Սեփական եկամուտների հավաքագրումը համայնքների բարեկեցությունն է ապահովում
«Տեղական ինքնակառավարումը կայացած ինստիտուտ է: Եթե 10 տարի առաջ համայնքապետերի 40%-ն ուներ բարձրագույն կրթություն, ապա այսօր 90%-ն ունի»,- հայտնեց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը փետրվարի 28-ին տարածքային կառավարման նախարարությունում «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի և նախարարության համատեղ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ամփոփելով տեղական ինքնակառավարման մարմինների անցած 15-ամյա ուղին՝ Արարատի մարզպետը նշեց, որ համայնքապետները հիմնականում կատարում են իրենց լիազորության շրջանակում պարտադիր պատվիրակված լիազորությունները, իսկ մարզպետարանը նպաստում է, որ համայնքները լուծեն իրենց առջև ծառացած խնդիրները:
Մասնավորապես, համայնքներում մեծ ուշադրություն են դարձնում սեփական եկամուտների հավաքագրմանը, և նախորդ տարվա համեմատությամբ սեփական եկամուտները 40 մլն դրամից ավելի են կազմել:
«Որքան մեծ է բյուջեն, այնքան մեծ են հնարավորությունները, և 2011 թ. համայնքները սեփական բյուջեի միջոցներով 1 մլրդ դրամից ավելի աշխատանքներ են կատարել համայնքներում»,- տեղեկացրեց մարզպետը:
Գումարները նպատակաուղղվել են համայնքապետարանի վարչական շենքի, երաժշտական դպրոցի, մշակույթի տան վերանորոգմանը, փողոցների բարեկարգմանը, գիշերային լուսավորության ապահովմանը, ոռոգման ցանցի բարելավմանը: Ինչպես նշեց մարզպետը, համայնքի ղեկավարներն ստանձնում են նաև ոռոգման խնդրի լուծումը, եթե այն մեծ ծախսեր չի պահանջում:
Մարզի համայնքներում մարզպետարանի իրականացրած տարեկան հսկողության արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ համայնքները հիմնականում կատարում են ՏԻՄ մասին օրենքով իրենց վրա դրված պարտավորությունները:
«Վարչական հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումները մարզպետարանի քննարկումների ժամանակ հարթվում են, և մենք հետամուտ ենք լինում դրանց վերացմանը»,- տեղեկացրեց մարզպետը:
Խախտումները, ինչպես նշեց Է.Բարսեղյանը, հիմնականում հետևյալ բնույթն ունեն. համայնքների ղեկավարները խախտում են «Գնումների մասին» ՀՀ օրենքը, հայտնաբերվում են ապօրինի շինարարության փաստեր ու ֆինանսական խախտումներ, համայնքում մշակութային և կրթական խնդիրներին պատշաճ ուշադրություն չի դարձվում և այլն:
Մարզպետը նշեց, որ անցյալ տարի, վարչական հսկողության արդյունքում, չարաշահման մեկ դեպք է ի հայտ եկել: Խոսքը մարզի Գետազատ համայնքի ղեկավար Ճարպիկ Վարդանյանի մասին է: Մարզպետարանը հսկողություն իրականացնելիս համայնքապետարանում քրեորեն պատժելի արարք է հայտնաբերել, և ներկայում համայնքի ղեկավարը կալանավորված է:
«Հետքի» հարցին, թե մարզպետն ինչպես է վերաբերվում այն փաստին, որ համայնքների ղեկավարները բյուջեից սոցիալական օգնություններ են տրամադրում՝ առանց քաղաքացիների դիմումների, առանց համապատասխան հանձնաժողովների եզրակացությունն ստանալու, և մեր տվյալներով՝ իրականում դրանք ավելի շատ նպատակուղղվում են հարկերի հավաքագրման բարձր տոկոս ցույց տալուն, Է. Բարսեղյանը պատասխանեց, որ համայնքի բյուջեից, առանց դիմումի, օգնություն ստանալը համարում է օրենքի լուրջ խախտում և քրեորեն հետապնդելի արարք: «Ես չեմ հանդուրժի դա»,- շեշտեց նա և ավելացրեց, որ իր ղեկավարած մարզում նման դեպք չի արձանագրվել:
Անդրադառնալով մարզի սոցիալտնտեսական զարգացման ծրագրի իրականացմանը՝ Արարատի մարզպետը նշեց, որ ծրագրի իրականացումը մեծ գումարներ է պահանջում, բայց պետբյուջեից անցյալ տարի Կառավարության հատկացրած գումարներով որոշ համայնքներում աշխատանքներ կատարվել են: Այն հիմնականում նպատակաուղղվել է մարզի կրթական և նախակրթական հիմնարկների շինությունների վերանորոգմանն ու ջեռուցմանը:
«Մեր մարզերում 38-ից ավելի մանկապարտեզներ շուրջտարյա աշխատանքն ապահովել են: Եթե կարողանանք գյուղական բնակավայրերի մանկապարտեզներում ջեռուցում անցկացնել, կապահովենք նաև նրանց բնականոն աշխատանքը ողջ տարին»,- հայտնեց մարզպետը:
Էդիկ Բարսեղյանը նշեց, որ իրենց մարզը մյուսներից առանձնանում է համայնքային բնակչության թվի մեծությամբ: 93 գյուղական և 4 քաղաքային համայնք ունեցող մարզում զարգացած է գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, և նախորդ տարին բարենպաստ է եղել գյուղմթերքների արտադրության ու իրացման առումով:
Բերքատվության բարձր տոկոսը հնարավոր է եղել ապահովել կարկտակայանների շնորհիվ, որոնք մարզի տարածքը ապահովագրել են կարկտահարումից, և գյուղացուն էական վնաս չի պատճառվել: Այս տարի Արարատում նախատեսվում է տեղադրել ևս 14 կարկտակայան, որոնք, Է.Բարսեղյանի ասելով, ամբողջությամբ վերահսկելի կդարձնեն մշակովի հողատարածքները:
Է. Բարսեղյանը շեշտեց, որ մարզում լուրջ խնդիր ունեն՝ ստորգետնյա ջրերի հետ կապված: Մարզի 134 ձկնաբուծական տնտեսությունները կլանում են խորքային հորերից մղվող ջրի առյուծի բաժինը, ինչը դժվարացնում է գյուղական համայնքների բնակչության գյուղատնտեսական մշակաբույսերի մշակմանը:
«Առհասարակ, Մասիսի տարածաշրջանում ոռոգման ջրի լուրջ խնդիր կա: Այն խորքային հորերը, որտեղ ինքնաշատրվանող ջուր չի գալիս, մենք պետք է պոմպերով մղենք, որը բավականին ծախսատար է»,- հայտնեց մարզպետը:
Փոխարենը, պետությունը գյուղացիներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել մեկ այլ հարցում. այս տարի համեմատաբար մատչելի գնով նրանց կտրամադրվեն ազոտական պարարտանյութ և անվճար դիզվառելիք:
Լիլիթ Աբրահամյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել