HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ կատարվեց Հայաստանում 2018 թ. ապրիլ/մայիսին և դրան հաջորդող շրջանում. հեղափոխությու՞ն, թե՞ կիսահեղափոխություն

Ինչպես հայտնի է, 2018 թ. ապրիլին խորհրդարանի մի քանի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ նախաձեռնեցին համաժողովրդական քաղաքացիական անհնազանդության արշավ: Սկզբում մի քանի հազար, հետո մի քանի տասնյակ, և ի վերջո հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ մերժելու գործող իշխանություններին: Շուրջ երկու շաբաթ տևած բողոքի ցույցերի ու երթերի արդյունքում արդեն վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ Փաշինյանն ընտրվեց նոր վարչապետ: Շարժման ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում սկսվում է ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխություն: Հեղափոխություն բառն ինքնին ականջահաճո եզրույթ է, և զանգվածներին այն դուր է գալիս, առավել ևս, երբ կա ունկնդրող որոշակի զանգված: Մի պահ պատկերացրեք, որ Փաշինյանը հրապարակից հայտարարեր, որ սկսվում է «ժողովրդական, թավշյա, ոչ բռնի իշխանափոխություն»: Բայց Փաշինյանը հայտարարեց «հեղափոխություն», այլ ոչ թե «իշխանափոխություն»: Մի պահ կրկնեք երկու սցենարներն էլ, ապա համեմատեք… Անձամբ լինելով այդ հրապարակում՝ հավատացնում եմ, որ շատերը նույնիսկ չհասկացան, թե ինչ ասել է թավշյա հեղափոխություն, բայց սոսկ այն փաստը, որ հնչեցվեց հեղափոխություն բառը, շատ բան փոխեց: Այս պարագայում, նույնիսկ եթե շարժման ղեկավարների մոտ կա հստակ գիտակցում, որ այն, ինչ իրենք անվանում են հեղափոխություն, այդքան էլ այդպես չէ (այն պարզապես իշխանափոխություն է առավելագույնը), այնուամենայնիվ հեղափոխություն հռչակելն առավել արդյունավետ է սկսված շարժման հաջողության տեսանկյունից: Այս մարտավարությունն առնվազն ի զորու է լուծել երկու խնդիր. ներքին ու արտաքին մամուլի ավելի մեծ ուշադրություն ու լայն լուսաբանում, և շարժման մասնակիցների թվի ավելացում:

Ինչևիցե, հեղափոխական մեկնարկ, կարելի է պնդել, որ Հայաստանում տրվեց, սակայն հեղափոխական քայլեր, որպես այդպիսին, Հայաստանում գրեթե չեն իրականում: Առկա կարգերի կամ համակարգերի փոփոխությունը հեղափոխությունների ամենակարևոր հատկություներից է, եթե ոչ ամենակարևորը: Իսկ Հայաստանում համակարգային փոփոխություններ գրեթե տեղի չեն ունեցել (ինչու՞ գրեթե, որովհետեև քաղաքական էլիտայի վերին էշելոնն, այնուամենայնիվ, փոխվել է, բայց միայն այդ փոփոխությունով հեղափոխություն տեղի չի ունենում): Վերցրեք ցանկացած ոլորտ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին (այստեղ որոշակի բացառություն կարելի է անել Արցախյան հակամարտության վերաբերյալ՝ կապված Փաշինյանի՝ Արցախը բանակցությունների կողմ դարձնելու հետ, բայց դա մինչ այս պահը չի էլ ստացվում): Այո, կան փոփոխություններ, կան դրական շատ տեղաշարժեր, չպետք է մոռանալ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքները ոչ մի քաղաքական ուժ չբողոքարկեց: Կա պայքար քրեաօլիգարխիայի դեմ, կա նաև ընդգծված պայքար կոռուպցիայի դեմ, բայց նախ այդ արատավոր երևույթն ամբողջովին չի վերացել, և հետո այդ պայքարն առնվազն հեղափոխությունների տրամաբանությամբ չի կատարվում, քանի որ որոշ դեպքերում մարդիկ պարզապես վերադարձրել են պետությանը հասցված վնասը, բայց չեն ձերբակալվել: Պետք է հիշել, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էր հայտարարում, որ հանրապետականների թալանչի բրիգադը պետք է ուղարկվի պատմության աղբանոց:

Ի՞նչն էր խանգարում Փաշինյանին, որ հեղափոխական ուժով չկասեցրեց Սահմանադրության գործունեությունը և նոր հանրաքվե չանցկացրեց, չէ՞ որ մշտապես եղել և կա քննադատություն Սահմանադրության նկատմամբ. մասնավորապես, որ այն կեղծվել է, և այլն: Գործնականում ոչինչ էլ չէր խանգարում, քանի որ այդ նույն հեղափոխական ուժն էր, որ սկզբում հեռացրեց Սարգսյանին իշխանությունից, հետո փոխեց նաև օրենսդիրը: Եղա՞վ միջազգային ճնշում կամ քննադատություն: Հազիվ թե: Եվ դա տրամաբանական է, քանզի հայ ժողովուրդն ինքը որոշեց նման քայլերի գնալ: Այս նույն տրամաբանությամբ, նույն ժողովրդական լայն աջակցությամբ, հեղափոխական մեթոդներով էլ կարող էր փոփոխվել և՛ Սահմանադրությունը, և՛ դատական համակարգը: Իհարկե կլինեին որոշակի անձինք, ուժեր, որոնք կքննադատեին և/կամ կընդդիմանային: Դա նույնպես հասկանալի կլիներ, որովհետև գրեթե անհնար է պատկերացնել մի իրավիճակ, երբ հասարակության մեջ բոլորն անխտիր կողմ լինեն այս կամ այն քայլին:

Ժողովուրդը, որ դուրս էր եկել փողոց, մեղադրում էր նախկին իշխանություններին բազում անօրինականությունների մեջ` համարելով նրանց ոչ լեգիտիմ ու կոռումպացված, և այս ամենի համար էլ մերժեց նախկիններին: Կարելի է ենթադրել, որ և՛ ժողովուրդը, և՛ շարժման առաջնորդները` նախկին իշխանությանը մեղադրելով այդ ամենի մեջ, հստակ գիտակցել և գիտակցում են, որ նախկինների օրոք ընդունված շատ օրենքներ, և առաջին հերթին Սահմանադրությունը, լեգիտիմ չեն: Այս պարագայում կա տեղին քննադատություն, որ գործող իշխանությունը ո՛չ նախաձեռնում է սահմանադրական նոր հանրաքվե (սայլը կարծես թե շարժվում է տեղից, քանի որ արդեն սկսվում է ձևավորվել սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողով), ո՛չ էլ կտրուկ քայլերի է գնում դատական իշխանության ոլորտում համակարգային փոփոխություններ կատարելու համար: Ստացվում է՝ Փաշինյանը երկիրը ղեկավարում է այն իշխանությունների օրենքներով և սահմանադրությամբ, որին և որոնց կողմից ընդունված շատ օրենքներ ինքը և իր թիմակիցները (և ոչ միայն) մերժել են և համարել ու համարում են ոչ լեգիտիմ:

Կարելի է պնդել, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե հեղափոխություն, այլ իշխանափոխություն, այն էլ մասնակի: Ինչու՞ մասնակի: Քանի որ սկզբում փոխվեց միայն գործադիր, ապա մի քանի ամիս անց նաև օրենսդիր իշխանությունը, իսկ դատական համակարգը, չհաշված մի քանի անձային փոփոխությունները, մնում է նույնը (չհաշված, որ պետական ինստիտուտների զգալի հատվածում նախկին իշխանությունների հետ այս կամ այն կերպ ասոցացվող շատ մարդիկ կան, և պատահական չէ նաև Փաշինյանի՝ վերջերս կատարած այն պնդումը, որ ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը): Նույնն է մնում նաև դատարանների նկատմամբ հասարակական լայն դժգոհությունների չափը: Իսկ ինչու՞ իրեն հեղափոխական հռչակած ներկայիս իշխանությունն այդ նույն հեղափոխական տրամաբանությամբ և այն հեղափոխական մանդատով, որ ստացել է ժողովրդից, չի նախաձեռնում կտրուկ և հեղափոխական քայլեր կատարել դատական համակարգի նկատմամբ վստահության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Կարելի է պնդել, որ նույնիսկ եթե իշխանության եկած ուժը համակարգային փոփոխություններ կատարելու մղում և ցանկություն ունի, ապա ձգտում է դրանք կյանքի կոչել էվոլյուցիոն ճանապարհով: Այլ խոսքով, Փաշինյանի կառավարությունն ամեն ինչ ձգտում է կատարել օրինական միջոցներով:

Հարց կարող է առաջանալ. հեղափոխությունների ժամանակ արդյոք ամեն ինչ է, որ պետք է օրինական ճանապարհով փոխել: Փողոցներ փակելն ու Հանրային ռադիոյի շենք ներխուժելն էլ կարծես թե օրինական չէր: Միգուցե օրինական էր, քանի որ, ընդհանուր առմամբ, հասարակության շրջանում խոր դժգոհություն կար այն ժամանակվա իշխանության նկատմամբ: Ընդունված և տրամաբանական է՝ երբ կա հանրային մեծ դժգոհություն սեփական իշխանության նկատմամբ, ապա ժողովուրդն իրավունք ունի դուրս գալ փողոց և պահանջել իշխանության հրաժարականը: Եվ եթե նույնիսկ ժողովրդի՝ իր այդ իրավունքն իրացնելու գործընթացում ճանապարհներ փակելն ու պետական ինստիտուտների մուտքերն արգելափակելը հակաօրինական էր, ապա ընդհանուր մթնոլորտում լեգիտիմ էր: Ինչու՞ էր լեգիտիմ: Քանի որ կար համընդհանուր դժգոհություն նախկին իշխող ուժի նկատմամբ: Գաղտնիք չէ, որ այդ դժգոհությունը վերաբերում է նաև իշխանության դատական թևին: Հետևաբար, գործող իշխանության կողմից կտրուկ և կարդինալ փոփոխությունները դատական համակարգում եթե նույնիսկ լինեն հակաօրինական, ապա կլինեն լեգիտիմ, առնվազն իրենց իսկ կողմից հռչակված հեղափոխության համատեքստում (չպետք է մոռանալ նաև, որ Փաշինյանի թիմը դեռևս ունի ժողովրդական լայն աջակցություն): Այս պարագայում հարց է առաջանում՝ ինչու՞ գործադիրն ու օրենսդիրը չեն գնում նման քայլերի: Դասական հեղափոխության տրամաբանությունը հուշում է, որ նրանք պետք է գնան այդպիսի քայլերի, սակայն գնում են այլ ճանապարհով: Եվ ո՞րն է այդ ճանապարհը: Էվոլյուցիո՞ն, իսկ միգուցե կիսահեղափոխակա՞ն:

Հասկանալի է, որ քաղաքագիտական տեսություններում և բառարաններում դժվար թե գտնվի «կիսահեղափոխություն» եզրույթը: Մյուս կողմից էլ, սակայն, պետք է ինչ-որ կերպ բացատրել, հասկանալ քաղաքական ուժերի և առանձին գործիչների քաղաքական վարքագիծն ու գործելակերպը:

Ինչ-որ չափով հասկանալի է Փաշինյանի՝ էվոլյուցիոն կամ կիսահեղափոխական գործելաոճը: Սկզբնական փուլում անհրաժեշտ էր հեղափոխական քայլերի դիմել իշխանության գալու համար: Իշխանության հասնելուց հետո, սակայն, հասարակությունն առավելապես ականատեսն է էվոլյուցիոն քայլերի, բացառությամբ դատարանների մուտքերի արգելափակումն ու Ազգային ժողովի պաշարումը: Շատ են եղել պնդումներ, որ գործող իշխանություններն ուղղակի շարժվում են իներցիայի ուժով երկրի կառավարման այս կամ այն ոլորտներում: Կարելի է պնդել, որ երբ իշխանությունը կորցնելու իրական վտանգ է զգացվել այսպես կոչված հակահեղափոխականների կողմից, Փաշինյանը գնացել է կտրուկ քայլերի, որոնք իրավիճակային առումով կարելի է դիտարկել որպես հեղափոխական մեթոդներ: Հարց է առաջանում. հնարավո՞ր է արդյոք, որ առաջիկայում նույնպես կտրուկ քայլեր լինեն, երբ նորից, իշխանության բնորոշմամբ, հակահեղափոխական իրական սպառնալիք առաջանա:

Փաշինյանն, ընդհանուր առմամբ, առաջ է գնում իներցիայով կամ էվոլյուցիոն ճանապարհով՝ փոփոխություններ իրականացնելով հնարավորինս օրինական միջոցներով (օրինակ Սահմանադրական դատարանի (ՍԴ) շուրջ ստեղծված իրավիճակը, քանի որ իշխանությունը մի կողմից պնդում է, որ կա հասարակական լայն դժգոհություն ՍԴ նկատմամբ, մյուս կողմից էլ չի գնում հեղափոխական մեթոդների): Ենթադրելի է, որ Փաշինյանը, շահագրգռված լինելով հնարավորինս երկար պահել իշխանությունը (ինչը բնական է, քանի որ ցանկացած քաղաքական ուժ ձգտում է երկար պահել իշխանությունը), առաջիկայում ևս, անհրաժեշտության դեպքում, կգնա արմատական և կտրուկ քայլերի, որոնք մեծ հաշվով ուղղված կլինեն նախկին իշխանությունների դեմ, քանի որ, ընդհանուր առմամբ, Հայաստանում առկա համակարգն ուղղակի նախկին իշխանությունների քաղաքականությունների արդյունքն է: Այդ կտրուկ և կարդինալ քայլերով Փաշինյանը կփորձի թույլ չտալ, որ իր և իր թիմակիցների նկատմամբ առկա հասարակական լայն աջակցությունը թուլանա, ինչն իր հերթին թույլ կտա իշխանության վերարտադրությունը հաջորդ ընտրությունների ժամանակ:

Հարկ է նշել, որ այդ կտրուկ՝ համակարգային փոփոխություններին ուղղված քայլերը տեղավորվում են և՛ հեղափոխության, և՛ այդ հեղափոխության համար փողոց դուրս եկած զանգվածների պահանջների տրամաբանության մեջ: Վերջապես, եթե համակարգային փոփոխությունների համար ոտքի կանգնած ժողովուրդը աստիճանաբար համոզվի, որ այդ փոփոխությունները չեն իրականանում կամ ֆասադային բնույթ են կրում, ապա, ամենայն հավանականությամբ, հաջորդ ընտրություններին կփոխվի և նրանց վարքագիծը քվեախցիկում: Կարծում եմ՝ այս հանգամանքը լավ հասկանալով՝ Փաշինյանն առաջիկայում նույնպես կգնա համակարգային փոփոխություններ կատարելու կտրուկ փորձերի:

Մեկ հետաքրքիր հանգամանք է պետք ընդգծել: Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում տեղի է ունենում սիրո և համերաշխության հեղափոխություն: Այս համատեքստում, այդքան էլ տրամաբանական չեն վարչապետի մի շարք արտահայտություններ («հանգիստ նստեք տեղներդ», «ասֆալտներին փռել կամ պառկեցնել», «պատերի տակ վնգստացող դատավորներ» և այլն) և կոչեր (դատարանների արգելափակում ու Ազգային ժողովի պաշարում): Բայց պետք է հիշել, որ մեկ անգամ չէ, որ Փաշինյանը պնդել է այն, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա և անօրինականություն կա, և պետք է հեռացնել սերժահանրապետական իշխանությունը, ու այս պարագայում վերոնշյալ քայլերն ու հայտարարությունները որոշակի տրամաբանություն են ստանում, որոնք բացատրելի են որպես հեղափոխական մեթոդներ: Մյուս կողմից էլ, կարծես չմոռանալով սիրո և համերաշխության հեղափոխության մասին՝ Փաշինյանը նորից չի գնում կտրուկ քայլերի: Հետևաբար, կարելի է կարծել, որ Փաշինյանի՝ շարժման (և ոչ միայն) ժամանակ հնչեցրած շատ հայտարարություններ ու պնդումներ կամ հակասում են իշխանության գալուց հետո նրա շատ քայլերին, կամ նա գիտակցաբար է ստեղծել այս խառնաշփոթը (կամ կիսահեղափոխական վիճակը)՝ չուզենալով մի կողմից կորցնել ժողովրդական լայն աջակցությունը, մյուս կողմից էլ՝ հնարավորինս գործել օրինականության սահմաններում: Թեպետ, հարկ է նշել, որ սովորաբար հեղափոխություններն օրենքներով կամ Սահմանադրությամբ տեղի չեն ունենում, և հեղափոխությունների ժամանակ առանձնապես կարիք չի լինում մտահոգված լինել օրինականության պահպանմամբ, քանի որ ժողովուրդը տալիս է անհրաժեշտ մանդատ և լեգիտիմություն՝ գործելու ազատ և անկաշկանդ:

Ամփոփում

Ընդհանուր առմամբ, ստացվում է, որ գործող իշխանությունները գնում են երկրում համակարգային փոփոխություններ կատարելու դանդաղ, էվոլյուցիոն և օրինական ճանապարհով, ինչը չի տեղավորվում իրենց իսկ կողմից հռչակված հեղափոխության տրամաբանության մեջ: Բայց մյուս կողմից էլ, առնվազն երկու դեպքում (դատարանների արգելափակում և Ազգային Ժողովի պաշարում) կատարվել են բավականին կտրուկ և ռադիկալ քայլեր, որոնք իրենց հերթին տեղավորվում են հեղափոխության տրամաբանության մեջ: Չունենալով հավակնություն տալու վերջնական գնահատական և բացատրություն Հայաստանում 2018 թ. ապրիլից հաստատված իրավիճակի վերաբերյալ՝ կարծում եմ, որ Հայաստանն ընթանում է կիսահեղափոխական ուղով: Հասկանալի է, որ առաջարկված եզրույթն ինքնին նոր է, և բավականաչափ հետազոտություն կպահանջվի այն մասնագիտական լայն քննարկումների առարկա դարձնելու համար:

Հեղինակ՝ Հովսեփ Կանադյան, Հայաստանի ամերիկյան համալսարան , Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, երկրորդ կուրս:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter