HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում տեղադրվել է իրական ժամանակում երկրաշարժի հիմնական պարամետրերը որոշող նոր համակարգ

Փետրվարի 28-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ Երևանում իրական ժամանակում սեյսմիկ ինտենսիվության բաշխման նոր սերնդի համակարգի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և JICA-ի հետազոտական խմբի ղեկավարի տեղակալ Քենջի Յանոն:

Ճապոնիայի կառավարության տեխնիկական համագործակցության շրջանակներում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) «Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ ռիսկի գնահատման և կառավարման պլանավորման ծրագրով» նախատեսել էր ներդնել 5 նոր սեյսմիկ կայանից բաղկացած նոր համակարգը, որը հագեցած կլինի ժամանակակից թվային ինժեներային սեյսմոգրաֆներով:

Այդ սարքավորումները ճապոնական կողմն անհատույց փոխանցեց ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալությանը:

Ստեղծված համակարգը հնարավորություն կընձեռի սեյսմոգրաֆների գրանցումների օգնությամբ անմիջապես որոշել (իրական ժամանակում) երկրաշարժի հիմնական պարամետրերը: Հինգ սեյսմիկ կայանից ստացված տեղեկատվությունը կհաղորդվի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղադրված համակարգի սերվերին, իսկ սերվերի ժամանակակից ծրագրային ապահովման փաթեթների օգնությամբ ավտոմատ շուրջօրյա կարտապատկերվի մոնիտորի վրա:

Նորաստեղծ համակարգի սեյսմիկ կայանները տեղադրվել են Դավիթաշեն թաղամասում՝ ՀՀ ԱԻՆ տարածքում, Ավան թաղամասում՝ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմաանալիտիկ լաբորատորիայի կենտրոնի տարածքում, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության «Փարաքար» կայանի տարածքում, Երևանի պետական համալսարանի տարածքում և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում:

Շնորհանդեսի ժամանակ փորձարկվեց նոր համակարգի աշխատանքը: Հինգ կայանում գրանցվեց տեխնիկական ցնցումների ուժգնությունը, և 3-5 րոպեի ընթացքում տվյալները փոխանցվեցին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն:

Համակարգի միջոցով գրանցվելու են այն երկրաշարժերը, որոնք Երևանում կառաջացնեն 3 բալ և ավելի ցնցումներ:

Արմեն Երիցյանը նշեց, որ հետագայում նման կայաններ տեղադրվելու են հանրապետության բոլոր մարզերում:

ԱԻՆ-ը նշում է, որ երկրաշարժի ինտենսիվության բաշխման մասին արագ ստացվող տեղեկատվությունը կբարձրացնի տեղեկացվածության աստիճանը, ինչը հնարավորություն կտա օպերատիվ գործողություններ ձեռնարկել արտակարգ իրավիճակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter