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սպառողների համար գինը մնալու է անփոփոխ։ Այսինքն՝ թանկացման բեռը կչեզոքացվի ներքին ռեսուրսների հաշվին։ Հետագայում էլ պարզվեց, որ թանկացման տարբերությունը «փակում է» գազամատակարար ընկերությունը՝ «Գազպրոմ Արմենիան»։ Ընկերությունը հայտարարում է, որ կրճատել է իր ընթացիկ ու կապիտալ ծախսերը, որպեսզի կարողանա կրել թանկացման բեռը։

Սակայն, հիմա, ըստ էության, ներքին ռեսուրսները մեկ տարի անց այլևս չեն բավականացնում, և «Գազպրոմ Արմենիան» արդեն «շրջանառության մեջ է» դրել տեղեկությունները, որ քննարկում է սպառողների համար գազի գինը վերանայելու հարցը։ Ըստ տեղեկությունների՝ ընկերությունը թանկացման հայտ կարող է ներկայացնել այս տարվա ապրիլից։ Այս պահին տեղեկություններ, սակայն, չկան, թե որքանով կարող է թանկանալ գազը։

Գազի թանկացման մասին օրեր առաջ անկնարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ով լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ «Գազպրոմ Արմենիան» ապրիլից հետո գազի գնի վերանայման հայտ ներկայացնի։

Ուշագրավ է, որ դրանից առաջ էլ՝ հունվարի 8-ին, «Գազպրոմ Արմենիան» հայտարարություն տարածեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին գազի գինը կմնա 2019 թվականի մակարդակում. «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ստորագրեցին լրացուցիչ պայմանագիր` Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման վերաբերյալ»:

Սա հիմք տվեց որոշ փորձագետների կարծելու, որ այս տարի թանկացում չի լինելու։ Սակայն, պետք էր նկատի ունենալ, որ «Գազպրոմ Արմենիան» շեշտել է միայն սահմանի գինը։ Մինչդեռ սահմանին գինը կարող է մնալ նույնը, բայց սպառողների համար այն կարող է բարձրանալ։

Թե ինչ հիմնավորմամբ կարող է «Գազպրոմ Արմենիան» գազի թանկացման հայտ ներկայացնել, հայտնի կդառնա միայն հայտը ներկայացնելուց հետո։

Իսկ առայժմ տնտեսագետները փորձում են վերլուծել ու հասկանալ՝ արդյոք կա՞ն բավարար հիմքեր։ Այն, որ նախորդ տարի սահմանի թանկացումը փոխհատուցելը և ծախսերի ավելացումը կարող է լինել գլխավոր հիմքերից մեկը, կասկածի տակ չէ։ Մյուս կողմից էլ քննարկվում է «Գազպրոմ Արմենիա»-ի շահութաբերության հարցը։ Ընկերության շահութաբերությունն այս պահին շուրջ 10 % է։ Փորձագետների մի մասը կարծում է, որ դա բարձր ցուցանիշ է մենաշնորհային դիրք ունեցող ընկերության համար։ Շեշտվում են նաև գազի կորուստներն ու ծախսերը կրճատելու անհրաժեշտությունը։

Ըստ տնտեսագետ Սուրեն Պարսյանի՝ «Գազպրոմ Արմենիան» հայտարարել է, որ պատրաստվում է կրճատել 600 աշխատակցի, սակայն դա, տնտեսագետի խոսքով, չի կարող էապես ազդել ընդհանուր ծախսերի ու սակագնի վրա։ «Դա, ըստ էության, կարող է ապահովել խնայողություններ մոտ 10 %-ի չափով, օրինակ՝ նրանց աշխատավարձային ֆոնդը կարող է նվազել մոտ 2 մլրդ դրամի չափով։ Կամ սակագնի վրա կարող է թողնել ընդամենը 1 դրամի ազդեցություն»,- հաշվարկել է տնտեսագետը։

Նրա խոսքով՝ այսօր մենք ունենք 4 մլրդ խմ գազ տեղափոխելու հնարավորություն ունեցող գազատար, սակայն տեղափոխում ենք ընդամենը 2 մլրդ։ «Դա նույնն է, որ ունենաս 4 տոննայանոց բեռնատար, բայց տեղափոխես 2 տոննան։ Այսինքն՝ միավոր գազի հաշվով ծախսերը շատ են այս պահին։ Եթե ուզում ենք գազի սակագինը նվազեցնել, ուրեմն պետք է ավելացնենք գազի ներմուծումն ու սպառումը Հայաստանում։ Այսինքն՝ տնտեսությունը զարգանա, արտադրությունը զարգանա, աշխատատեղեր ստեղծվեն, բնակչությունը սկսի ավելի շատ սպառել»,- նշում է Սուրեն Պարսյանը։

Ըստ նրա՝ այլ հավասար պայմանների դեպքում, եթե «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերը, կորուստները, մաշվածությունը և այլն մնում են նույնը, ապա այս պահին գազի գնի բարձրացումը կարող է օբյեկտիվ բնութագրվել։ Սակայն, «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր խնդիրը երկարաժամկետ լուծում գտնելն է, այլապես՝ մեկ տարի անց կարող են նորից հայտ ներկայացնել թանկացման համար։ «Իրենք պետք է երկարաժամկետ լուծումներ գտնեն, որոնք կտանեն համակարգի արդյունավետության։ Հաշվարկների մեթոդաբանությունները պետք է վերանայվեն։ Կորուստների հաշվարկների մեթոդաբանությունն է շատ հին»,- նկատում է տնտեսագետը։

Ինչ վերաբերում է «Գազպրոմ Արմենիա»-ի շահութաբերությանը, ապա ըստ Սուրեն Պարսյանի՝ այս հարցը միջպետական համաձայնագրով է ամրագրված, և եթե փոփոխություններ նախատեսվեն, պետք է ռուսական կողմից լինի համաձայնություն, ինչը քիչ հավանական է։

Գազի թանկացումն ազդելու է ինչպես բնակչության ծախսերի, այնպես էլ արդյունաբերության և մյուս ոլորտների վրա

Գազի գնի ցանկացած տատանում շատ արագ ու շղթայաբար ազդում է տնտեսության բոլոր օղակների վրա՝ սկսած բնակչության ծախսերի աճից մինչև արդյունաբերական ապրանքների թանկացում։ Սա էապես ազդում է հատկապես այն շուկաների ու արտադրությունների վրա, որոնց ինքնարժեքում գազի ծախսի տեսակարար կշիռն էական է։ Տարբեր հաշվարկներով՝ եթե սահմանին գազի գինը թանկանում է 10 %-ով՝ բնակչության ծախսերի վրա դա ազդում է 5-7 %-ով։

Հայաստան ներմուծվող գազի ծավալները 2019 թվականին 3.3 %-ով աճել են

2019 թվականի ընթացքում Հայաստան է ներկրվել 2.545 մլրդ խմ բնական գազ։ Ինչպես տեղեկանում ենք «Գազպրոմ Արմենիա» ընկերության տվյալներից, 2018 թվականի համեմատ գազի ներկրումը ավելացել է 3.3 %-ով։ Հիշեցնենք, որ 2018-ին ներկրվել է 2.463 մլրդ խմ գազ։

2019 թվականին իրացվել է շուրջ 2.445 մլրդ խմ գազ, ինչը 3.9 %-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter