
Էդմոն Մարուքյան. «Քաղաքական մեծամասնությունը գնալով փչանում է ու տրվում իշխանություն ունենալու գայթակղությանը»
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ է անում քաղաքական մեծամասնությանը «գլուխները չկորցնել և իրենց նորմալ պահել»:
Այս մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության հրավիրած ասուլիսին ասաց Մարուքյանը` անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի նվիրատվություններն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմի ընտրության տապալման հարցին:
«Երեկվա քննարկմանը հանձնաժողովի կազմը հաստատելու փոխարեն՝ քաղաքական մեծամասնության պատգամավորներն այլ բովանդակությամբ ելույթներով էին հանդես գալիս: Սա խոսում է այն մասին, որ փորձում են իրենց ելույթներով խեղաթյուրեն պրոցեսը: Քաղաքական մեծամասնության խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է` «Իմ քայլը» դեմ է քվեարկելու, առավոտն ասում է` չեն քվարկելու: Երկրում անլրջության շքերթ է, մարդիկ իրենց խոսքին չեն հետևում»,- ասաց նա:
Մարուքյանի խոսքով` ժողովուրդը պիտի իմանա այն, որ քննիչ հանձնաժողովում իշխանությունը պետք է ունենար յոթ անդամ, ընդդիմադիր խմբակցությունները միասին` չորս անդամ:
«Մարդիկ վախենում են ստեղծել մի հանձնաժողով, որտեղ մեծամասնություն են»,- ասաց նա:
Մարուքյանի համոզմամբ` քաղաքական մեծամասնությունն անհանդուրժող է այլընտրանքային կարծիք լսելու հարցում:
«Կան մարդիկ, որ մտածում են պետական շահը միայն իրենք գիտեն, հասկացանք, որ ժողովրդի վստահությունը վայելում են, բայց ժողովուրդը պետք է իմանա, որ իրենց վստահությունը մսխվում է այս մարդկանց կողմից: Էյֆորիայից կորցնում են իրենց: Քաղաքական մեծամասնությունը գնալով փչանում է ու տրվում իշանություն ունենալու գայթակղությանը»,-ասաց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ այսօրվա նիստի ընթացքում Էդմոն Մարուքյանի և Ռուբեն Ռուբինյանի բանավեճի ժամանակ, երբ Մարուքյանը տեղից խոսում էր, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը վերջինիս զգուշացրեց, որ նկատողություն է ստանում:
«ԱԺ նախագահը երեկվանից նոր իմացել է, որ սանկցիաներ կիրառելու իրավունք ունի, բայց միակողմի է կիրառում, կիրառում է իրենց հետ համաձայն չեղած մարդկանց հետ: Ես յոթ տարի պատգամավոր եմ, էլ սեղաններին ենք խփել, միջամտել ենք տեղից, գոռացել ենք, էդ սանկցիաներից որևէ մեկը մեր նկատմամբ չի կիրառվել: Տղանե՛ր և աղջիկնե՛ր, գլուխներդ մի՛ կորցրեք, ձեզ նորմա՛լ պահեք»,- ասաց Մարուքյանը:
Վերջինս անդրադարձավ նաև Ռուբեն Ռուբինյանի այն ակնարկին, որ եթե նախկին գործընկերներին կարոտել է, կարող է նրանց հետ սուրճ խմելու գնալ: Մարուքյանն ասաց` այդ Ռուբեն Ռուբինյանն է վերջերս սրճել Արմեն Աշոտյանի հետ և խնդրել, որ նա աջակցի ԵԺԿ-ում ունեցած իր կապերով:
«Ռուբեն Ռուբինյանը լատենտ սուրճ խմող է. իր հետ սուրճ չեմ խմում, որովհետև անհետաքրքիր է, իր հետ ինչ խոսեմ: Ինքը թող հիշի, որ ամենաթարմ սուրճ խմածն ինքն է»,- եզրափակեց ԼՀԿ խմբակցության ղեկավարը։
Մեկնաբանել