HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Amazon-ի հիմնադիր Բեզոսի հեռախոսը կոտրել են․ ՄԱԿ-ի փորձագետները նշում են Սաուդյան Արաբիայի արքայազնի մասնակցությունը  

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները պահանջել են հետաքննել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հնարավոր մասնակցությունը՝ «Amazon» ընկերության հիմնադիր և «Washington Post» թերթի սեփականատեր Ջեֆ Բեզոսի հեռախոսի կոտրման հարցում։ Սաուդյան Արաբիան հերքում է այս մեղադրանքը։

Գահաժառանգ արքայազնի հնարավոր մասնակցության վերաբերյալ առաջին անգամ տեղեկացրել է բրիտանական «The Guardian» օրաթերթը՝ հղում կատարելով Բեզոսի պատվերով իրականացված փորձաքննությանը։ Օրաթերթի աղբյուրները պնդում են, որ Մուհամմեդ բին Սալմանը Բեզոսին ուղարկել է տեսագրություն, որը պարունակել է վիրուս, ինչը հնարավորություն է տվել հաքերներին մուտք ունենալ հեռախոսի բովանդակություն։ Արքայազնի և ձեռնարկատիրոջ հարաբերությունները լարվել են Ջամալ Հաշոգիի սպանությունից հետո, որը եղել է «The Washington Post» օրաթերթի սյունակագիր։ 

Դեռ 2019 թվականի հոկտեմբերին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության առջև տեղի է ունեցել Ջամալ Հաշոգիին նվիրված հիշատակի արարողություն։ Անսպասելիորեն հիշատակի արարողությանը մասնակցել է նաև Ջեֆ Բեզոսը։ Նա հայտարարել է, որ երբևէ որևէ մեկը չպետք է վերապրի դա։ 

«Դուք ժամերով քայլել եք այս փողոցով, քայլել և սպասել։ Բայց նա այդպես էլ դուրս չի եկել։ Դա աներևակայելի է, և դուք պետք է իմանաք, որ մեր սրտերում եք։ Մենք այստեղ ենք, և դուք մենակ չեք»,- ասել է Բեզոսը և գրկախառնվել Հաշոգիի հարսնացուի հետ։

Արտադատական մահապատիժների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Անյես Կալամարի և խոսքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դևիդ Քեյի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ ՄԱԿ-ի փորձագետների կողմից ստացված տեղեկատվությունը վկայում է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը մասնակցել է Բեզոսի նկատմամբ լրտեսությանը: Նրանք հիշեցրել են, որ «The Washington Post»-ի սյունակագիր Ջեմալ Հաշոգիի հեռախոսը կոտրվել է Բեզոսի հեռախոսի կոտրման հետ միաժամանակ, որին անմիջապես հաջորդել է Հաշոգիի սպանությունը։

Այն հարցին, թե ինչպես են կոտրել Բեզոսի հեռախոսը, ՄԱԿ-ի փորձագետները հիմնվում են Բեզոսի հեռախոսի քրեագիտական փորձաքննության վրա։ Վերջինս պարզել է, որ ձեռնարկատիրոջ հեռախոսը կարող է կոտրված լինել 2018 թվականի մայիսի 1-ին՝ MP4 տեսաֆայլի միջոցով, որը «WhatsUpp»-ի միջոցով ուղարկել է անձամբ Մոհամմեդ բին Սալմանը։ Մի քանի ժամ անց մեծ քանակությամբ ֆայլեր գողացվել են Բեզոսի հեռախոսից։ Ինչպես հաղորդվում է փորձաքննական զեկույցում, արքայազնը Բեզոսին է ուղարկել մի քանի հաղորդագրություններ, որոնք վերաբերել են ձեռնարկատիրոջ անձնական կյանքին։ Ընդ որում, այդ լուսանկարներն ուղարկվել են նաև ամերիկյան «National Inquirer» պարբերականին։ Ենթադրվում է, որ արքայազնը և ձեռնարկատերը դեպքերից մեկ ամիս առաջ էին փոխանակվել հեռախոսահամարներով։

ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանությունը «Twitter»-ի էջում պատասխանել է մեղադրանքներին՝ անվանելով այն աբսուրդային։

«Amazon» ընկերության հիմնադրի հեռախոսի կոտրման մասին լուրը հայտնի է դարձել 2019 թվականի հունվարին, երբ ամերիկյան «National Enquirer» տաբլորիդը հրապարակել է հետաքննություն՝ Բեզոսի և հաղորդավարուհի Լորեն Սանչեսի սիրային հարաբերությունների վերաբերյալ։ Հետաքննության մեջ հրապարակվել են Բեզոսի անձնական հաղորդագրությունները և լուսանկարները։ Վարկածներից մեկի համաձայն՝ ամերիկյան տաբլոիդը Լորան Սանչեսի եղբորը՝ Մայքլ Սանչեսին վճարել է 200 000 ԱՄՆ դոլար՝ քրոջ և Բեզոսի անձնական լուսանկարների համար։ Զուգահեռաբար, 25 տարվա ամուսնությունից հետո բաժանման մասին հայտարարել են Ջեֆ և Մաքենզի Բեզոսները։ 

Նախորդ տարվա մարտին սաուդների՝ Բեզոսի հեռախոսի կոտրմանը գործընթացին հնարավոր մասնակցության մասին, հայտարարել էր Բեզոսի անվտանգության հարցերով խորհրդական Գևին դե Բեքերը։ Մինչ այդ, Բեզոսն էլ մեղադրել էր «National Inquirer» պարբերականին՝ շանտաժի և շորթման մեջ։

Գլխավոր լուսանկարը՝  Business Insider-ի 

Բեզոսի և Հաշոգիի կնոջ նկարը՝ DailyMail-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter