HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գնելով «Բիլայնը»՝ «Յուքոմը» ձեռք կբերի ֆիքսված կապի շուկայի առյուծի բաժինը

2019 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստանում գործող հեռահաղորդակցության խոշոր օպերատորներից մեկը՝ «Յուքոմը» (Ucom), մտադրվել է գնել մեկ այլ խոշոր օպերատոր «Բիլայնը» (Beeline Armenia)։ «Բիլայնն» արդեն իսկ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ տեղեկացնելով առուվաճառքի մտադրության մասին։

Օրեր առաջ էլ «Բիլայնի» սեփականատերը հաստատել է, որ քննարկվում է «Յուքոմի» հետ հնարավոր գործարքների թեման։ «Վեոն Արմենիա»-ն, որը հանդես է գալիս «Բիլայն» ապրանքանիշով, պատկանում է աշխարհի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորներից մեկի՝ «Վեոն» ընկերությունների խմբին (գլխամասային գրասենյակն` Ամստերդամում)։ «Վեոնի» պաշտոնական կայքում հունվարի 15-ին հրապարակվել է  հաղորդագրություն, որում նշվում է, որ քննարկումների արդյունքում կարող է գործարք կնքվել։ Խոստացել են առաջիկայում հանդես գալ նոր հաղորդագրությամբ, եթե դրա կարիքը լինի։

Սրանից մեկ օր անց հայտարարություն տարածեց նաև «Յուքոմը». «Հայաստանում ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող հայկական «Յուքոմ» ՓԲ ընկերությունը հաստատում է կապի և ինտերնետ ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար VEON Ltd. ընկերության հետ (NASDAQ և Euronext Ամստերդամ)` վերջինիս հայաստանյան բիզնեսը (Beeline ապրանքանիշ) վաճառելու հնարավոր գործարքի վերաբերյալ ներկայում քննարկումներ վարելու փաստը: Այդ քննարկումները կարող են հանգեցնել կամ չհանգեցնել գործարքի կնքմանը»: Այս ընկերությունից ևս խոստացել են տեղեկացնել հետագա զարգացումների մասին։

«Բիլայնը» գնելու պարագայում հեռահաղորդակցության հայկական շուկայում զգալի փոփոխություններ տեղի կունենան։ Այստեղ նաև տնտեսական մրցակցությանը վերաբերող լուրջ խնդիրներ կարող են առաջ գալ։ «Հետք»-ն ուսումնասիրել է, թե ինչպես կդասավորվի շարժական բջջային կապի և ֆիքսված կապի շուկան Հայաստանում, եթե «Բիլայնը», հետևաբար՝ նաև նրա բաժանորդներն, անցնեն «Յուքոմ»-ին։

Շարժական բջջային կապի շուկայում «Վիվա-ՄՏՍ»-ը կմնա առաջատարի դիրքում

«Վիվա-ՄՏՍ»-ը («ՄՏՍ Հայաստան» ընկերության ապրանքանիշն է, նախկին ապրանքանիշը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»), այսօրվա դրությամբ շարժական բջջային կապի շուկայի առաջատարն է։ Շարժական կապը ներառում է բջջային հեռախոսակապն ու շարժական ինտերնետը՝ բջջային հեռախոսների, USB մոդեմների և այլ սարքերի միջոցով։ Ըստ ընկերության վերջին՝ 2019 թվականի երրորդ եռամսյակի հաշվետվության՝ սեպտեմբերի վերջի դրությամբ «Վիվա-ՄՏՍ»-ի ակտիվ բաժանորդային համարների քանակը կազմել է 2 217 203։ Նրանց թվում ՝ կանխավճարային բաժանորդների թիվը կազմել է 1 956 694, իսկ հետվճարային բաժանորդներինը՝  260 509։ Ընկերությունները դեռևս չեն ամփոփել չորրորդ եռամսյակը, հետևաբար՝ մեր ուսումնասիրության համար հիմք ենք ընդունել երրորդ եռամսյակի վերջին ցուցանիշները։

Ըստ «Վիվա-ՄՏՍ»-ի՝ իրենց բաժանորդների գերակշիռ մասը բջջային հեռախոսի միջոցով ինտերնետ ծառայություններից օգտվող բաժանորդներն են։  Շարժական կապի լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների բաժանորդ են հանդիսանում բջջային հեռախոսների, USB մոդեմների, երթուղիչների և այլ սարքերի մեջ տեղադրված SIM քարտի միջոցով տրամադրվող ինտերնետից օգտվողները։

Շարժական կապի շուկայում բաժանորդների թվով երկրորդ տեղում «Բիլայնն» է, որի բաժանորդների թիվը նախորդ տարվա երրորդ եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 965 801։ Այդ թվում՝ կանխավճարային բաժանորդների թիվը 850 908 է, իսկ հետվճարային բաժանորդներինը՝ 114 893։

Բաժանորդների քանակով շարժական կապի շուկայում ամենափոքր մասնաբաժինն ունի «Յուքոմը»։ 2019 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ «Յուքոմի» հետվճարային և կանխավճարային շարժական կապի բաժանորդների ընդհանուր թիվը կազմել է 475 808:  Այդ թվում կանխավճարային բաժանորդների թիվը կազմել է 332 230, իսկ հետվճարային բաժանորդներինը՝ 143 578։ Այս ցուցանիշներն են ներկայացված նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքում։ «Յուքոմ»-ից «Հետք»-ին տեղեկացրին, որ ունեն նաև 156 805 շարժական կապի բաժանորդներ, որոնք ոչ հետվճարային, ոչ էլ կանխավճարային բաժանորդների թվի մեջ են ներառվում։ Սակայն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր ներկայացրած վիճակագրության մեջ այս ցուցանիշը չի հաշվում։ Այսինքն՝ եթե այդ ցուցանիշը հաշվի առնենք, ապա՝ Ucom-ի շարժական կապի բաժանորդների թիվը կստացվի 632 613։

Այսպիսով, Հայաստանում շարժական կապի բաժանորդների ընդհանուր քանակը նախորդ տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 3 815 617։ Այս թվում՝ «Վիվա-ՄՏՍ»-ի տեսակարար կշիռը 58.1 % է, «Բիլայնի» կշիռը 25.3 % է, իսկ «Յուքոմի» կշիռը մոտ 16.6 % է։ Եթե այստեղ հաշվի չառնենք «Յուքոմի» նշած 156 805 բաժանորդներին և շուկայում ընկերությունների մասնաբաժինները դիտարկենք ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների, միևնույն է, ընդհանուր պատկերը դրանից էապես չի փոփոխվում. «Վիվա-ՄՏՍ»-ին հասնում է շուկայի առյուծի բաժինը՝ շուրջ 60 %-ը։

Եվ եթե նույնիսկ «Բիլայնի» բաժանորդներն ամբողջությամբ անցնեն «Յուքոմ»-ին, միևնույն է՝ շարժական կապի շուկայում առաջատարը կշարունակի մնալ«Վիվա-ՄՏՍ»-ը, որի բաժանորդների քանակն ավելի մեծ է՝ 2 217 203, քան «Բիլայնի» և «Յուքոմի» բաժանորդների քանակը միասին՝ 1 598 414։

Ֆիքսված կապի շուկայում «Յուքոմը» կզբաղեցնի առաջատարի դիրքը

Ֆիքսված (ամրակցված) կապի շուկայում իրավիճակն այլ է։ Այս շուկայում այսօր առաջատարը «Բիլայնն է»։ Գնելով այս ընկերությունը և մեծացնելով բաժանորդների քանակը՝ «Յուքոմը» կզբաղեցնի առաջատարի դիրքը։ Նշենք, որ ֆիքսված կապը ներառում է ֆիքսված հեռախոսակապն ու ֆիքսված ինտերնետը։

2019 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ «Բիլայնի» ֆիքսված կապի բաժանորդների ընդհանուր թիվը կազմել է 457 645: Այդ թվում՝ Ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների թիվը (ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդներ) կազմել է 346 251 է, իսկ ֆիքսված ինտերնետի բաժանորդների թիվը՝ 111 394 (ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվող բաժանորդներ)։

«Յուքոմի» ֆիքսված կապի բաժանորդների ընդհանուր թիվը կազմել է 121 311: Այդ թվում՝ ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների թիվը կազմել է 58 130, իսկ ֆիքսված ինտերնետի բաժանորդների թիվը՝ 110 974. մեկ բաժանորդը կարող է լինել միաժամանակ և՛ ֆիքսված հեռախոսակապի, և՛ ինտերնետի բաժանորդ։

Ինչ վերաբերում է «Վիվա-ՄՏՍ»-ին, ապա օպերատորը ֆիքսված կապի շուկայում ծառայություններ մատուցում է միայն իրավաբանական անձանց։ Թեև ընկերությունից հրաժարվեցին մեզ տրամադրել բաժանորդների քանակը, իսկ ընկերության կայքում չկա ֆիքսված կապի վերաբերյալ հաշվետվություն, սակայն՝ մեր տեղեկություններով ֆիքսված կապի շուկայում«Վիվա-ՄՏՍ»-ի կշիռը չնչին է։

Եթե բջջային կապի շուկայում գործում են միայն նշված երեք օպերատորները, ապա՝ ֆիքսված կապի շուկայում բացի նրանցից կան նաև այլ օպերատորներ ևս, որոնք փոքր մասնաբաժին ունեն շուկայում:

Մեր հաշվարկներով` այսօր ֆիքսված կապի հայաստանյան շուկայի առյուծի բաժինը «Բիլայնի» ու «Յուքոմի» ձեռքերում է։ Այդ մասին են վկայում նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ «Հետք»-ին տրամադրած տվյալները։

Ըստ հանձնաժողովի տվյալների՝ 2019 թվականի դրությամբ ամրակցված հեռախոսակապի շուկայում «Բիլայնի» կշիռը 79.9 % է, իսկ «Յուքոմի» կշիռը՝ 14.2 %: Մյուս համեմատաբար փոքր խաղացողների շարքում առանձնանում է «Ռոստելեկոմը» («ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ), որի կշիռը ամրակցված հեռախոսակապի շուկայում 4.3 % է։

Իսկ ամրակցված ինտերնետի շուկայում «Բիլայնի» և «Յուքոմի» տեսակարար կշիռները շատ չեն տարբերվում։ Մասնավորապես, «Յուքոմը» զբաղեցնում է շուկայի 31.6 %-ը, իսկ «Բիլայնը»՝ 30 %-ը։ «Ռոստելեկոմը» ևս տեսանելի կշիռ ունի շուկայում՝ 14.6 %-ը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից նաև հետաքրքրվել էինք՝ արդյոք նշված ընկերություններն ունեն շուկայում գերիշխող դիրք ունեցողի կարգավիճակ։ Պարզվում է՝ նրանցից միայն «Բիլայնն» է գերիշխող։ Ընկերությունն այդ կարգավիճակը ստացել է դեռևս 2008 թվականից, երբ անվանումը «ԱրմենՏել» էր։

Այսպիսով, ստացվում է, որ «Բիլայնը» գնելով՝ «Յուքոմը» ձեռք կբերի ֆիքսված կապի շուկայի առյուծի բաժինը։ Մասնավորապես, ըստ 2019 թվականի տվյալների՝ ֆիքսված հեռախոսակապի շուկայի 94.1 %-ը բաժին կընկնի «Յուքոմին» և ֆիքսված ինտերնետի շուկայի 61.6 %-ը։

Հաշվի առնելով փոքր ընկերությունների առկայությունը՝ չենք կարող պնդել, որ «Բիլայնը» գնելով՝ «Յուքոմը» մենաշնորհային դիրք է զբաղեցնելու ֆիքսված կապի շուկայում, սակայն փաստ է, որ «Յուքոմը» դառնում է գերիշխող։ Այստեղ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը լուրջ անելիքներ ունի՝ պետք է հաշվի առնել, թե մրցակցային ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այս գործարքի արդյունքում և ամենակարևորն՝ արդյոք բաժանորդները չե՞ն տուժի այդ գործարքից։ Գերիշխող դիրքի արդյունքում կարող է փոքրանալ մրցակցությունը, ինչն օպերատորին կարող է թույլ տալ բարձրացնել սակագները։ Բոլոր դեպքերում, մրցակցության հնարավոր թուլացումը լուրջ ազդակ է ցանկացած շուկայի համար։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter