HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Լենա Նազարյանը` Էդմոն Մարուքյանին. «Դուք կրկնում եք «Ելք» դաշինքը, մինչդեռ պետք է ելք գտնեք անցյալի ձևերից, հրաժարվեք անցյալի չափանիշներից»

Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանն ԱԺ այսօրվա նիստի իր ելույթում անդրադարձավ հետհեղափոխական երկրի ընդդիմության դերին:

««Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար պարոն Մարուքյանը, կարևորելով իրենց խմբակցության գործեունեության մասին հանրային ընկալումները, ջանք չի խնայում բացատրելու, թե ինչ է ընդդիմությունը, ինչի համար է ընդդիմությունը: Ինքս էլ, կարևորելով ընդդիմության դերը, ներկայացնեմ իմ տեսակետը՝ ինչպիսին պետք է լինի ընդդիմության ինստիտուտն այսօր»,- ասաց Նազարյանը:

ԱԺ փոխոսնակն ընդգծեց՝ մինչ այդ կխոսի այն մասին, թե ինչպիսին է այժմ ընդդիմությունը: Ըստ նրա` «Լուսավոր Հայաստանը» խցանվել է անցյալում:

«Շատ հաճախ անհուսալի կերպով անցյալ համակարգին բնորոշ ընդդիմություն է ներկայանում իր մոտեցումներով, բառապաշարով, մտածելակերպով և վախերով: Պարոն Մարուքյան, ցավոք, Ձեր ընդդիմությունը դասական է ոչ թե ժողովրդավարությանը բնորոշ լինելու իմաստով, այլ հին Հայաստանի ընդդիմությանը բնորոշ լինելու իմաստով: Դուք հիմա այնպիսի ընդդիմության դերով եք ներկայանում, ինչպիսին մենք ավանդաբար ստիպված էինք եղել լինել նախորդ իշխանության ժամանակ, և դա, մեղմ ասած, լավ օրից չէր: Դուք կրկնում եք «Ելք» դաշինքը, մինչդեռ պետք է ելք գտնեք անցյալի ձևերից, հրաժարվեք անցյալի չափանիշներից»,- ասաց նա:

Նազարյանը կոչ արեց հրաժարվել անցյալի ձևերից, որովհետև անցյալի ընդդիմության տեսակը սպառված է:

«Ասել, թե մեզ դուր է գալիս լինել Սերժ Սարգսյանը, նշանակում է լինել անհուսալի կերպով հին, ասել՝ մեջ մի ընկիր, երբ բանավիճում ենք քո քաղաքական պապայի հետ, նշանակում է վերարտադրել անցյալը ու անհուսալի կերպով լինել հին: Էս ի՞նչ բառապաշար է, մի՞թե Դուք և մենք քաղաքական հայրերի կատեգորիաներով ենք բանավիճելու»,- ասաց նա` ընդգծելով, որ ընդդիմությունը իներցիայով է շարժվում:

ԱԺ փոխխոսնակի համոզմամբ` քաղաքացիներն անցյալում են թողել ոչ միայն նախկին իշխանությանը, այլև նախկին բոլոր ընդդիմություններին:

«Սիրելի՛ գործընկերներ, մարդկանց ու մեր երկրին անհրաժեշտ են նոր գործելակերպով կառավարող ուժ ու նոր գործելակերպով ընդդիմություն: Ոչ միշտ է ճիշտ լինել կլասիկ` հին Հայաստանի ընդդիմության իմաստով: Դասականությունն արդեն իսկ խանգարել է ձեզ մի անգամ և խանգարում է նաև այս շրջանում: Նոր գործելաոճ ընդունելով է միայն, որ ընդդիմությունը կարող է իր կարևոր ներդրումն անել Հայաստանի քաղաքական մշակույթի զարգացման գործում: Անկեղծորեն ուզում եմ, որ քաղաքական մշակույթն, իրոք, բարեփոխվի»,- ասաց Նազարյանը:

Լուսանկարը` Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter