HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Իմ քայլը» մերժեց Երևանի քաղաքապետարանի նվիրատվություններն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների սահմանման հարցը

Խորհդարանը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած Երևան համայնքի նվիրատվությունները և շինթույլտվությունների հնարավոր կոռուպցիոն ռիսկերը ուսումնասիրող իրավունքի ուժով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների սահմանման հարցը: Հիշեցնենք, որ այդ հարցի քննարկմանը երեկ քաղաքական մեծամասնության պատգամավորները վիճարկում էին առհասարակ հանձնաժողովի ստեղծման սահմանադրականության հարցը, նաև ընդգծում, որ խորհրդարանի լիազորությունների մեջ չէ Երևանի նվիրատվությունները ուսումնասիրելը:

Որոշումը մերժվեց 39 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` կոչ անելով քաղաքական մեծամասնությանը չտապալել քվեարկությունը:

Մարուքյանի կոչին միացավ նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` հիշեցնելով, որ իր հարցմանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանել է ուղղորդելով իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողով:

«Վատ իրավիճակի մեջ եք դնում քաղաքապետին»,- ասաց նա` դիմելով քաղաքական մեծամասնությանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց` վատ նախադեպ է, երբ իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը իրականացնի գործառույթներ, որոնք իր լիրազորությունների մեջ չեն մտնում: Մակունցը խորհուրդ տվեց ուսումնասիրություններ կատարելու համար դիմել Երևանի ավագանուն: Մակունցը տեղեկացրեց նաև, որ քաղաքական մեծամասնությունը չի մասնակցի քվեարկությանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ քաղաքական մեծամասնությունը որևէ մտադրություն չունի որևէ բան կոծկելու, կա քաղաքական կամք հետազոտելու բոլոր նման երևույթները, սակայն այն պետք է ինստիտուցիոնալ ձևով արվի:

«Մենք չենք կարող գնալ մի քայլի, որը կասկածելի է սահմանադրականության առումով»,-ասաց նա:

«Քվեարկության պատկերը ցույց տվեց, որ չունեք քաղաքական կամք` Երևանի քաղաքապետարանի կոռուպցիոն գործարքներն ուսումնասիրելու»,- Միրզոյանին հակադարձեց Էդմոն Մարուքյանը:

Վերջինիս խոսքով` Երևանի ավագանին չէ, որ որոշելու է խորհրդարանի լիազորությունները: Մարուքյանն ասաց, որ նման նախադեպ չի եղել անգամ նախորդ խորհրդարանում, երբ իրավունքի ուժով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների սահմանման քվեարկությունը տապալվում է:

Իմքայլական Ռուբեն Ռուբինյանն էլ, պատասխանելով Էդմոն Մարուքյանին, ասաց, որ եթե վերջինս կարոտել է նախկին խորհրդարանի գործընկերներին, կարող է սրճել նրանց հետ: Այս խոսքերից հետո տեղից սկսեց խոսել Մարուքյանը, ինչի համար արժանացավ ԱԺ նախագահի նկատողությանը:

Տեղեկացնենք, սակայն, որ այս քվեարկությամբ հանձնաժողովի գործունեությունը չի դադարեցվել, քանի որ այն իրավունքի ուժով ստեղծված էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter