HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու համայնքապետը պատրաստ է հրաժարական տալ միայն իր ընտրողների պահանջով

«Հետք»-ի հարցերին պատասխանում է Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը:   

-Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը վերջին օրերին լրատվամիջոցներով Ձեզ առաջարկում է հրաժարական տալ Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնից: Ձեզ հետ քննարկվե՞լ է մարզպետի առաջարկությունը: 

- Այո, հայտարարելուց մի երկու օր առաջ նա ինձ առաջարկել է հրաժարական տալ համայնքի ղեկավարի պաշտոնից: Ես իրեն պատասխանել եմ, որ ես նախ համայնքի բնակչությանն եմ հաշվետու: Իմ անձնական դիրքորոշումն եմ ասել  այն մասին, որ Ալավերդի համայնքի ղեկավարի ընտրություններին ինձ քվեներ տված 7 հազար ընտրողները կարող են ինձանից հրաժարական պահանջել: Այլ դեպքում անազնիվ կլինի հրաժարվել համայնքի ղեկավարի պաշտոնից:

-Անդրեյ Ղուկասյանը Ձեզ հրապարակային մեղադրում է, որ դուք համայնքի ղեկավարի պաշտոնում ոչ թե գործող իշխանության, այլ նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի և մյուս հանրապետականների կողմից եք ուղղորդվում և ղեկավարվում: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

–Ես չեմ կարող դրան գնալ ոչ իմ պետության, ոչ իմ հանդեպ, ոչ էլ համայնքի բնակչության հանդեպ: Ոնց կարող են նրանք ինձ ուղղորդել կամ ղեկավարել: Իհարկե, քննադատելու համար միշտ ինչ-որ թիրախ պետք է գտնեն: Ով չգիտի, որ ես ինքնառաջադրմամբ չեմ առաջադրվել համայնքապետի թեկնածու:

-Ինչպես ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, այնպես էլ լրատվամիջոցները Ձեզ մեղադրում են համայնքի բյուջեի եկամուտները անարդյունավետ ծախսելու մեջ: 

-Բյուջեի ծախսերի անարդյունավետության մասին ես կասեմ, որ համայնքի բնակչության համար տեսանելի չէ մեր բյուջեի ծախսերը: Մեր մակարդակի համայնքներից ոչ մի համայնք 19 ՀՈԱԿ-ներ չունի: Դրանցից 9-ը նախադպրոցական ուսումնական հաստատություններ են: ՀՈԱԿ-ները տանում են մեր բյուջեի առյուծի բաժինը: Բնակչությունը տեսնում է, որ մենք 2020թ.-ի բյուջեում նախատեսել ենք ունենալ 644 մլն դրամ եկամուտ: Մարդիկ հաշվարկում են, որ այս կամ այն բանը պետք է լինի, բայց չեն հաշվարկում մենք դրա հնարավորությունը ունենք, թե ոչ:

-Դուք բյուջեի հանրային քննարկմանը ներկայացնու՞մ  եք համայնքի առաջնահերթ ծախսերը, թե՝ ոչ: Պատգամավոր Ա. Մկրտչյանը  պնդում է, որ Ձեր կողմից նախատեսված 150 մլն դրամ ծախսերով իրականացված սուբվենցիոն ծրագրերը համայնքի զարգացմանը չեն նպաստել:

-Ձեզ ազնիվ պատասխանելու համար ես օրինակը բերում եմ, ուրեմն բոլոր ՀՈԱԿ-ների ծնողներին հանրային լսումներով ամբողջ բյուջեն ներկայացվել է: Հավատացեք, անձամբ գնացել եմ համայնքի նախադպրոցական ուսումնական  հաստատություններ և երաժշտական դպրոցներ: Ծնողների հետ հանդիպել եմ, նրանց բոլոր հարցերին պատասխանել եմ: Բյուջեի եկամուտների և ծախսերի բոլոր տեղերը ցույց եմ տվել, որ ժողովրդի կողմից բյուջետային գործընթացներում մասնակցություն լինի:

-ԻՆչ կասեք պատգամավոր Ա. Մկրտչյանի այն դիտարկմանը, որ Ալավերդի քաղաքի վարչական տարածքում ազատ հող չկա արտադրական ձեռնարկություններ բացելու համար: Պատգամավորը նշում է, որ արտադրական նշանակության կիսաքանդ շենքերից մեկի սեփականատերը Ալավերդիում աղբատար մեքենաների հավաքման արտադրամաս բացելու համար 1 մլն դոլար է պահանջել ներդրողից: Այդ պատճառով ներդրողը Ալավերդիում չի ցանկացել իր գործը սկսել:

-Ես կոնկրետ չեմ կարող ասել պարոն Մկրտչյանի հայտարարությունը որ դեպքին է վերաբերում: Բայց իր հայտարարությունից ես էլ հասկացա, որ խոսքը վերաբերում է աղբահան մեքենաների արտադրամաս բացելուն: Քաղաքում չսեփականաշնորհված արտադրական շենք չկա: Դեբեդ թաղամասի մանկապարտեզի շենքն է, ֆինանսապես մենք ի վիճակի չենք այն վերանորոգել: Բացի դա, մանկապարտեզի շենքը արտադրական նպատակով դժվար կլինի օգտագործել: Թումանյան փողոցի վրա գտնվող նախկին պիոներ տան մեր շենքն է, որը նպատակային պահված շենք է: Ես ինքնս այդ շենքի վրա դողում եմ, որ վաղը, մյուս օրը քաղաքի համար մի կենտրոն դառնա:

-Ձեզ քննդատում են, որ դուք դիտողություններ և առաջարկություններ չեք ընդունում: Մարդկանց հետ վիճում կամ Ձեր ամբողջ թիմով ընդդիմանում եք առաջարկություն ներկայացնողին:

-Ճիշտն ասած ես գտնում եմ, որ ինձ ավելի շատ քննադատում են, որ ես  ուրիշներին լսում եմ: Անկեղծ ասեմ՝ դա այդպես է: Ես ժողովրդի մեջ մեծացած մարդ եմ, անընդհատ ժողովրդի մեջ եմ, ինձ համար հասարակական կարծիքը իմ խղճին հավասար է:

-Ինչպե՞ս եք գնահատում համայնքի փողոցների 2019թ.-ի փոսանորոգումների որակը: Մեր տեղեկություններով՝ դուք անորակ փոսանորոգումների վճարումների մի մասը արդեն կատարել եք:

-Փոսանորոգման անորակ աշխատանքների համար ես իմ դժգոհությունը և պահանջներն առանձին ունեցել եմ: Եթե դուք շինարարին հարցնեք, թե համայնքի ղեկավարը փոսանորոգման գործում ինչ պահանջներ է դրել ձեր առաջ, նա Ձեզ կասի: Մրցույթի պահանջներից մեկը եղել է այն, որ ասֆալտը պետք է նաև սերտիֆիկատ ունենա, քանի որ ասֆալտը մազութային հումքեր է պարունակում, ասֆալտապատման աշխատանքերի այլ տեխնիկայից բացի, շինարարական կազմակերպությունը պետք է ունենա փոսային աշխատանքերի տեխնիկա: Մենք այնպիսի փողոցներ ունենք, ինչպես՝ Ալավերդու Ջրավազան փողոցը, որտեղ հնարավոր չէ մեծ կատոկով աշխատել: Եթե առանց կատոկի էլ ասֆալտը լցնեն փոսերը, բնականաբար ասֆալտի խտությունը չի ապահովվի: Փոսանորոգման որակի իրական պատասխանատվությունը իմն է, բայց դե  հիմնական պատասխանատվությունը նաև շինարարինն է: Մենք կատարած աշխատանքի համար շինարարին ամբողջությամբ չենք վճարել և չենք էլ վճարելու: Մոտ 20 մլն դրամից մենք նրանց վճարել ենք ընդամենը 8,2 մլն դրամ՝ երկու փողոցի համար: 

 

Լուսանկարում ձախից՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, աջից՝ Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter