HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխության օրենսդրական նախագիծը

Հունվարի 23-ին Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելու մասին Ռուսաստանի նախագահի ներկայացրած օրենսդրական նախագիծն, որն ըստ Վլադիմիր Պուտինի, ենթադրում է քաղաքական համակարգի փոփոխություններ և սոցիալական երաշխիքների ամրապնդման հնարավորություններ։ Օրենսդրական նախագծի օգտին քվեարկել են Պետական Դումայի 432 անդամներ։ Որևէ անդամ օրենդրական նախագծին դեմ չի քվեարկել, ձեռնպահ՝ նույնպես։ Օրենսդրական նախագծի քննարկումն էլ տևել է երկու ժամից քիչ։ Հետաքրքրականն այն է, որ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Պուտինի առաջին հայտարարությունից անցել է ընդամենը մեկ շաբաթ, իսկ արդեն հունվարի 23-ին այն ընդունվել է առաջին ընթերցմամբ։

«Հետք»-ը փորձել է հասկանալ, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում իրականացնել Ռուսաստանի սահմանադրության մեջ։ Եթե առաջին հայացքից փորձենք դիտարկել առաջարկվող փոփոխություններն, ապա կարող ենք առանձնացնել հետևյալ կետերը․ 

  1. Ըստ օրենսդրական նախագծի, Պետդուման իրավունք է ստանում հաստատելու կառավարության ողջ կազմը (վարչապետից մինչև նախարարներ)։ Նախագահը պարտավորվելու է նշանակել բոլոր նրանց, որոնց թեկնածությունը հաստատել է Խորհրդարանը։ Ընդորում, նախագահին իրավունք է վերապահվում հեռացնել վարչապետին և փոխվարչապետներին։ Գործող սահմանադրությամբ, եթե վարչապետը հրաժարական է տալիս, ապա հրաժարական է տալիս ողջ կառավարությունը։ Այս պարագայում ստացվում է, որ վարչապետի հեռացման պարագայում, կառավարությունը կշարունակի գործել։
  2. Նախագահը պահպանում է երկրի գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունները։ Նախագահն է ղեկավարելու բանակն ու իրավապահ մարմինները։ Ուժային կառույցների ղեկավարներին նախագահը նշանակելու է Դաշնային խորհրդի հետ քննարկումներից հետո։
  3. Դաշնային խորհրդին, նախագահի առաջարկությամբ, իրավասություն է տրվում հեռացնելու բարձրագույն և սահմանադրական դատարանների դատավորներին։ Հեռացման պատճառ կարող է հանդիսանալ հանցագործության իրականացումը, որը կարող է անվանարկել դատավորի պատիվը և արժանապատվությունը։
  4. Սահմանադրական դատարանը, նախագահի առաջարկությամբ, կարող է գնահատել օրենքների սահմանադրականությունը և չեղարկել այն։
  5. Ստեղծվելու է նոր սահմանադրական մարմին՝ Ռուսաստանի պետական խորհուրդը։ Ներկայումս խորհուրդը գործում է նախագահին կից և ունի խորհրդատվական լիազորություն։ Դեռևս հստակ չէ, թե ինչ գործառույթներ է ունենալու մարմինը։
  6. Նախագահի պաշտոնին չի կարող հավակնել անձ, որը, բացի ռուսական քաղաքացիությունից, երբևիցե ունեցել է այլ երկրի քաղաքացիություն։ Ընդորում, նախագահը պետք է վերջին 25 տարիներին անընդհատ բնակված լինի երկրում։ Վարչապետը, նախարարները և նահանգապետները, նույնպես, չպետք է ունենալ այլ երկրի քաղաքացիություն կամ կեցության իրավունք։
  7. Սահմանադրությունից հանվում է այն կետը, ըստ որի միջազգային պայմանագրերը, որոնք ստորագրվել և վավերացվել են Ռուսաստանի կողմից, վեր են դաշնային օրենսդրությունից։
  8. Խորհրդարանի վերին պալատի անդամները կկոչվեն սենատորներ։ Ընդ որում, Դաշնային խորհուրդը չի անվանափոխվի Սենատի։

Սահմանադրության դեռևս գործող տարբերակում առկա է կետ, համաձայն որի անձը չի կարող երկու անգամ անընդմեջ ընտրվել նախագահի պաշտոնում։ Օրենսդրական նախագծում հեռացվել է «անընդմեջ» բառը, ինչը ենթադրում է, որ որևէ անձ Ռուսաստանում չի կարող նախագահի պաշտոնն զբաղեցնել 12 տարվանից ավելի (յուրաքանչյուր ժամկետի համար 6 տարի)։ Օրենսդրական նոր նախագծով հնարավորություն է տրվում նախագահի թեկնածու դառնալ Ղրիմի բոլոր այն բնակիչներին, որոնք ընդունել են Ռուսաստանի քաղաքացիություն։ Կրճատվել է նաև Սահմանադրական դատարանի դատավորների թիվը՝ 19-ից հասցնելով 11-ի։ 

Բացի նախագահի ներկայացրած օրենսդրական նախագծից, զուգահեռաբար ստեղծվել է նաև Սահմանադրության փոփոխության հատուկ աշխատանքային խումբ, որը բաղկացած է գիտության, քաղաքականության, արվեստի և սպորտի ներկայացուցիչներից։ Աշխատանքային խմբի հայտարարություններից պարզ է դառնում, որ հնարավոր առաջարկները կարող են հանրային մեծ արձագանք ստեղծել։ Մասնավորապես, աշխատանքային խմբի անդամները առաջարկում են Սահմանադրության մեջ ընտանիքն սահմանել որպես տղամարդու և կնոջ միություն։ Բացի այդ, աշխատանքային խմբի որոշ անդամներ առաջարկում են Սահմանադրությամբ ամրագրել Ռուսաստանին Ուկրաինայի և Բելառուսի միավորման հնարավորությունը։

Պուտինի առաջարկած օրենսդրական նախագծում նշվում է, որ Սահմանադրության փոփոխությունները դրվելու են «համառուսական քվեարկության»։ Այսպիսի սահմանում ռուսական օրենսդրության մեջ գոյություն չունի։ Որոշ սահմանադրագետներ երկմտում են, թե ինչպես պետք է ամրագրվի «համառուսական քվեարկությունը»։ Միգուցե այն սահմանվի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում։ 

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ օրենսդրական նախագծի երկրորդ ընթերցումը տեղի է ունենալու փետրվարի 11-ին։ Հետաքրքրական է, որ սովորաբար առաջինից երկրորդ ընթերցումների միջև ընկած ժամանակահատվածը տևում է 1 ամիս, այնինչ այս պարագայում տրվել է երկու շաբաթ ժամանակ։ Նախատեսվում է, որ «համառուսական քվեարկությունը» տեղի կունենա մինչև այս տարվա մայիսի 1-ը։

1993 թվականին ընդունված Սահմանադրության հեղինակներից մեկը՝ Օլեգ Ռումյանցևը կարծում է, որ սահմանադրության փոփոխությունների իրականացմամբ, Կրեմլը փորձում է «խափանել» Ռուսաստանում հասունացող հեղափոխական տրամադրությունները և ցույց տալ, որ իշխանությունն, իբր, պատրաստ է քաղաքական բարեփոխումների։

«Իմ կարծիքով, հենց տնտեսական կառուցվածքի փոփոխությունը և արհեստական մենաշնորհների ապակառուցումը, որոնք այսօր կառավարում են Ռուսաստանի քաղաքական և տնտեսական բոլոր գործընթացները, կարող էին ավելի նշանակալի առաջընթաց լինեին, քան Սահմանադրության բարեփոխումները»,- պնդում է Ռումյանցևը։

Լուսանկարը՝ https://riafan.ru-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter