HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորաստեղծ ընկերությունը դիմել է Ազատեկի հանքավայրի շահագործման համար

2020թ․ հունվարի 9-ին գրանցված «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն ուզում է շահագործել Վայոց ձորի մարզի Ազատեկի ոսկի-բազմամետաղների հանքավայրը։ Ընկերությունը Վայք և Զառիթափի համայնքներում հանրային լսումներ է նախատեսում իրականացնել այս օրերին, վաղը՝ Զառիթափում, հունվարի 23-ին՝ Վայքում։ Հայտարարությունում նշվում է, որ ընկերությունը Ազատեկի հանքավայրը ստորգետնյա եղանակով է նախատեսում շահագործել։

«Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն հիմնադրել է Արաբկիր վարչական տարածքում գրանցված 31-ամյա Հրաչյա Համլետի Ջանունցը։ Նա նաև ընկերության տնօրենն է։

Ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Հրաչյա Ջանունցը նաև «Աշա մետալ» ՍՊԸ-ի հիմնադիրներից է, որտեղ նրա գործընկերները Թուրքիայի և Իրանի քաղաքացիներ են։

«Աշա մետալ» ՍՊԸ-ն ՊԵԿ-ում երևում է որպես «նոր գրանցված» ընկերություն, որի գործունեության տեսակը դասակարգված չէ։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքում նույնպես որևէ տեղեկություն չկա, որ այս ընկերությունները աշխատակիցների համար 1000 դրամ են վճարում։

Ըստ պետռեգիստրի՝ Հրաչյա Ջանունցի անունն առնչվում է նաև «Ա.Դ.Հ.Գ. » ԲԲԸ-ին՝ գրանցվախ 2003 թվականին։ Այս ընկերությունը գործող է և զբաղվում է ոսկու և այլ թանկարժեք մետաղների մեծածախ առևտրով։ 

Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանին հարցրինք, թե ինչպես է համայնքը արձագանքել այս հանքի հնարավոր շահագործման կապակցությամբ, համայնքապետը պատասխանեց․ «Վաղը ժողովուրդը կգա, կորոշի»։

Հիշեցնենք, որ Ազատեկի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը ստացել էր «Վայք Գոլդ» ՍՊԸ-ն, որը, սակայնը 2019 թվականի դեկտեմբերի 13-ից դադարեցվել է։ Այս ընկերության փորձերը՝ հանրային լսումներ անցկացնել և դրական արձագանք ստանալ Վայքում, չէր հաջողվել, քանի որ Վայքի բնակիչները կամ բոյկոտում, կամ համաձայնություն չէին տալիս Ազատեկի շահագործմանը։

Ազատեկի հանքավայրից ապօրինի ընդերքօգտագործում իրականացնելու փաստով «Վայք գոլդ» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցված է քրեական գործ, և չի բացառվում, որ «Վայք-ինվեստ» ընկերությունը պարզապես հիմնադրվել է գործընթացները մեկ այլ ընկերության միջոցով իրականացնելու նպատակով։ Ավելին, Հրաչյա Ջանունցի հաշվառման հասցեում գրանցված է նաև Հայկուշ Արամի Օսիկյանը, նույն «Ասսաթ» ՍՊԸ-ի սեփականատեր և ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու ընկերության տնօրեն Արամ Օսիկյանի դուստրը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter