HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը չի դիմել պատկան մարմիններին՝ իր անվտանգությունն ապահովելու հարցով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակելու փաստի առթիվ Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Այս մասին «Հետք»-ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ոստիկանությանը ահազանգել է երեկ՝ հունվարի 21-ին, ժամը 18:15-ի սահմաններում, և հայտնել, որ իր աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է, և ապակիների արանքում առկա է կրակված գնդակ։ Թե գնդակը երբ է հայտնվել ապակիների արանքում և ինչ հանգամանքներում, այս պահին պարզ չէ։ Դատարանում աշխատող անձինք կրակոցի ձայներ չեն լսել, որևէ արտառոց հանգամանք չեն նկատել։

Այսօր առավոտից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, որտեղ աշխատում է Տաթևիկ Գրիգորյանը, լրագրողների հոսքը չի դադարել։ Վերջիններս փորձում էին դատավորի աշխատակազմից որևէ տեղեկություն ստանալ տեղի ունեցածի և դրան դատավոր Տաթևիկ Գրիգորյանի ունեցած վերաբերմունքի մասին, պարզել, թե արդյոք վերջինս տեղի ունեցածը կապո՞ւմ է իր մասնագիտական գործունեության հետ, սակայն դատարանի աշխատակազմից որևէ տեղեկություն ստանալ չի հաջողվել։

Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք դատավոր Գրիգորյանը դիմե՞լ է պատկան մարմիններին՝ իր անվտանգությունն ապահովելու հարցով։ Խաչատրյանի փոխանցմամբ՝ մինչև այս պահը դատավորն այդ հարցով չի դիմել։

Այսինքն՝ գնդակը աշխատասենյակի պատուհանին հայտնաբերելուց մեկ օր է անցել, սակայն դատավորն իր անվտանգության համար, կարելի է եզրակացնել, անհանգիստ չէ։

Նշենք, որ դատավորը և նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո: Դատավորի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում դատարանի պահանջով իրավասու պետական մարմինը պարտավոր է անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` դատավորի, նրա ընտանիքի անդամների և նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական շինությունների անվտանգությանն ապահովելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նշանակվել են դատաձգաբանական, դատաքիմիական փորձաքննություններ։ Գործի հետակա քննությունը իրականացվելու է քննչական կոմիտեում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter