
«ԵԱՀԿ դեսպան Սորոկինը՝ Մաշտոցի այգում ոստիկանության գործողությունների մասին»
Փետրվարի 22-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին դիմել է նամակով, որտեղ, մասնավորապես, անդրադարձ կա Երևանի Մաշտոցի այգու շուրջ ծավալվող իրադարձություններին:
Փաստելով, որ ԵԱՀԿ և ՀՀ ոստիկանության համագործակցության ուղղություններից մեկը ոստիկանության և քաղաքացիական հասարակության միջև վստահության ու փոխըմբռնման բարելավումն է՝ դեսպանը նշել է, որ ոստիկանության ներկայությունը Մաշտոցի այգում, իրավականորեն բարդ և զգացմունքային խնդրի պայմաններում, մինչ օրս ուղեկցվել է ցուցարարների հանդեպ դրսևորված զսպվածությամբ:
Ոստիկանության աշխատակիցներն ընդհանուր առմամբ հետևել են ժողովրդավարական ոստիկանության հիմնական տարրերից մեկին, այն է՝ ոստիկանության արձագանքը հասարակական կարգին առնչվող ցանկացած միջոցառման պետք է համաչափ լինի դրա ներկայացրած սպառնալիքի աստիճանին: Այս դեպքում անզեն և խաղաղ ցույցի ժամանակ ոստիկանները գործել են զուսպ և ոչ կոնֆլիկտային:
Անդրեյ Սորոկինը նաև ողջունել է կլոր սեղան կազմակերպելու ոստիկանության նախաձեռնությունը, որի նպատակն է քննարկել ոստիկանության դերը այս կարգի իրավիճակներում, և հույս հայտնել, որ դա ևս մի քայլ կդառնա հասարակության շրջանում վստահության ամրապնդման և նրա հետ համագործակցության զարգացման համար:
ՀՀ ոստիկանություն
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել