
Որ ՀԿ-ներն են ստացել գումարային աջակցություն Գյումրու քաղաքապետարանից 2017-2019թթ.
«Հետքը» 2019թ.-ի նոյեմբերի 26-ին գրավոր հարցում էր ուղարկել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ խնդրելով տրամադրել 2013-2019թթ. ընթացքում Գյումրու մշակութային կյանքին առնչվող միջոցառումների եւ դրանք իրականացրած կազմակերպությունների ցանկը: Նշել, թե որ միջոցառումը որ տարում համայնքային բյուջեից որքան ֆինանսավորում է ստացել, ի՞նչ կարգով է ընտրվել միջոցառումն իրականացնող կազմակերպությունը:
Խնդրել էինք տրամադրել նաեւ 2013-2019թթ.-ին համայնքային բյուջեից աջակցություն ստացած հասարակական կազմակերպությունների ցանկը: Նշել, թե ինչ նպատակով են տրամադրվել գումարները, համագործակցության համար ամեն տարի քանի հասարակական կազմակերպություն է դիմում քաղաքապետարան եւ քանիսն են ստանում դրական արձագանք:
Հնգօրյա ժամկետը սպառվելուց հետո՝ 2019թ.-ի դեկտեմբերի 3-ին, քաղաքապետարանից տեղեկացնում են, որ կպատասխանեն 30-օրյա ժամկետում՝ կապված պահանջվող տեղեկատվության մեծ ծավալի հետ: Նման պատասխանը ենթադրում էր, որ համապատասխան բաժինները փորձելու էին մեկ ամսվա ընթացքում ապահովել 7 տարիների ողջ տեղեկատվությունը, սակայն ժամկետների խախտմամբ՝ 2020թ.-ի հունվարի 20-ին ուղարկված պատասխանը թերի էր: Քաղաքապետարանը տրամադրել էր միայն 2017-2019թթ.-ին վերաբերող տեղեկատվությունը՝ պատճառաբանելով, թե 2013-2016թթ.-ի տեղեկատվությունը արխիվացված է:
Եվ այսպես, ըստ Գյումրու քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության, անցած 3 տարիներին ո՞ր հասարակական կազմակերպություններն են ստացել գումարային աջակցություն եւ ի՞նչ նպատակով:
2017թ.-ին ավագանու հաստատմամբ 200 հազար դրամ է տրամադրվել «ԱՌՏ» երիտասարդական, բնապահպանական եւ խորհրդատվական ՀԿ-ին( նախագահ Գոռ Թորոսյան) Վորլդ Վիժն Շիրակի մարզի տարածքային ծրագրի հետ համատեղ հուլիս ամսին վրանային ճամբար կազմակերպելու նպատակով: «ԱՌՏ» հասարակական կազմակերպությունը նույն թվականին եւս մեկ նվիրատվություն է ստացել՝ 250 հազար դրամի չափով՝ «Երիտասարդ Գյումրի» ծրագրի իրականացման համար: 2019թ-ին «ԱՌՏ» ՀԿ-ն կրկին դիմել է համայնքապետարան եւ ստացել 200 հազար դրամ գումար, սակայն ոչ թե բակային ճամբար կազմակերպելու, այլ գույք ձեռք բերելու նպատակով:
«Արմինե» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը կարելի է ասել, մշտական դիմումատուներից է: Երեք տարիներին էլ հատկացված գումարի չափը եղել է նույնը՝ տարեկան 240 հազար դրամ: Կազմակերպությունը համայնքից նվիրատվությունը ստացել է հունվարից դեկտեմբեր՝ ամիսը 20 հազար դրամ չափաբաժնով:
Գյումրու «ՄԷԿ` Մակութային էքսպերիմենտալ կենտրոն» հասարակական կազմակերպությանը համայնքային բյուջեից 2017թ.-ին տրամադրած գումարը կազմել է 914 հազար 950 դրամ: Ավագանու որոշման մեջ նշված է. «Գյումրու ՄԷԿ Մակութային էքսպերիմենտալ կենտրոն» ՀԿ-ին հատկացնել 1 մլն դրամ, «Քանդակագործության Գյումրու 3-րդ միջազգային սիմպոզիում» ծրագրի համար ծախսեր կատարելու նպատակով»: Նույն կազմակերպությունը 2019թ.-ին եւս ֆինանսավորվել է նույնատիպ հայտի հիման վրա:
ՀԿ-ն դիմել է Գյումրու ավագանուն եւ ստացել կրկին մեկ միլիոն դրամ «Քանդակագործության Գյումրու 4-րդ միջազգային սիմպոզիում» ծրագիրն իրականացնելու նպատակով: Եթե քաղաքապետարանը տրամադրեր նաեւ 2013-2016թթ-ի տեղեկատվությունը, ապա հնարավոր կլիներ պարզել, թե նախորդ տարիների համագործակցությունը ինչ գումարի սահմաններում է եղել «ՄԷԿ` Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» ՀԿ-ի եւ ՏԻՄ-ի միջեւ: Նշենք, որ կազմակերպությունը սիմպոզիումի ծրագիրն առաջին անգամ իրականացրել է 2013թ-ին:
«Մուշ զարգացման կենտրոն» ՀԿ-ն 2017թ.-ին Գյումրու համայնքային բյուջեից 2017թ.-ին ֆինանսավորվել է 6 մլն 262 հազար դրամի չափով` Մուշ-2 թաղամասում գործող մանկական զարգացման կենտրոնի 2017թ.-ի առաջին եռամսյակի ծախսերը մասնակի փոխհատուցելու համար: 2015թ.-ի հոկտեմբերի 1-ին «Վորլդ Վիժն Ինթերնեշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, Գյումրու քաղաքապետարանի եւ «Մուշ զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության միջեւ կնքվել է եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որի հիման վրա էլ ավագանին որոշում է կայացրել:
2018թ.-ի համար «Մուշ զարգացման կենտրոն» ՀԿ-ն մանկական կենտրոնի տարեկան ծախսերը հոգալու նպատակով դիմել եւ համայնքից ստացել է 8 մլն 445 հազար դրամ: Եթե հաշվի առնենք, որ փոխըմբռնման եռակողմ հուշագիրը կնքվել է 2015թ.-ին, ապա կազմակերպությունը ամենայն հավանականությամբ գումար է ստացել նաեւ նույն տարվա եւ 2016թ-ի համար: 2019թ.-ի համար քաղաքապետարանը տվյալներ չի տրամադրել:
Բավականին սերտ համագործակցություն կա քաղաքապետարանի եւ «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության միջեւ: 2017թ.-ին կազմակերպությունը դիմել եւ համայնքի բյուջեից իբրեւ նվիրատվություն է ստացել 1 մլն 200 հազար դրամ 2017-2018թթ.-ի ձմռան ընթացքում համայնքի 400 կարիքավոր ծերերի ջեռուցման ծախսերը հոգալու նպատակով: 2018թ. եւ 2019թ-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության դիմումի բովանդակությունը նույնն է մնացել, պահանջվող գումարը եւ աջակցություն ստացողների թիվն եւս այս 3 տարիների ընթացքում չի փոփոխվել:
«Իմպրոռիթմ» մշակութային հասարակական կազմակերպությունը, որ պատկանում էր կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին ղեկավար Կարինե Ավդալյանին, «Վերածնունդ» միջազգային փառատոնի անցկացման նպատակով 2017թ. դիմել եւ համայնքային բյուջեից ստացել է 5 մլն դրամ: 2018թ. նույն կազմակերպությունը, նույն միջոցառման անցկացման ծախսերի հետ կապված դարձյալ ստացել է 5 մլն դրամ: 2019թ-ին, արդեն հայտնի դեպքերի հետ կապված (իշխանափոխություն, քրեական գործի հարուցում Կարինե Ավդալյանի նկատմամբ, փառատոնի չեղարկում) «Իմպրոռիթմ» մշակութային հասարակական կազմակերպությունից Գյումրու քաղաքապետարանը դիմում չի ստացել:
ԵՆԿ-ն՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, ավագանու որոշմամբ 2019թ.-ին 600 հազար դրամ է ստացել օգոստոսի 12-ին երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների կազմակերպման եւ իրականացման համար: Նույն աշխատանքների համար կազմակերպությունը 2017-ին բյուջեից ստացել է 200 հազար դրամ: 2018թ.-ին հասարակական կազմակերպության անունը՝ որպես երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումների կազմակերպիչ, նշված է քաղաքապետարանի մշակույթի բաժնի տրամադրած ցանկում, սակայն, թե որքան գումար է ստացել ՀԿ-ն՝ բացակայում է:
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն օգոստոսի 12-ին նվիրված համաքաղաքային միջոցառումներ իրականացրել է նաեւ 2015- 2016թթ-ին, սակայն քաղաքապետարանը այս տարիներին վերաբերող տեղեկատվություն չի տրամադրել: Ի դեպ, 2019թ.-ին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն եւ Գյումրու քաղաքապետարանը կնքել են փոխըմբռնման հուշագիր, որով համայնքապետարանը պարտավորվում է վճարել տարեկան 600 հազար դրամ՝ որպես «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի պահպանման ծախսեր: Նշված կենտրոնը ստեղծվել է 2 տարի առաջ եւ գործում է ԵՆԿ-ի ենթակայության ներքո: Հուշագիրը գործելու է մինչեւ 2027թ., եթե կողմերից որեւէ մեկը չորոշի այն վաղաժամկետ լուծարել:
Գյումրիում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների թիվը տատանվում է 30-ից 40-ի սահմաններում, թեպետ պաշտոնապես գրանցվածների թիվն ավելի մեծ է: ՏԻՄ-ի հետ համագործակցող ՀԿ-ների թիվը, ըստ քաղաքապետարանի տրամադրած տվյալների, տատանվում է 5-ից 7-ի սահմաններում: Թերեւս ամենաակտիվն, ըստ երեք տարիների տրամադրած տեղեկատվության վերլուծության, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն է:
Այս կազմակերպության անունը կարելի է հանդիպել նաեւ մի շարք այլ միջոցառումների ցանկում, օրինակ՝ 2018թ.-ի ապրիլին Սբ. Զատիկի տոնի միջոցառման անցկացում Կենտրոնական հրապարակում, որի համար տրամադրվել է 300 հազար դրամ, Երիտասարդների համերաշխության օր (գումար նշված չէ), Կամավորների միջազգային օր (գումար նշված չէ), Գյումրու օր տոնակատարության համար 2019թ.-ին ծախսվել է 8 մլն դրամ, որից 500 հազար դրամը հատկացվել է ԵՆԿ-ին եւ ուսանողական խորհուրդներին՝ համաքաղաքային միջոցառումների համար, սակայն չկա հստակ տարանջատում ո՛չ գումարի, ո՛չ միջոցառումների:
Գյումրու քաղաքապետարանից ստացած տեղեկատվության համաձայն՝ 2018թ.-ին 200 հազար դրամ է հատկացվել «Ավանսեն ֆրանկոֆոն երիտասարդական թատերական ասոցացիա» ՀԿ-ին, որը Գյումրիում գործունեություն չի ծավալում: «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ-ին էլ 2019թ.-ին տրամադրվել է 1 մլն դրամ գյումրեցի քանդակագործ Զավեն Կոշտոյանի պատկերագրքի տպագրության համար:
Հգ. Քանի որ Գյումրու քաղաքապետարանից ստացած պատասխանը թերի էր, բարձրացված մյուս հարցերին եւ արխիվացված տեղեկատվությանը կանդրադառնանք կրկնակի հարցումից հետո:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել