HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանում քննարկվեց պետռեգիստրը ԶԼՄ-ների համար անվճար դարձնելու նախագիծը

Խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում և հարակից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու Կառավարության առաջարկը: Այս փոփոխությամբ հնարավորություն է ընձեռվում լրատվամիջոցներին հասանելիություն ստանալ պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին՝ առանց պետական տուրքի վճարման:

Հիշեցնենք, որ գործող օրենքով պետական ռեգիստրից տեղեկություն ստանալու համար գանձվում է 3000 դրամ պետական տուրք (առանց ԱԱՀ-ի): Պետական ռեգիստրի՝ e-register.am-ի միջոցով են լրատվամիջոցները այս կամ այն ընկերությունների բաժնետերերի մասին տեղեկություն ստանում: Տեղեկացնենք նաև, որ ընկերության բաժնետերերի յուրաքանչյուր փոփոխության դեպքում պետք է վճարել պետական տուրք, նոր բաժնետերերի մասին տեղեկություն ստանալու համար:

Նախագծերի փաթեթը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:

«Այս նախաձեռնությունը բխում է Կառավարության ծրագրից, որի շրջանակում նախատեսվում էր բացել համակարգը ԶԼՄ-ների համար»,- ասաց փոխնախարարը: Գալյանը նաև տեղեկացրեց, որ նպատակ ունեն աստիճանաբար համակարգը հասանելի դարձնել բոլորի համար՝ պաշտպանելով անձնական տվյալները:

«Սա միջանկյալ լուծում է, իսկ ապագայում մեր քննարկման սեղանին պետք է լինի բոլորի համար այս տեղեկությունները հասանելի դարձնելու հարցը»,- մանրամասնեց փոխնախարարը:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձավ այն հարցին, որ օրենսդրությամբ կարգավորված չէ առանց հաշվառման զանգվածային լրատվություն  ապահովողներին պատասխանատվության կանչելու հարցը:

«Շատ են դեպքերը, երբ հասցեատերը ոչ մի կերպ չի հայտնաբերվում, հոսթինգը բացված է արտերկրում, բայց նրանք գործունեություն իրականացնում են մեր երկրում, ինչպե՞ս ենք կարգավորելու այս հարցը»,- հարցրեց պատգամավորը:

Փոխնախարարն արձագանքեց, որ հարցը նախագծի կարգավորման շրջանակից դուրս է, բայց օրենսդրական լուծումներ կլինեն խնդի վերաբերյալ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն ասաց՝ ԶԼՄ-ների համար որքան կարևոր է միայն ընկերության մասին տեղեկությունները, այնքան էլ հիմնադիրների փոխկապակցվածությունները պարզելը: Փոխնախարարարն արձագանքեց՝ Կառավարությունն այն ուղղությամբ է գնում, որ բոլոր ոլորտներում իրական սեփականատերերին բացահայտի:

«Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ անդրադարձավ այն հարցին, որ օրենքի շահառուների շրջանակը պետք է ընդլայնվի:

«Ինչո՞ւ ենք միայն ԶԼՄ-ների համար բացում, եթե խնդիր ունենք երկրում թափանցիկությունը բարձրացնել, պետք է բոլորի համար հասանելի լինի՝ փորձագետների, ուսանողների համար, հնարավոր է մարդիկ դիպլոմային են գրում, պետք է այդ ինֆորմացիան ստանան, պետք է բաց լինի»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ այս նախագիծը մի քայլ առաջ է, սակայն դեռ շատ քայլեր կան անելու: Թունյանը հիշեցրեց, որ բաժնետիրական ընկերությունների մասով դեռ կա խնդիր կա:

«Մեդիան շատ արագ փոխվում է, պետք չէ միայն դասական լրատվամիջոցների մասին մտածել, կան բլոգերներ, ֆրիլանսեր լրագրողներ, ինֆորմացիան պետք է հնարավորինս բաց ու թափանցիկ լինի»,-ասաց նա:

Նախագծի քննարկումներն առաջին ընթերցմամբ ավարտվեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter