HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանդանոցներ (տվյալների վերլուծություն)

Անասնատերերը եւ մսավաճառները մի քանի օր է, ինչ բողոքի ակցիաներ են իրականացնում ընդդեմ Կառավարության այն որոշման, ըստ որի արգելվում է կենդանիների բակային մորթը։

Այսուհետ մսամթերքի իրացման բոլոր կետերում տնտեսվարողները պետք է ունենան անասնաբուժական V-րդ ձեւը։ Սա տեղեկանք է այն մասին, որ միսը ստուգված է, անվտանգ է, եւ որ անասունը մորթվել է սպանդանոցում։ Այս տեղեկանքը տրամադրելու են սպանդանոցները։ Կենդանիներին սպանդանոցում մորթելը դառնում է պարտադիր։

Բողոքող մսավաճառներից ու անասնատերերից ոմանք նշում են, որ որոշումն ընդունելուց առաջ Կառավարությունը հաշվի չի առել մի քանի հանգամանք: Ըստ նրանց՝ Հայաստանում չկան բավականաչափ սպանդանոցներ, մսի տեղափոխումը տնտեսվարողների համար դառնում է ռիսկային, ծախսը ավելանում է, ինչն էլ կարող է ազդել մսի գնի վրա։ Նրանք պահանջում են հետաձգել որոշման ուժի մեջ մտնելը՝ մինչեւ կկառուցվեն նոր սպանդանոցներ։

Բողոքի ակցիայի մասնակիցներից ոմանք էլ ընդհանրապես դեմ են այս որոշմանը եւ պահանջում են այն չեղարկել։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանը արդեն հայտարարել է, որ մարմինը որոշումը չի հետաձգելու, պետությունը ընդառաջում է տնտեսվարողներին եւ 30 կմ շառավղով կենդանիների տեղափոխումը կլինի անվճար։ Բացի այդ, տեսչական մարմինը հուշագիր է կնքել բոլոր սպանդանոցների սեփականատերերի հետ, համաձայն որի՝ խոզերի սպանդը իրականացվելու է առավելագույնը 5000 դրամով, մանր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը 3500, իսկ խոշոր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը 10,000 դրամով։

Ըստ տեսչական մարմնի տրամադրած տվյալների, Հայաստանում ներկա պահին գործում է 38 սպանդանոց։ Դրանց բաշխվածությունը կարող եք տեսնել ստորեւ՝

Հայաստանի բոլոր 12 մարզերում կան սպանդանոցներ։ 

 

Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշում է, որ ներկայում կա մոտ 20 կառուցվող սպանդանոց, սակայն ընդունում է, որ բաշխվածությունը դեռ համաչափ չէ։ Մանավանդ Տավուշում, Վայոց Ձորում եւ Արագածոտնում այս խնդիրը ակնհայտ է։

Ըստ նրա՝ այս փոփոխությունները գյուղացիների գործը չեն բարդացնում, այլ շուկայից դուրս են հանում «կեղտոտ մորթ անող, վատ սանիտարական պայմաններով մեքենաներով միսը տեղափոխող վերավաճառողներին»։

Ամենաշատը՝ 11, սպանդանոց կա Կոտայքում, 5-ական սպանդանոց կա Երեւանում եւ Արմավիրում, 1-ական սպանդանոց կա Վայոց Ձորում եւ Արագածոտնում։ 

 

Սպանդանոցները տարբեր ծառայություններ են մատուցում։ Այսպես, 38 սպանդանոցներից 12-ը բավականին ճկուն են, իրականացնում են մանր, խոշոր եղջերավոր կենդանիների եւ խոզերի մորթ։ Միայն խոզի մորթ իրականացվում է 11 սպանդանոցում։ 

 

Անասնատերերը այսօր նույնպես շարունակել են իրենց բողոքի ակցիաները՝ Հայաստանի տարբեր մարզերում փակելով ճանապարհները։ Նրանց պահանջը նույնն էր՝ հետաձգել որոշումը։

Ըստ երեւույթին, սպանդանոցների քանակը կշատանա, քանի որ որոշման ընդունումից հետո դրանց պահանջարկը մեծանալու է։

Ներկայացնում ենք ներկայում գործող բոլոր սպանդանոցների կոնտակտային տվյալները։ 

 

 

Կենդանիների մորթը սպանդանոցում չիրականացնելու եւ Կառավարության որոշումը խախտելու համար նախատեսված է տուգանք՝ 300,000 դրամ եւ վաճառքի կասեցում։

Սակայն կան բացառություններ, այսպես՝ բակային մորթ թույլատրվում է իրականացնել ծիսական նպատակներով՝ մատաղի համար։

 

Գլխավոր լուսանկարը՝ Armenpress-ի։ 

Մեկնաբանություններ (1)

Yerevan2800
մաքուր մսի կոնցեպտը ճիշտ է, սակայն անասնաբուժական օղակի վերականգման, ուժեղացման հարց կա, տեղային փոքր սպանդանոցների ապահովման հարց կա, այստեղ գյուղապետարանները ու համայնքները մի կողմ են քաշվել, կարծես այդ հարցը նաև իրենցը չի վերաբերում, արդարացում չունեն,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter